«Ռուսական կողմից ասացին, որ ադրբեջանական կողմը պետք է լռի, նման բան չպետք է լինի, եթե լինի, ուրեմն դա պրովոկացիա է՝ իրենց դեմ ուղղված». Խրամորթի գյուղապետ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում թշնամին մի քանի օր է՝ դադարեցրել է իր պրովոկացիաները, նրանց հետ ռուսական կողմից տարվող բանակցությունները շարունակվում են, սակայն դրանց արդյունքների մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Այս մասին 168.am-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

«Չեմ կարող ասել, որ ռուսների և ադրբեջանցիների միջև բանակցությունները լրիվությամբ ավարտվել են։ Գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցները, քանի օր է՝ դադարել են։ Ռուսները դեռ բանակցությունների մեջ են, բայց ավելի ճիշտ կլինի, եթե թշնամին մեր ասածները կատարի»,- նշեց Զորիկ Աբրահամյանը։

Գյուղապետի խոսքով՝ եթե թշնամին որևէ պրովոկացիայի է դիմում, ինքն անմիջապես տեղյակ է պահում վարչակազմի ղեկավարին, նա էլ իր հերթին՝ ռուսական կողմին։

«Երեկ կրկին ռուսական կողմից գյուղ մարդ էր եկել, դե, մեզ ասացին, որ ադրբեջանական կողմը պետք է լռի, նման բան չպետք է լինի, եթե լինի, ուրեմն՝ դա պրովոկացիա է՝ իրենց դեմ ուղղված։ Վստահեցրին, որ նրանց կլռեցնեն՝ ասելով, որ մեզ մոտ են, մեր կողքին, մեզ միայնակ չեն թողնի»,- հավելեց Զորիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք, փետրվարի 25-ին թշնամին բարձրախոսով խրամորթցիներին կոչ էր արել լքել գյուղը՝ ասելով, թե այն իրենց է պատկանում։

Տեսանյութեր

Լրահոս