«Չեմ ուզում շատ բաներ ասել, որոնք ավելի շատ կարող են այս գործընթացներին վնասեն». Սիսակ Գաբրիելյանը՝ Արցախ քիչ այցելելու մասին
Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ և Արցախի ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովների համատեղ նիստը, երկօրյա նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն անդրադարձել են ոլորտային խնդիրներին, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային արժեքների պահպանության հարցերին։
Նիստի ավարտից հետո, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե արտառոց որևէ բան են արել. նման համատեղ նիստեր տեղի են ունեցել նաև 5 կամ 10 տարի առաջ։
«Ուրախ եմ, որ այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ մեր համատեղ նիստը, բնականաբար, երկրորդ համատեղ նիստը տեղի կունենա Արցախում։ Սա ֆորմալ մասն է, բայց ոչ ֆորմալ հանդիպումներ, քննարկումներ, բնականաբար, լինում են»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը։
Հարցին՝ ՀՀ պաշտոնյաների այցերն Արցախ նվազել են, ինչո՞ւ, և ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը կգնա՞ Արցախ, Սիսակ Գաբրիելյանը նախ պատասխանեց, որ Վ. Խաչատուրյանը դասավանդում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում։
«Երեկ Արցախի մեր գործընկերների հետ նախագահի հետ հանդիպման էինք, նա ցանկություն հայտնեց շարունակել այդ աշխատանքը։ Մեր Սահմանադրությունն արգելում է ՀՀ նախագահին գիտական կամ ստեղծագործական աշխատանքով զբաղվել։ Ինքս այս ընթացքում եղել եմ Արցախում, անգամ փակ հանդիպումների ընթացքում շատ ավելի փակ զրույցներ են տեղի ունեցել։ Երիտասարդների հետ վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերին, եթե անկեղծ լինենք, իրենք շատ լավ հասկանում են իրավիճակը, գիտակցում են՝ մի բան է՝ հրապարակայնությունը, մեկ այլ բան՝ իրականությունը։ Չեմ ուզում շատ բաներ ասել, որոնք ավելի շատ կարող են այս գործընթացներին վնասեն։ Եթե դիվանագիտորեն պատասխանեմ, ապա համաձայն չեմ ձեզ հետ, որ հայաստանցի պաշտոնյաներ չեն լինում Արցախում»,- հավելեց Սիսակ Գաբրիելյանը։
Ի դեպ, հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 124 հոդվածի 4-րդ կետում հստակ ամրագրված է՝ «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք», այսինքն՝ հանրապետության նախագահին արգելված չէ զբաղվել գիտական կամ ստեղծագործական աշխատանքով :
Իսկ ՔՊ խմբակցության պատգամավորը շարունակելով միտքը՝ ընդգծեց, որ Արցախի հետ կապերը չեն խզվել, գուցե տեսանելի դաշտում այդ ամենը չկա, իսկ մնացածի վերաբերյալ շատ բաներ չի կարող ասել։
«Այսօր մեր հանրությանը շատ ավելի հետաքրքիր է, որպեսզի սահմանները լինեն ապահով, երկիրը լինի անվտանգ, քան թե լինեն լուսանկարներ, տեսանյութեր, բայց դրան զուգահեռ՝ լինեն կրակոցներ»,- եզրափակեց Սիսակ Գաբրիելյանը։