Իրավիճակն Ուկրաինայի շուրջ մարտահրավերներ է ստեղծում Հարավային Կովկասի համար. վրացի վերլուծաբան
«Հարավային Կովկասում առանձին մեծ ռազմական բախման հավանականությունը քիչ եմ համարում, շատ ավելի վտանգավոր է այն, որ փլուզվում են բոլորի կողմից ընդունված բանակցային ձևաչափերը, աշխարհը տարերային ու անվերահսկելի փուլ է թևակոխում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Ուկրաինայում պատերազմին զուգահեռ իրավիճակի սրմանը Հարավային Կովկասում՝ հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում:
Նա տարածաշրջանում լայնածավալ պատերազմի հավանականությունը գրեթե բացառում է:
Վերլուծաբանի խոսքով, աշխարհում անկայունությունը կարող է պարարտ հող ստեղծել այն բոլոր խնդիրների համար, որոնք դեռևս այլ հակամարտություններում կարգավորված չեն:
Մենագարիշվիլին նաև այն կարծիքին է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն այնքան աննախադեպ է աշխարհի համար, որ հստակ կանխատեսել, թե այն ինչպես կզարգանա, ինչ տարածաշրջաններում ինչպիսի արձագանք կունենա, շատ բարդ է: Սակայն, ըստ նրա, դժվար է պատկերացնել, որ աշխարհի համար նման ծանր իրավիճակում ամենուր կպահպանվի կայունություն:
«Պարզ է, չէ՞, որ Ուկրաինայում պատերազմը բացարձակ հենց Ուկրաինայի մասին չէ, սա աշխարհի ներկայիս կարգի դեմ է, սա մարտահրավեր է բոլոր երկրների և հատկապես հետսովետական տարածքի երկրների համար, որովհետև աշխարհաքաղաքական մրցակցությունը սևեռված է հենց այս տարածքում, որտեղ մի շարք երկրներ ԵՄ-ի Արևելյան գործընկերությանը միացան, ապա ավելի զարգացրին իրենց կապերն Արևմուտքի հետ՝ ընդհուպ հայտ ներկայացնելով միանալ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին: Շատ մեծ է հավանականությունը, որ այս ամենի ծավալները կարող են ընդլայնվել: Հարավային Կովկասում առանձին մեծ ռազմական բախման հավանականությունը քիչ եմ համարում, շատ ավելի վտանգավոր է այն, որ փլուզվում են բոլորի կողմից ընդունված բանակցային ձևաչափերը, աշխարհը տարերային ու անվերահսկելի փուլ է թևակոխում»,- ասաց վերլուծաբանը:
Նրա կարծիքով՝ ակնառու ամենամեծ վտանգներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գոյության մեծ կասկածն է:
«Ամենայն հավանականությամբ, այդ ձևաչափն այսուհետ վերականգնվելու հնարավորություն չի ունենա, բայց մենք գիտենք, որ կան կարգավորման ենթակա խնդիրներ, որոնք պետք է բանակցվեին: Գուցե պատահական չէ, որ հենց այս փուլում բարձրացվում է Խաղաղության համաձայնագրի բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, որպեսզի ուկրաինական թեմայի մեջ չկորեն տարածաշրջանային հարցերը, և իրավիճակն էլ ավելի չբարդանա, կամ այս հակամարտությունը չդառնա Ռուսաստան-Արևմուտք դիմակայության հերթական օջախ:
Զարգացման հնարավոր սցենարները այնքան շատ կարող են լինել: Մեր համար ամենացանկալին կայունությունն է, այս իմաստով՝ Վրաստանը, ԵՄ-ն կարող են իրենց դրական դերակատարությունն ունենալ, սակայն, թե այսուհետ ինչպես են կարգավորման ուղղությամբ Ռուսաստանն ու Արևմուտքը (մասնավորապես՝ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն) համաձայնեցված գործելու, շատ բարդ է պատկերացնել: Եվ սա մարտահրավեր է տարածաշրջանային բոլոր երկրների համար:
Հուսադրող է, որ Ֆրանսիայի նախագահը չի անտեսում տարածաշրջանը: Սակայն կան հարցեր, որոնք դեռ չունեն պատասխաններ, օրինակ, ինչպե՞ս է այս փուլում Ռուսաստանն իր միջնորդական դերն իրականացնելու ապաշրջափակման և դեմարկացիա-դելիմիտացիայի առնչությամբ, գործելո՞ւ է արդյոք երբևէ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի՞նչ կլինի, եթե բանակցություններն ուշանան, և միջազգային հանրության ողջ ուշադրությունը շարունակի ուղղված լինել Ուկրաինային: Սրանք լուրջ հարցեր են, որոնք դեռ պատասխաններ չունեն»,- ասաց նա: