«Մունք Փաշինյանին համաձայն չենք. պատերազմը չենք կարող մոռանալ… ո՞նց կարող ենք ադրբեջանցիների հետ հարևանություն անել, հնարավոր չի». զրույցներ Ստեփանակերտի շուկայում

Պոպոք, պնդուկ, հոնի չիր, չորթան, կանաչիներ, գույնզգույն ու յուրահատուկ պահածոներ և, իհարկե, ամենահամեղ ժենգյալով հացը։ Այս ամենը Ստեփանակերտի հայտնի շուկայում են։

Տիկին Դոնարան  30 տարի այս շուկայում ժենգյալով հաց է պատրաստում, պատերազմի օրերին էլ էր շուկայում ՝ ժենգյալով հաց էր թխում ու անվճար բաժանում զինծառայողներին այնքան ժամանակ, քանի դեռ  թշնամին չէր սկսել ավելի մեծ ինտենսիվությամբ հրետակոծել Ստեփանակերտը։

«Մինչև հոկտեմբերի 20-ը ստեղ եմ եղել՝ ժենգյալով հաց եմ թխել։ Արդեն գյուղ չկար, կանաչի բերող չկար, ես ու ամուսինս գնացել ենք, էս մոտիկ գյուղից քաղել, բերել, մաքրել, հաջորդ առավոտ եկել, թխել, զինվորներին բաժանել։ Մոբեր են եղել, սոված են եղել, իրենց առանց փողի բաժանել ենք, բայց որ քաղաքացիական մարդիկ են եկել, իրենց փողով ենք տվել։ Հոկտեմբերի 20-ից հետո Երևան ենք եկել, մի 10 օր Երևանում եմ աշխատել, մեզ տեղ են տվել, աշխատել ենք, երեխեքին յոլա ենք տարել․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը։

Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց արցախցիները կարգի են բերել Ստեփանակերտի շուկան և գործի անցել։ Այսօր, սակայն, շուկայում  նախկին եռուզեռը չկա, նախկինի պես՝ աշխարհի տարբեր տեղերից զբոսաշրջիկներ չեն գալիս՝ համտեսելու անչափ համեղ ժենգյալով հացը։ Այսօր հիմնական սպառողները Հայաստանից են գալիս․

«Առավոտը մեր կլիենտները Հայաստանից գալիս են, զակազ տալիս, տանում, ասում ենք՝ լավ է, որ դա էլ կա, էլի։ Տեղացիները չեն առնում, իրենք կանաչին առնում են տանում՝ տանը թխում, ուտում։ Սաղ ժենգյալով հացերը Երևան են գնում, դրա համար էլ մի քիչ աշխատում ենք, էլի։ Անհատներ են, կազմակերպություններ չեն, բայց կազմակերպությունն էլ  արանքում պատվիրում են, որ մի միջոցառում է լինում, սարքում ուղարկում ենք»։

Իսկ խաղաղության դարաշրջան բացելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին ի՞նչ կարծիքի են, հնարավո՞ր է դա, հատկապես՝ այս պատերազմից հետո․

«Մունք Փաշինյանին համաձայն չենք, ինքը շատ սխալ բաներ է անում, դա․․․ ի՞նչ իմանամ․․․

Պատերազմը չենք կարող մոռանալ, երբ Արմինեի տղան զոհվել է (ցույց է տալիս իր հետ աշխատող կնոջը՝ տիկին Արմինեին), ո՞նց կարող ենք ադրբեջանցիների հետ հարևանություն անել, չէ, հնարավոր չի։ Մարդիկ կան, որ ասում են՝ նույն ձև կմնանք, կապրենք, ոնց Սովետի ժամանակ եղել է, բայց ո՞նց կարող է այս կինն ադրբեջանցու հետ միասին ապրի, դա չի կարող լինել․․․»

Շուկայում զրուցեցինք նաև Ստեփանակերտի բնակիչ Արամայիս Գասպարյանի հետ, նա 2014 թվականից այստեղ է աշխատում, հիմնականում պոպոք, տարբեր տեսակի չրեր և տնական օղիներ է վաճառում։ Ստեփանակերտցի Արամայիսն էլ  ասաց, որ այսօր առևտուրն այնքան էլ լավ չէ, բայց դա Արցախը լքելու պատճառ չէ, հակառակը, պետք է բոլորով հենց այս ծանր պահին մնան Արցախում և շենացնեն հայրենիքը․

«44-օրյա պատերազմից հետո լրիվ վատացել է, տուրիստ չի գալիս, մի կողմից՝ կորոնավիրուսը, մյուս կողմից էլ՝ պատերազմների հետևանքները, առևտուրը վերացել է։ Տուրիստները չեն գալիս, առաջ Երևանից զինվորների ծնողներ էին գալիս, հիմա վերացավ, գիտեք պատճառը։ Մնացել ենք միայն մեր ժողովրդի հույսին, բայց մեր ժողովրդի ֆինանսական վիճակն էլ շատ գովելի չէ, որ գան շատ բան առնեն, բայց հարմարվում ենք, ի՞նչ անենք․․․

Ահագին գյուղեր կորցրել ենք, այդ գյուղերը կորցնելով՝ միաժամանակ էլ այն բաները, որ գյուղից առնում էինք, հետո վերավաճառում, արդեն դրանք չկան, ահագին բան պակասել են՝ պոպոք, պնդուկ, հոնի չիր, չորթան․․.»։

Շուկայում նկատելի էր ոչ միայն գնորդների, այլ  նաև վաճառողների պակասը, դա ինչո՞վ է պայմանավորված, հարցրեցինք Արամայիս Գասպարյանին. Նախ ասաց, թե  մի մասը կորուստներ է ունեցել, դրա համար չի գալիս, իսկ մյուս մասն էլ՝ այլ տարբեր պատճառներով։

«Կորուստ է․․․ Տարբեր պատճառներ կարող է լինեն, չես կարող կոնկրետ ասել, թե ի՞նչն է պատճառը, որ մարդը դուրս է եկել, մեկը՝ ֆինանսական, մյուսը՝ անձնական, հո չե՞ս գնա հարցնես։ Բայց պատերազմից հետո շուկայի կոլեկտիվի 10-15 տոկոսն այսօր բացակայում է, դուրս են եկել տարբեր պատճառներով»։

Արցախում կյանքն այսօր այնքան էլ հեշտ չէ, բայց մարդիկ չեն հուսալքվում, չեն էլ պատրաստվում լքել իրենց հայրենիքը,  հողն ու ջուրը։ Եվ, ինչպես Արամայիս Գասպարյանն ասաց՝ հույս կա, իսկ դա ամենակարևորն է․

«Կյանքը, գիտե՞ք, ոնց է, ապրում ենք, բայց վաղվա օրը, չգիտենք՝ ի՞նչ կսպասվի, ի՞նչ կարող է լինել, անկայուն վիճակ է, տարբերակ չունենք, ստիպված հարմարվում ենք, ուրիշ տեղ չե՛մ էլ ցանկանում գնալ։ Հույսով ապրում ենք, ոնց որ ասում են՝ հույսն ամենավերջում է մահանում, հույսը, հավատը, մեր հողն է, պետք է ապրենք, պետք է պայքարենք»։

Իսկ պայքարելու համար շատ կարևոր է, որ Հայաստանից դեպի Արցախ ավելի հաճախակի լինեն այցելությունները։ Դրանով ենք նաև գոտեպնդում Արցախում ապրող մեր հայրենակիցներին, դա է նրանց հույս և ուժ տալու  Արցախը մինչև վերջ հայկական պահելու համար։

Տեսանյութեր

Լրահոս