Պետք է պետական մարմինների հետ քննարկումներ լինեն և բացօթյա սրճարաններում որևէ կարգավորմամբ թույլատրվի ծխելը. «Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն
Մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Այդ օրվանից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ենթակետով նախատեսված դրույթը:
Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150․000-200․000 դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50․000 դրամ: Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից:
«Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը կարծում է, որ որոշակի փոփոխություններ պետք է արվեն, լինի անցումային ժամանակահատված և բացօթյա տարածքում ծխելը թույլատրվի:
«Փակ տարածքների հետ կապված մեր դիրքորոշումը վաղուց հայտնել ենք, համաձայն ենք, որ այդտեղ ծխելն արգելվի: Մոտ երկու տարի առաջ, երբ օրենքը քննարկվում էր, ինքներս էլ էինք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Այսինքն, փակ տարածքներում կար ծխողների և չծխողների սրահ: Մենք աշխարհի մի մասն ենք, ու գաստրոնոմիական բիզնեսում էլ աշխարհը գնաց նրան, որ փակ տարածքներում ծխելն արգելվեց: Բայց այստեղ խնդիրը բացօթյա տարածքի մասին է, այսինքն՝ բացօթյա սրճարանների: Պետք է պետական մարմինների հետ քննարկումներ լինեն և բացօթյա սրճարաններում որևէ կարգավորմամբ թույլատրվի ծխելը. միգուցե լինեն տարբեր հատվածներ: Մեր խնդիրը ծխելը խրախուսելը չէ, բայց կան սրճարանային բիզնեսներ, որոնք երկարաժամկետ ներդրումներ են արել՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ Երևանը բավականին հարուստ քաղաք է եղել, ու այդ մշակույթը կա: Եվ բնական է, որ սրճարանն ասոցիացվել է ծխելու հնարավորության հետ: Դրա համար ասում ենք, որ բացօթյա տարածքներում ծխելը որոշակի կարգավորումներով, որոնք կարելի է քննարկել, Առողջապահության նախարարության, կառավարության հետ, դեռևս մնա: Գուցե լինի անցումային ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրենը:
Նա կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ այս օրենքը հավասար գործի, չդառնա միայն Երևանի կենտրոնի կամ կենտրոնին մոտ հատվածների համար:
Ինչ վերաբերում է մասնագիտացված սրահներին՝ նարգիլե ակումբներ և այլն, ապա նրանք ևս ժամանակին ներդրումներ են կատարել:
«Մեր դիրքորոշումը մոտավոր այսպիսին է՝ պետք է կարգավորվի, կա ձևաչափի խնդիր. միգուցե այդտեղ լինի առանց սննդի մատուցման տարբերակը: Սա քննարկում ենք մեր գործընկերների հետ, և գուցե այդ կարգավորումը մեղմի տնտեսական հետևանքը: Այսինքն, լինի միայն նարգիլե մատուցելու սրահ, ու մարդիկ իմանան, որ դա սննդի տեղ չէ, նարգիլե ծխելու տեղ է: Միգուցե ռեստորանը, որը նման ուղղվածություն է ունեցել, իր տարածքում առանձին նարգիլե սրահ ունենա: Արևելյան շատ երկրներում, օրինակ, առանձնացված է գործում. մարդն ինչ-որ մի տեղ ճաշում է, կողքի սրահը նոր նարգիլե ծխելու համար է»,- նշեց Վահե Գևորգյանը:
Ավելի վաղ զրուցել էինք նաև «Նարգիլե սիրողների միության» համակարգող Ժորա Փանոսյանի հետ, ում կարծիքով ևս՝ օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն կա:
«Մենք հասարակական կազմակերպություն ենք բացել՝ «Նարգիլեի գործարար համագործակցության» միություն, որն արդեն 1000 հոգուց ավելի անդամ ունի: Ներկայացրել ենք առաջարկներ՝ տարբեր պատգամավորներ զբաղվում են: Չգիտենք, թե փոփոխությունները երբ կարվեն: Իրենց դիրքորոշումը սա է եղել՝ օրենքը թող ընդունվի, կտեսնենք, թե ինչ խնդիրներ են առաջ գալիս, փորձենք լուծել: Մենք առաջարկել ենք սնունդը մեզ մոտից հանել, խոհանոցները փակել, առանձին լիցենզիա տալ, որ հանրային սննդի օբյեկտ չհամարվենք, այլ փակ ակումբ՝ նարգիլեի սիրահարների համար»,- 168.am-ի հետ զրույցում նշել էր Ժորա Փանոսյանը՝ հավելելով, որ նախկինում քննարկումներ եղել են, ոչ մի փոփոխություն չի արվել, իսկ հիմա աշխատում են այնպես, ինչպես նախկինում: