Ռուսաստանից մոտ 50.000 մարդ տեղափոխվել է Հայաստան. առաջին անգամ ականատես ենք լինում բիզնես էմիգրացիայի. Մարաշլյան

Որպեսզի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված քաղաքացիների համար մեր երկիրը դառնա հաբ և ոչ թե լոկ տրանզիտ անվտանգ տարածք, առավել ակտիվ պետք է լինի հատկապես մասնավոր հատվածը, որովհետև պետության մակարդակով տեսանելի ակտիվությունը կարող է Հայաստանին կանգնեցնել նաև որոշակի պատժամիջոցների առաջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանը՝ շեշտելով.

«Առաջին անգամ Հայաստանում ականատես ենք լինում որակյալ բիզնես էմիգրացիայի. խոսքը գնում է 40-50 հազար մարդու մասին, որոնք  իրենց բիզնեսը Հայաստան են տեղափոխվել: Խոսքը գնում է հիմնականում բարձր տեխնոլոգիական և հարակից ոլորտների մասին։ ՀՀ տեղափոխվածները բախվում են բնակարան գտնելու, ինչպես նաև աշխատանքային միջավայրի փնտրտուքի, Հայաստանում կարգավիճակ ստանալու, բանկային գործարքների և ինտեգրման հետ կապված տարատեսակ խնդիրների հետ։

Այս խնդիրների լուծման հարցում հիմնական շեշտադրումը պետք է, սակայն, դրվի մասնավորի վրա, որովհետև եթե Արևմուտքը զգաց, որ Հայաստանի գործողությունների միջոցով ՌԴ-ի վրա պատժամիջոցների ազդեցությունը թուլանում է, կարող է մեր նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառել, մյուս կողմից՝ Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ, որ հատկապես ՏՏ ոլորտի ընկերությունները տեղափոխվում են Հայաստան»։

Նրա խոսքով՝ այս խնդիրները լուծելու համար Արտաքին գործերի նախարարությունը պետք է աշխատի հինգ երկրի դեսպանատների հետ ՝ամենօրյա ռեժիմով, որպեսզի այս գործընթացն ընդունելի լինի հակամարտող կողմերի համար։

«Մենք պետք է կարողանանք Հայաստանը դարձնել ճիշտ կամուրջ, որ Հայաստանն ընդունելի լինի և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի համար այստեղ տեղափոխվող բիզնեսների ծավալման ու գործունեության հարցում։ Այստեղ է, որ բացառիկ դեր կարող է ունենալ մեր սփյուռքը, որն ունի լծակներ, ուստի հիմա դա պետք է օգտագործել»,- ասաց Մարաշլյանը։

Նրա փոխանցմամբ՝ պետությունը, զգուշավորություն ցուցաբերելուց զատ, սակայն, Ռուսաստանից տեղափոխվող բիզնեսները Հայաստանում պահպանելու համար պարտավոր է աջակցություն ցուցաբերել, օրինակ՝ ստեղծել այս բիզնեսների գործունեության համար պայմաններ՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ այլ ավելի ակտիվ քաղաքներում՝ Գյումրի, Դիլիջան և այլն՝ լուծելով դրանց հետ կապված խնդիրների իր մասը, մասնավորապես՝ լուծի, օրինակ, Հայաստան տեղափոխվողների կարգավիճակ ստանալու հարցը՝ մեկ պատուհանի սկզբունքով։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031