Կենտրոնական բանկի տարադրամային պահուստները պակասել են. ի՞նչ դեր է ունեցել դրանում դրամի արժեզրկումը  

Տարեսկզբին Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային պահուստները կրճատվել են. 2 ամսում՝ ավելի քան 202 մլն դոլարով։ Եթե անցած տարվա վերջին ԿԲ-ն ուներ 3 մլրդ 214 մլն դոլարի տարադրամային ռեզերվներ, ապա այս տարվա փետրվարի վերջին դրանք կազմել են 3 մլրդ 12 մլն դոլար։

Պահուստները, իհարկե, ամբողջությամբ արտարժույթով չեն, բայց գերակշիռ մասն այդպիսին է։

Կենտրոնական բանկի պահուստները կրճատվել են՝ ինչպես հունվարին, այնպես էլ՝ փետրվարին։ Ընդ որում, փետրվարին ավելի շատ, քան հունվարին։

Հունվարին պահուստները նվազել են 76 միլիոն, փետրվարին՝ 126 մլն դոլարով։ Կենտրոնական բանկի պահուստների այս նվազումը, իհարկե, քիչ կապ ունի վերջին շրջանում արժութային շուկայում տեղի ունեցող տարադրամային ճնշման ակտիվացման հետ։

Ինչպես հայտնի է, այդ երևույթը սկսեց նկատվել փետրվարի վերջին, երբ իրավիճակը ֆինանսական շուկայում սկսեց լարվել ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով ձևավորված բացասական սպասումների պատճառով։ Չի բացառվում, որ այդ սպասումները խարսխելու նպատակով Կենտրոնական բանկը նաև որոշակի քանակությամբ տարադրամ է ներարկել շուկա։ Բայց սա ենթադրություն է, որը պաշտոնապես հաստատված չէ. հնարավոր է՝ նման ներարկումներ արվել են, հնարավոր է և՝ չեն արվել։

Միանշանակ է, որ վերջին 1-2 տարիներին Կենտրոնական բանկն իրեն առավելագույնս հեռու է պահում արժութային շուկայում տարադրամային ներարկումներ անելուց։ Հատկապես, երբ շուկայում տեղի ունեցող պրոցեսներն ավելի շատ ձևավորված բացասական սպասումների հետ են կապված լինում։

Տարվա սկզբին Կենտրոնական բանկի տարադրամային պահուստների կրճատումը, ըստ ամենայնի, ավելի շուտ պայմանավորված է եղել արտաքին պարտավորությունների սպասարկմամբ։

Խոսքը ինչպես՝ պարտքային պարտավորությունների, այնպես էլ՝ արտաքին առևտրի ֆինանսավորման մասին է։

Տարեսկզբին, այլ պարտավորություններից բացի, Հայաստանը բավական խոշոր սպասարկում է կատարել նաև եվրոպարտատոմսերի դիմաց։

Հիշեցնենք, որ անցած տարվա սկզբին կառավարությունը հերթական ներգրավումը կատարեց տարադրամային պարտատոմսերի թողարկման արդյունքում։ Ներգրավված գումարը կազմեց 750 մլն դոլար։

Այն, որ այսօր ԿԲ պահուստները գտնվում են համեմատաբար բարձր դիրքում, էական դեր են ունեցել հենց այդ պարտատոմսերի արդյունքում ստացված տարադրամային միջոցները։

Եթե մինչ այդ Կենտրոնական բանկն ուներ 2,4 մլրդ դրամի պահուստ, ապա պարտատոմսերի թողարկումից հետո պահուստները միանգամից աճեցին՝ 2021թ. փետրվարի վերջին հասնելով 3 մլրդ 184 մլն դոլարի։

Այն ժամանակ պահուստների մակարդակն ավելի բարձր էր, քան այս տարվա փետրվարին։

Այս տարվա փետրվարին դրանք 172 միլիոնով զիջել են մեկ տարի առաջվա ցուցանիշը։

Իհարկե, դրանով հանդերձ, Կենտրոնական բանկը, մինչև ֆինանսական շուկաներում տեղի ունեցող վերջին ցնցումները, ուներ տարադրամային միջոցների բավական բարձր մակարդակ։ Այլ բան, թե հիմա դրանք ի՞նչ դիրքում են գտնվում։

Այս հարցի պատասխանը հնարավոր կլինի ստանալ ավելի ուշ, երբ կհրապարակվեն արտաքին պահուստների շարժերը մարտի ընթացքում։ Մեր արժութային շուկայում հենց մարտի սկզբին սկսվեցին ակտիվ զարգացումները, որոնք հանգեցրին ազգային արժույթի թուլացման։  Երկու շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը գերազանցեց 10 տոկոսը։ Ամերիկյան արժույթի գինն այդ ընթացքում բարձրացավ ավելի քան 45 կետով։

Վերջին տվյալներով՝ դոլարի փոխարժեքը տատանվում է 515-530 դրամի սահմաններում։

Արժեզրկումը պայմանավորված էր՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին գործոններով։

Ռուսաստանում տարադրամային հոսքերի կրճատումը, ռուբլու կտրուկ անկումը և տարադրամի նկատմամբ կիրառվող սահմանափակումները Հայաստանի արժութային շուկայում մեծացրել են արտարժույթի նկատմամբ դրսից թելադրված պահանջարկը։ Ռուսաստանի քաղաքացիների ակտիվ հոսքն իր հետ Հայաստան է բերում նաև ռուսական ռուբլի, որի մի մասը փոխարկվում է դոլարի։ Կան նաև տեղեկություններ, որ նրանք մեծ քանակությամբ դոլար են գնում Հայաստանում։

Այս պահին Հայաստանի արժութային շուկայում փոխարժեքներն այնպիսին են, որ ռուբլու փոխարկումը դրամի և դրամով դոլարի ձեռքբերումը գուցե և ձեռնտու է ռուբլով միջոցներ ունեցողների համար։ Հատկապես որ, ռուբլու հետագա արժեզրկման հավանականությունը շարունակում է բավական բարձր լինել։

Բայց դրամի թուլացումն աստիճանաբար բերելու է մի կետի, որ այլևս նպատակահարմար չի լինելու Հայաստանում ռուբլին վերածել դրամի և դոլար գնել։

Նշենք, որ այս պահին 1 դոլարը մեր արժութային շուկայում համարժեք է գրեթե 125-130 ռուբլու։

Սակայն չպետք է մոռանալ նաև այն, որ Ռուսաստանում կան սահմանափակումներ տարադրամ գնելու վրա, ինչը մեծացնում է ճնշումը Հայաստանի արժութային շուկայում։ Դրա հետևանքով հետաքրքրությունները Հայաստանում արտարժույթ ձեռք բերելու նկատմամբ առաջիկայում դեռ կպահպանվեն, նույնիսկ կարող են խորանալ։

Դրա դեմն առնելու և տարադրամի արտահոսքը կանխելու համար, մեր Կենտրոնական բանկը՝ հետևելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի օրինակին, կարող է սահմանափակումներ մտցնել տարադրամի ձեռքբերման նկատմամբ։ Ընդ որում, ինչպես ոչ ռեզիդենտների, այնպես էլ՝ ռեզիդենտների համար։

Չնայած դա էլ ունի իր բացասական կողմերը. սահմանափակումները վատ սպասումներ են առաջացնում ու մեծացնում են շուկայի լարվածությունը։

Ինչևէ, քանի դեռ չկան նման սահմանափակումներ, պետք է ենթադրել, որ Կենտրոնական բանկն այդպիսի անհրաժեշտություն չի տեսնում։ Հուսանք, որ դրա կարիքը չի էլ առաջանա։

Կենտրոնական բանկի տարադրամային դիրքն այսօր բավական բարձր է, և անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել նաև ֆինանսական ուղղակի ներարկումներ՝ շուկայի կտրուկ տատանումները հարթելու համար։

Արժութային շուկայում վերջին շրջանում ձևավորվող փոխարժեքներից տպավորություն է ստեղծվում, որ որոշակի «կարգավորումներ» արդեն իսկ կիրառվում են։ Ըստ էության, նաև դա է պատճառը, որ դրամի արժեզրկումը մի տեսակ կանոնակարգված է տեղի ունենում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս