«ԳՇ-ն մտցնում են նախարարության տակ, այնտեղ իրենց մարդն է, որպեսզի կարողանան «կոնտրոլ» անեն՝ չկրակելու դեպքում չկրակեն, հարկ եղած դեպքում էլ զորքը հետ քաշեն». Սերոբ Գասպարյան

Արդեն մոտավորապես 10 օր է՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբը պետ չունի, պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։

Ինչո՞վ է այս ամենը պայմանավորված, և առհասարակ նման իրավիճակում որքանո՞վ է նպատակահարմար թափուր թողնել ԳՇ պետի պաշտոնը։

168.am-ի հետ զրույցում «Սև հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանն անդրադառնալով այս հարցերին՝ նշեց, որ չի ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց երբևիցե ԳՇ պետ եղե՞լ է։

«Խնդիրը սա է, որ պատերազմից արդեն անցել է 2 տարի, սակայն Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի արել և չի էլ պատրաստվում անել։ Սրանք, մինչև իշխանության գալը, միշտ խոսում էին, որ բանակ պետք չէ ունենալ, իսկ իշխանության գալուց հետո փամփուշտները ձուլում ու ինչ-որ զարդեր էին սարքում, ասում էին՝ փամփուշտները զարդեր սարքելու համար են։ Այս ամենը ծրագիր է, որն իրականացվում է, և շարունակում են իրականացնել։ Այսօր բազմաթիվ սպաներ, զինծառայողներ դիմում են ինձ, ուզում են համակարգից դուրս գան ու տեղափոխվեն Արցախ։ Այսօր ամբողջ մոլորակը եռում է, և դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ խաղաղության կեղծ դարաշրջան քարոզողները չեն ուզում իրենց աչքերը բացեն ու տեսնեն, որ ամբողջ աշխարհը գնում է պատերազմի, իսկ մենք՝ «խաղաղության դարաշրջանի»։ Նման կեղծ քարոզչությամբ թուլացնում են մեր ազգի զգոնությունը, որպեսզի ամեն ինչ հեշտ ու հանգիստ հանձնեն, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց Սերոբ Գասպարյանը։

Նա հիշեցրեց, որ Ալիևը մշտապես հայտարարել է, որ «Հայաստանն ագրեսոր է, հայերը տեռորիստներ են, և նրանք բանակ չպետք է ունենան», և այս համատեքստում՝ այսօր ՀՀ իշխանությունները կատարում են Ալիևի կամքը։

Նա նաև ընդգծեց, որ այսօր Ուկրանիայում խոսում ու անում են այն գործողությունները, որոնք Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ անում էին Ադրբեջանում։

«Այս ամենը ծրագրված է Արևմուտքի կողմից՝ աշխարհը կիսել երկու-երեք մասի։ Մենք պետք է զգոն լինենք, այսօր շատերը խոսում են քաղաքակիրթ աշխարհի մասին, բայց որտե՞ղ էր Եվրոպայի քաղաքակրթությունը, երբ մեր ազգը կործանվում էր, իսկ Եվրոպան աչքերն ու բերանը փակել էր։ Այս ամենը ծրագիր է, և նրանք այս ծրագիրն իրականացնում են, ավելին՝ 30 տարի է՝ անում են։ Եթե ունենայինք հզոր ղեկավարներ, ապա այսօր մենք պետք է ունենայինք նաև հզոր բանակ, որովհետև հայ մարդը կռվող, պայքարող է, բայց հային դարձրեցին ստրուկ։ Այսօրվա գործակալները, որոնք կան Հայաստանում, ծնունդ են առել նախկին իշխանությունների ժամանակ, նրանք ինչո՞ւ չեն նկատել, որտե՞ղ էր մեր ԱԱԾ-ն։ Այսօր բոլորը միասին քանդում են մեր չքնաղ երկիրը»,- հավելեց Ս. Գասպարյանը։

Միաժամանակ նա ասաց, որ ՀՀ ներկայիս իշխանություններից ամեն ինչ պետք է սպասել, սակայն չի կարծում, որ սահմանին ինչ-որ գործողություններ տեղի կունենան։

«Կարծում եմ՝ հիմա Գլխավոր շտաբը մտցնում են նախարարության տակ, այնտեղ իրենց մարդն է, որպեսզի կարողանան «կոնտրոլ» անեն՝ չկրակելու դեպքում չկրակեն, հարկ եղած դեպքում էլ զորքը հետ քաշեն։ Ահա այսպիսի ծրագիր է, որ նրանք իրականացնում են, փորձելով մարդկանց հայացքներն ուղղել այլ կողմ։ Կա՛մ փնտրտուքի մեջ են՝ ստրուկ գտնելու ու ԳՇ պետ դնելու, կա՛մ մութ գործարքի մեջ են՝ բանակը քանդելու։ Սա ուղղակի ցավալի է»,- եզրափակեց Սերոբ Գասպարյանը։

Տեսանյութեր

Լրահոս