«Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի հայտարարությունների հետևանքները կատաստրոֆիկ են. բակում խաղացող երեխաներն օգտագործում են քաղաքական լոզունգներ». Արտյոմ Գեղամյան
«Մենք ապրում ենք այլ Հայաստանում, այսինքն՝ այն Հայաստանը, որ կար մինչև 44-օրյա պատերազմը, չկա այսօր: Ընդ որում, չկա նաև օբյեկտիվ չափանիշներով, մասնավորապես՝ տարածքային առումով, որովհետև մենք ունեինք 42 000 քմ տարածքով հայկական պետականություն, հիմա այն այլևս չկա: Մենք հիմա չգիտենք՝ որքան է կազմում մեր պետական տարածքը, որովհետև գործընթացներ են ընթանում, իսկ հանրությունը դրա մասին տեղյակ չի պահվում»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արտյոմ Գեղամյանը:
Բացի դրանից, ըստ պատգամավորի թեկնածուի, էապես թուլացած է հայկական բանակը, և դրա արդյունքում ՀՀ-ն այլևս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, և սա նշանակում է, որ ՀՀ-ն կորցրել է այս տարածաշրջանում «փոքր ուժ» լինելու գործոնը:
«Դրանք այն պետություններն են, որոնցից տարածաշրջանում կախված են որոշակի գործոններ: ՀՀ-ն կորցրել է այդ գործոնը լինելու կարգավիճակը: Սա հետևանք է ունենում ՀՀ ինքնիշխանության և մասնավորապես արտաքին հարաբերություններով հանդես գալու հարցերում»,- ասաց Արտյոմ Գեղամյանը:
Վերջինիս խոսքով՝ այս առումով անհավանական ծավալի աշխատանք են կատարում ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, բայց այս աշխատանքները պետք է ամրագրվեն քաղաքական հենքով:
«Մենք չունենք Արտաքին գործերի նախարարություն, և մեր կառավարությունը և նրա ղեկավարը այնքան ապաշնորհ գտնվեցին, որ չկարողացան մեր արտգործնախարարին համոզել սպասել մինչև ընտրություններ: ՀՀ-ն ոչ միայն զրկված է արտաքին հարաբերություններում ինքնուրույն, իր դեմքով հանդես գալու հնարավորությունից, այլև չունենք արտգործնախարար»,- ասաց պատգամավորի իրավաբան թեկնածուն՝ հավելելով, որ այս պահին Հայաստանը հանդիսանում է զինված հարձակման զոհ, բայց այս մարդկանց խումբը, որը կառավարություն է կոչվում, ի վիճակի չէ լուծել պետության առջև ծառացած խնդիրները:
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից առաջ քաշված սահմանագծումների ու Արցախի հարցի իրավական լուծման խնդիրներին, Արտյոմ Գեղամյանը պնդում է՝ ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումները չեն կարող պետական սահմանների սահմանագծման հիմք հանդիսանալ:
«Վերջին 3 տարիների ընթացքում բանակցային գործընթացը դուրս բերվեց միջազգային հիմնարար սկզբունքների տրամաբանությունից, այն է՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում: Այն հայտարարությունները, որոնք հնչեցվեցին ՀՀ ղեկավարի կողմից, օրինակ՝ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի 3 ժողովուրդների կողմից, խոսում է մեկ բանի մասին՝ կամ մարդը բան չի հասկանում, կամ դրանք արվում են նպատակային: Սա իմանալու համար պետք է ստեղծվի պատերազմի արդյունքները քննող պարիտետային հանձնաժողով»,- ասաց Արտյոմ Գեղամյանը:
Վերջինս նշում է՝ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարց, և ՀՀ-ն Ադրբեջանի հետ չունի տարածքային ամբողջականության հարց այն համատեքստում, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել:
«ԼՂԻՄ-ը Խորհրդային Միությունից անկախացել է իր սահմաններով, երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և սրա մասին են 1994թ. ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Այդ բանաձևերը խոսում են հայկական տեղական, ոչ թե ՀՀ զորքերի մասին, և, ինչը շատ կարևոր է, դրանք չեն քննադատում Արցախի անկախությունն ու անկախության հռչակագիրը»,- նկատեց ԼՀԿ պատգամավորի թեկնածուն:
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի վարած քարոզարշավի մասին հարցին՝ Արտյոմ Գեղամյանն ասաց՝ ես դրա ի՞նչը մեկնաբանեմ:
«ԼՀԿ-ն բացառել է ատելության խոսքը և հայհոյանքը ընտրական գործընթացներից: Դրանք ունենում են երկարաժամկետ հետևանքներ: Բակում խաղացող երեխաներն օգտագործում են քաղաքական լոզունգներ, այրում են կուսակցությունների քարոզչական նյութերը: Եթե 10-14 տարեկան երեխան, այլ զբաղվածության փոխարեն, քաղաքական հետաքրքրություն ունի, ուրեմն մենք մեծ վնաս ենք հասցրել այս սերնդի մտածողությանը: Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի հայտարարությունների հետևանքները կատաստրոֆիկ են»,- ասաց Արտյոմ Գեղամյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում