«Մենք առաջարկել ենք սնունդը մեզ մոտից հանել, խոհանոցները փակել, առանձին լիցենզիա տալ, որ հանրային սննդի օբյեկտ չհամարվենք». Նարգիլե մատուցողների առաջարկը
Մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Այդ օրվանից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը:
Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150․000-200․000 դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50․000 դրամ: Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից:
«Նարգիլե սիրողների միության» համակարգող Ժորա Փանոսյանի փոխանցմամբ՝ օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն կա:
«Մենք հասարակական կազմակերպություն ենք բացել՝ «Նարգիլեի գործարար համագործակցության» միություն, որն արդեն 1000 հոգուց ավելի անդամ ունի: Ներկայացրել ենք առաջարկներ՝ տարբեր պատգամավորներ զբաղվում են: Չգիտենք, թե փոփոխությունները երբ կարվեն: Իրենց դիրքորոշումը սա է եղել՝ օրենքը թող ընդունվի, կտեսնենք, թե ինչ խնդիրներ են առաջ գալիս, փորձենք լուծել: Մենք առաջարկել ենք սնունդը մեզ մոտից հանել, խոհանոցները փակել, առանձին լիցենզիա տալ, որ հանրային սննդի օբյեկտ չհամարվենք, այլ փակ ակումբ՝ նարգիլեի սիրահարների համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ժորա Փանոսյանը՝ հավելելով, որ նախկինում քննարկումներ եղել են, ոչ մի փոփոխություն չի արվել, իսկ հիմա աշխատում են այնպես, ինչպես նախկինում:
«Մոխրամանները հավաքել ենք՝ չեն ծխում, բայց նարգիլե ծխում են: Ամենաշատ հաճախորդները հայեր են, ռուսներ: Որոշ հանրային օբյեկտներն էլ, որոնցից մեկը սուշի ուտելու տեղ է, մեկը արևելյան խոհանոցն է ներկայացնում, և ենթադրվում է, որ նարգիլեն պետք է լինի իրենց մոտ, ուղղակի նարգիլեն են հանել, բայց շարունակում ենք պայքարել, որ առանձին սրահում թողնեն նարգիլե ծխել, որովհետև դրա բացակայությունն առևտրաշրջանառության վրա ահավոր ազդում է»,- ասաց Ժորա Փանոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ մի քանի հոգի եղել են՝ կորոնավիրուսի, պատերազմի ժամանակ փակել են օբյեկտներ, երբ օրենքը նոր էր:
Հիշեցնենք, որ 2017 թվականի վերջին ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել էր «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։
Օրինագծի համաձայն` առաջարկվում է արգելել ծխախոտային արտադրատեսակների, դրանց անալոգների և ծխախոտանյութի փոխարինիչի (այդ թվում` նարգիլեի) օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում, մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, բնության հատուկ պահպանվող տարածքներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց գործունեության տարածքներում, տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, օդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում, hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները), բազմաբնակարան շենքերի վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում, շենքերում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում, խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում: