«Ուսապարկերին հանձնարարել են, ասել են՝ գնացեք ու անընդհատ խոսեք այն մասին, որ մեզ համար քննարկելի է Արցախն Ադրբեջանի կազմում տարբերակը»․ Աննա Մկրտչյան
168.am-ի զրուցակիցն է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
– Տիկին Մկրտչյան, օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենց համար, ըստ էության, Ադրբեջանի ներկայացրած առաջարկների 5 կետերի մեջ անընդունելի բան չկա: Դուք ինչպե՞ս այս ամենը կմեկնաբանեք: Այդ առաջարկների մեջ կա՞ որևէ կետ, որն ընդդիմության համար ընդունելի է:
– Այդ 5 կետերը որևէ դեպքում առաջարկ չեն, դրանք թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրի իրագործման հերթական փուլն են, որը դրվել է մեր պետության առջև՝ որպես հերթական ստորագրման փաստաթուղթ: Ապացույցը նրա, որ Հայաստանը չունի արտգործնախարար և իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել մեր շահերը, հենց իր խոսքն է: Այսինքն՝ այն ուլտիմատումը, որը մեր առջև դրված է, ուզում եմ բացել այդ կետերը, դրանք են՝ Արցախի հետ գործ չունեք, Ադրբեջանին մոռանում եք, բանակ ունենալը մոռանում եք, նաև մոռանում եք տարածքային ամբողջականությունը և մեզ համար դառնում եք տրանսպորտային ենթակառուցվածք՝ Թուրքիայի հետ կապն ավելի մատչելի ապահովելու համար: Վերջում էլ կարող է 6-րդ կետն ավելացնեն ու ներկայացնեն որպես մեծ ձեռքբերում ու ասեն, որ՝ դուք՝ ձեր բնակչությամբ, կդառնաք մեզ սպասարկող անձնակազմը:
Ինչպե՞ս կարող է երկրի արտգործնախարարը կանգնել ու ասել, որ խնդիր չի տեսնում, օրինակ, այն կետի հետ, որ պետությունն ամբողջությամբ դառնալու է տրանսպորտային հանգույց: Այսինքն՝ մեր ամբողջ իղձերը, երազանքներ ու պետականություն կերտելու նպատակները եղել է այն, որ թուրքի ու ադրբեջանցու միջև երեք ասֆալտապատ ճանապարհ ունենա՞նք, չորս հատ էլ կամո՞ւրջ: Սրա՞ մասին ենք երազել, թե՞ ամբողջ կյանքում երազել ենք, որ ռուս հատուկ ծառայությունների կողմից այդ ճանապարհները հսկվեն, և հայաստանյան մարմինները չկարողանան գոնե խուզարկություն կամ քննչական գործողություն իրականացնել այդ ճանապարհներով անցնող քաղաքացիների կամ տրանսպորտային միջոցների նկատմամբ: Սա լավագույն ապացույցն է նրա, որ որևէ դեպքում այս մարդկանց հետ անելիքներ չկան: Այս մարդիկ մեզ չեն ասում՝ ժողովուրդ ջան, մեզ 5 կետ են ներկայացրել, եկեք, տեսնենք՝ ինչն է ընդունելի, ինչը՝ ոչ: Փոխարենը՝ իրենք մեր անունից հայտարարում են, որ մենք տոգորված ենք թուրքի հետ հարաբերություններ հաստատելու համար:
– Ի դեպ, պարզե՞լ եք, թե ինչ հարցումների հիման վրա էր Արարատ Միրզոյանը հայտարարում, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել:
– Չեմ պարզել, բայց իրենք իրենց իշխանությունը և լեգիտիմությունն այլևս կապում են միայն կառավարական դաչաներով: Երևի միայն կառավարությունում են հարցումներ անում, ԱԺ էլ գալիս են՝ իշխանական միջանցքում են հարցնում՝ լավ է, չէ՞, ամեն ինչ երկրում, պատասխանում են՝ իհարկե, պարգևավճարը տեղում է, պադավատը կա, ախրաննիկները տեղում են, ամեն ինչ իդեալական է, բան չունենք ասելու, թուրքերն ինչ առաջարկում են, բերեք արագ-արագ ստորագրենք, որ հանկարծ այս թվացյալ կայունությունը չխախտեն:
