«Գարիկ Սարգսյանի շնորհիվ մանկապարտեզը վերածվել է քաղաքական կռվի դաշտի»․ Վեդիի թիվ 1 մանկապարտեզի աշխատակիցներ
Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, որ հանրությանն ավելի հայտնի է կոկորդիլոսագետ մականվամբ, այսօր որոշում է կայացրել և աշխատանքից ազատել է համայնքում գործող թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների տնօրեններին, իսկ թիվ 3 մանկապարտեզի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարել։
168.am-ի նկարահանող խումբն այսօր ուղևորվել էր Վեդի՝ տեղում պարզելու խնդրի վերաբերյալ մանրամասները: Եղել ենք բոլոր 3 մանկապարտեզներում, զրուցել տնօրենների հետ՝ հստակեցնելու, թե ինչի՞ համար են իրենց նկատողություններ հայտարարել, ապա տնօրեններից 2-ին աշխատանքից ազատել։
Վեդիի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Վարդուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեր նկարահանման պահից րոպեներ առաջ է էլեկտրոնային փոստով ծանուցվել աշխատանքից ազատվելու որոշման մասին։ Նա չցանկացավ տեսախցիկի առջև խոսել, բայց Գարիկ Սարգսյանի այս որոշումը համարեց քաղաքական։
Նույն մանկապարտեզի աշխատակիցները, որոնք հավաքվել էին տնօրեն Վարդուհի Հարությունյանի աշխատասենյակում, ևս պնդեցին, որ Սարգսյանի որոշումը որևէ հիմք չունի։ Նրանք պատահական չհամարեցին Վեդի համայնքում մարտի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ Գարիկ Սարգսյանի կայացրած այս որոշումը։
Դաստիարակներից Ռոզա Մուրադյանը, որն արդեն 50 տարի աշխատում է մանկապարտեզում և երեխաների կրթությամբ զբաղվում, ասաց, որ ինքը ևս պատրաստվում է դուրս գալ մանկապարտեզից, այլ տնօրենի հետ չի պատրաստվում աշխատել․
«Կես ժամ առաջ ենք իմացել, որ ընկեր Վարդուհին մեյլով հաղորդագրություն է ստացել, որ ազատված է աշխատանքից։ Բոլորս ցնցված ենք, իհարկե, այդ իրողությունից։ Ես չգիտեմ՝ պատճառն ի՞նչն է, կոլեկտիվին հայտնի չէ, թե ինչ պատճառով են աշխատանքից ազատել մեր տնօրենին։ Փետրվարին ստուգում է եղել մանկապարտեզում, բայց ոչ մի լուրջ բան չի եղել․․․ Որպես երկար տարիների աշխատող՝ դիմում եմ ներկայացրել, ես ցանկություն չունեմ ոչ մի ուրիշ տնօրենի հետ աշխատելու»։
Դաստիարակներից մեկ ուրիշն էլ ասաց, որ մանկապարտեզում երբևէ քաղաքական քննարկումներ, գործընթացներ չեն եղել, իսկ այսօրվա որոշումը միանշանակ քաղաքական ենթատեքստ ունի․
«Քաղաքականացվում է, ու այս մանկական օրրանը վերածում են քաղաքական կռվի դաշտի, սիրուն չի, ես գտնում եմ, որ ճիշտ չեն անում․․․ Այս ամենը ներկայիս իշխանություններն են անում, ինձանից լավ գիտեք, թե ով է անում, Գարիկ Սարգսյանի շնորհիվ այս ամեն ինչը վերածվել է չգիտեմ ինչի․․․ Թող Գարիկ Սարգսյանը գա, թո՛ղ գա և ասի, թե ի՞նչ հիմքով է մեր տնօրենին ազատել, մենք պատրաստ ենք կանգնելու մեր տնօրենի կողքին մինչև վե՛րջ։ Ոչ մի բանն էլ այստեղ պատահական չի, քաղաքական է ամեն ինչը»։
Մանկապարտեզի աշխատակիցները հանդիպում են պահանջում Գարիկ Սարգսյանի հետ։ Նրանք պնդում են, որ ծնողները ևս վրդովված են, ու եթե տնօրենն ազատվի, իրենց երեխաներին այլ մանկապարտեզ կտեղափոխեն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում