
Նվիրումը՝ անմահություն… Հաբեթ Պետրոսյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի փրկության անմահացան բազում հայորդիներ։ Նրանցից է հետախույզ-հրամանատար Հաբեթ Պետրոսյանը։
Հաբեթ Վրեժի Պետրոսյանը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 17-ին, ՀՀ քաղաք Երևանում։ Սովորել է Նար-Դոսի անվան համար 14 դպրոցում, որից հետո ծառայել է Լեհաստանում։
Եղել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ։ 1994 թվականի պատերազմի ժամանակ հատուկ ջոկատային «Штурмавые волки» խմբով գրոհել և ազատագրել են Մատաղիս, Տոնաշեն և Թալիշ գյուղերը։
Այդտեղ էլ վիրավորվել է, բայց չի նահանջել։ Գործած սխրանքների համար նա պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին։ Իր հերոսությունների համար ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիություն» մեդալով։ Այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով։ 2020թ-ի 44 օրյա պատերազմի ժամանակ հերոսը կրկին զենք է վերցրել ու մեկնել ճակատ։ Թշնամու դեմ պայքար է մղել Ջրականում։
«Պատերազմի ընթացքում Հաբեթն իր 50 հոգանոց ջոկատին փրկել է շրջափակումից։ Նա ոչ մի վայրկյան չի երկմտել, չի հապաղել, միշտ զգոն է եղել։ Մինչև իր կյանքի վերջին շունչը սովորեցնում էր, թե ինչպես պետք է կռվել թշնամու դեմ։ Նվիրված ու հոգատար էր ամուսինս։ Նա կարեկից, թև ու թիկունք էր ամենքին»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հպարտորեն պատմել է Հաբեթի կինը՝ Մարինեն։
Հաբեթ Վրեժի Պետրոսյանն անմահացավ 2020թ- ի հոկտեմբերի 8–ին` Ջրականում։
ՀՀ նախագահի հրամանագրով հերոսը հետմահու պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» բարձրագույն մեդալով։