– Նույն այդ հանձնաժողովում Արարատ Միրզոյանը հստակ չասաց՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, նա ասաց, որ շատ բաներ չի կարող մանրամասնել: Սա դիվանագիտությո՞ւն էր, որպեսզի բանակցություններում խնդիրներ չլինեն, թե՞ նա կաշկանդված է որևէ բանով:
– Շատ հստակ կաշկանդվածություն ունեն, եթե նույնիսկ որևէ հայանպաստ գրավոր տեքստ հրապարակի այսօրվա Արտգործնախարարությունը կամ կառավարության որևէ օղակ, շատ հստակ «ուղիղ կապով» իրենց կզանգեն ու կասեն՝ բա մենք այսպես էինք պայմանավորվել: Նա ոչ միայն չի ասել, որ Ադրբեջանը երբեք չի կարող հավակնել Արցախն իր կազմում ընդգրկելուն, այլև այստեղ իրենց ուսապարկերին հանձնարարել են, և ես ունեմ հստակ հիմնավոր կասկած առ այն, որ այս մարդիկ ոչինչ հենց այնպես չեն ասում, և իրավունք չունենք նույնիսկ այդպես մտածելու: Այստեղ նստած են անդեմ և անկարծիք մարդիկ, ովքեր ինչ հաղորդագրություն ստանան, ավելի դյուրին այն պետք է ներկայացնեն հանրությանը: Հիմա այս մարդկանց ասել են՝ գնացեք ու անընդհատ խոսեք նրա մասին, որ մեզ համար քննարկելի է Արցախն Ադրբեջանի կազմում տարբերակը: Կամ՝ ապրիլյան հանձնաժողովի՝ Նիկոլ Փաշինյանի սրտի եզրակացություն գրողը հանձնարարություն կստանա ու կասի, որ արցախցին պետք է սովորի առանց ուտելիք ապրելու: Դրա համար այս մարդիկ ամեն ինչ անում են հնարավորինս հայ հանրությանը հիասթափեցնելու համար:
– Երեկ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ փակ նիստ էր ԱԺ-ում, որին մասնակցում էին արտգործնախարարը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անձամբ Դուք կարողացա՞ք որևէ հարցի կոնկրետ պատասխան ստանալ:
– Անկեղծ ասեմ՝ այդ նիստը որևէ օգտակարություն ու տեղեկացվածություն իր մեջ չէր պարունակում: Ոչ մի տրամաբանություն չկար իրենց ասածների ու նիստը փակ անելու մեջ: Իրենք մեզ հիմնավորում էին, թե փակ են անում, որ մեզ ավելին ասեն, բայց ավելի որևէ բան չեն ասել: Որևէ ընդդիմադիր պատգամավորի հարցի չեն պատասխանել: ՔՊ-ականները նույնիսկ իրենց Արարատ Միրզոյանին չէին լսում:
– Երեկ կրկին մամուլում գրվեց այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մեջ շարունակում է գործել «ուղիղ կապը», պատերազմից հետո այդ կապն օգտակարություն ունեցե՞լ է Հայաստանի համար:
– Շատ «օգտակար» բաներ է արել, օրինակ, Հայաստանի ղեկավարությունն ասել է, որ ՀՀ զինված ուժերն իբր թե կանգնած են ինչ-որ ադրբեջանական հողերի վրա: Հայաստանի այսօրվա իշխանազավթները հայտարարել են, որ Հայաստանում կան անկլավներ, որոնք պետք է վերադարձնել Ադրբեջանին: Օրինակ, այդ կապի միջոցով է մեր զորքը բանավոր հրամանի հիման վրա հետ քաշվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում