«Եթե նույնիսկ թշնամին զինտեխնիկա կուտակի, մեր գյուղից այդ ամենը չենք կարողանա տեսնել». Խնապատի գյուղապետ

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ թշնամին ցուցադրաբար Արցախի գյուղերի հարևանությամբ կուտակել է ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ շարունակ թշնամին տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակել Արցախի տարբեր գյուղերի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել են այգիներ, գյուղատնտեսական նշանակության տեխնիկա, և Խրամորթի բնակիչներից մեկը վիրավորվել էր։

168.amի հետ զրույցում Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանն ասաց, որ չորս օր է՝ գյուղում իրավիճակը հանգիստ է, թշնամին չի կրակել։

«Եթե նույնիսկ թշնամին զինտեխնիկա կուտակի իր զբաղեցրած դիրքերում, մեր գյուղից այդ ամենը չենք կարողանա տեսնել։ Դիրքերին ավելի մոտ գյուղերից տեսանելի կլինի։ Փառք Աստծո, այս պահին իրավիճակը խաղաղ է»,- նշեց Խնապատի գյուղապետը։

Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը 168.am-ին փոխանցեց, որ երեք օր է, գյուղի ուղղությամբ որևէ կրակոց չի հնչել, առայժմ իրավիճակը հանգիստ է։

«Զինտեխնիկայի տեղաշարժ կամ կուտակում մենք չենք նկատել, չգիտեմ՝ դիրքերում կանգնած տղաները նկատե՞լ են, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունքներին, ապա դրա մասին առայժմ որևէ բան ես չեմ կարող ասել»,- եզրափակեց Զորիկ Աբրահամյանը։

Նշենք, որ այսօր, ըստ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության, մարտի 13-ի լույս 14-ի գիշերը օպերատիվ-մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել:

Տեսանյութեր

Լրահոս