«Թանկ փողերի քաղաքականության էֆեկտով սա ենթադրում է կապիտալի «փախուստ» տնտեսութունից դեպի բանկեր»․ Լիլիա Ամիրխանյան
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԿԲ-ն կրկին բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 1,25 %-ով՝ դարձնելով 9,25%: Ցուցանիշը բավական բարձր է:
Թանկ փողերի քաղաքականության էֆեկտով սա ենթադրում է կապիտալի «փախուստ» տնտեսութունից դեպի բանկեր: Մյուս կողմից թանկ փողը զսպում է սպառումը: Բայց այդպիսով ճնշման ներքո հայտնվում է նաև տնտեսությունը, որովհետև փողը թանկանում է նաև բիզնեսի համար, ինչը տնտեսական աշխուժության ու աճի տեսանկյունից, դրական միտում չէ:
ԿԲ-ի նպատակն ակնհայտ է՝ գների հետագա աճի ճնշումը: Կառույցն անում է այն, ինչ պետք է անի: Դա անում էր նաև ողջ 2021թ.-ի ընթացքում: Այս գործողության «արդյունավետությունը» դրսևորվեց անընդհատ սպառողական ապրանքների երկնիշ գնաճի տեսքով:
Հնարավոր է, որ ինչպես ԿԲ-ն է հավաստիացնում, եթե չլինեին այդ գործողությունները, գնաճն ավելի բարձր մակարդակի վրա լիներ, բայց անվիճելի է, որ դրանք կլինեին շատ ավելի արդյունավետ, եթե ԿԲ-ն մենակ չմնար գնաճի խնդրի հետ: Բայց ունենք այն, ինչ ունենք, իսկ այսօր արդեն ունենք շատ ավելի բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույք, հետևաբար՝ տնտեսության համար նոր խոչընդոտներ:
Իհարկե, ԿԲ-ն խորհրդի նիստում կմանրամասնի գործողությունից ակնկալիքներն ու այդ որոշման պատճառները: Բայց ակնհայտ է, որ ո՛չ ներկա իրավիճակը, ո՛չ միտումները և ո՛չ էլ արտաքին ազդակները առանձնապես լավատեսության հիմքեր չունեն:
Ազգային տնտեսության մակարդակով շարունակում է գերակայել ճգնաժամային արդյունավետ կառավարման բացակայության խնդիրը, արտաքին ազդակների մասով՝ ստանում ենք նորանոր բացասական մեսիջներ:
Օրինակ, այսօր արդեն ասիական գրեթե բոլոր ֆինանսական շուկաներն են անկումներ գրանցել: Որպես առանցքային պատճառ, անշուշտ, ռուս-ուկրաինական պատերազմն է, ինչի արդյունքում արդեն իսկ գրեթե բոլոր շուկաներում առաջացել են լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ, բայց այդ շուկաներում այսօրվա անկման պատճառներից մեկն էլ Չինաստանում Քովիդի նոր բռնկումներն են…
Արտաքին աշխարհից ստացվող շարունակական բացասական ազդակների ֆոնին կրկին ու կրկին վերահաստատվում է հմուտ, բանիմաց, ճկուն, հեռատես պետական կառավարում ունենալու անհետաձգելի անհրաժեշտությունը»: