«Գործընթացի մեկնարկին Թուրքիան Էրդողանի մակարդակով հանդես է եկել նախապայմաններով»․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական-հասարակական գործիչների, գիտնականների ու փորձագետների հետ։

Այսպիսով հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնում հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։ Այս անգամ կայքը հարցեր է ուղղել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին:

-Պարոն Աբրահամյան, Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Արդեն իսկ տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների երկու հանդիպում։ Ինչպե՞ս եք Դուք և Ձեր ներկայացրած քաղաքական ուժը գնահատում այս գործընթացը։

–Գործընթացի մեկնարկին Թուրքիան Էրդողանի մակարդակով հանդես է եկել նախապայմաններով, որոնց ավանդականներից բացի ավելացել է, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի հարցը:

Թուրքիան Հայաստանին իրականում համարում է թշնամի, հավակնություններ ունի ՀՀ տարածքների նկատմամբ, գործուն մասնակցություն է ունեցել Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններին և ակնկալել, որ լուրջ արդյունք կարող ենք արձանագրել խիստ անտրամաբանական կլինի:

-Նախկինում ևս, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ի տարբերություն նախկին տապալված գործընթացների՝ ներկայում արձանագրվում է թուրք-ադրբեջանական հռետորաբանության սկզբունքային տարբերությունը։ Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով, հայկական կողմի համար ինչ կարմիր գծեր կան, որոնք չպետք է հատվեն:

–2009 թվականին, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մեկնարկեց «ֆուտբոլային դիվանագիտությունը», տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը լրիվ այլ էր, Հայաստանը պատերազմում հաղթող կողմ էր, սկզբնական շրջանում Թուրքիան չէր խոսում նախապայմանների մասին:

Հետագայում Թուրքիան հանդես եկավ նախապայմաններով՝ փորձելով հայ-թուրքական կարգավորման հիմքում դնել Արցախի՝ Ադրբեջանի համար շահեկան լուծումներ, իսկ արդյունքում գործընթացը նախ դանդաղեց, ապա տապալվեց: Միջազգային հանրությունը, միջնորդ երկրները արձանագրեցին, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է», սակայն Թուրքիան իր մեջ ուժ չգտավ և արդյունքում արձանագրվեց Թուրքիայի ապակառուցողական կողմ լինելը, իսկ ՀՀ դերակատարությունը տարածաշրջանում մեծացավ:

-Գիտենք, որ մի քանի տասնամյակ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ու սահմանը բացելու հարցում հաշվի է առել նաև Ադրբեջանի շահերը: Հիմա էլ նշվում է, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կարող են առաջ շարժվել միմյանց փոխլրացնելով: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք հնարավոր է տարանջատել այս գործընթացները:

–1993 թվականին Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը փակեց՝ պատճառաբանելով Արցախի պաշտպանության ուժերի Քարվաճառի շրջանի ազատագրումը:

2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, հայտարարության հիման վրա, ՀՀ իշխանությունն այդ ու ևս 2 շրջան հանձնեց Ադրբեջանին:

Սակայն հիմա էլ Ադրբեջան-Թուրքիա օրակարգի գլխավոր հարցերից մեկը դարձել է ՀՀ տարածքով Ադրբեջանի, Արցախի օկուպացված շրջանների և Նախիջևանի միջև միջանցք ապահովելու գաղափարը:

Այս գործընթացում ես միայն տեսնում եմ թուրք-ադրբեջանական շահերը, բայց որևէ ձևի տեսանելի կամ հաշվելի չէ ՀՀ հետաքրքրությունը:

-Վերջերս Թուրքիան և Ադրբեջանը վավերացրեցին 2021թ. հունիսի 15-ին կնքված «Շուշիի հռչակագիրը»: Ըստ Ձեզ՝ որոնք են հայկական կողմերի համար այդ հռչակագրում առկա վտանգավոր դրույթները, և ինչ պետք է անեն կամ կարող են անել Հայաստանն ու Արցախը դրանցից բխող հավանական վտանգները մեղմելու կամ չեզոքացնելու ուղղությամբ:

–Այդ հռչակագիրն ուղղված է երրորդ պետություններին, առաջին հերթին Հայաստանին, Արցախին, Ռուսաստանին և Իրանին՝ յուրաքանչյուրին իր մասով:

Ներկայումս դա ունի ոչ միայն հռչակագրային, այլ վավերացված փաստաթղթի կարգավիճակ: Հայաստանի հետ տարվող բանակցություններին զուգահեռ իր մեջ ագրեսիա պարունակող այդ փաստաթղթի վավերացումն իրականում խոսում է այն մասին, որ ռազմավարական տարածության մեջ, Ադրբեջանն ու Թուրքիան խնդիր են դրել իրենց նպատակներին հասնելու ցանկացած ճանապարհով, այդ թվում՝ ուժի կիրառման, որտեղ ունենալու են 100 տոկոսանոց համագործակցություն բոլոր ուղղություններով:

-Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների հետևանքով ականատես ենք աշխարհաքաղաքական լարվածության աննախադեպ աճի: Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը մեր տարածաշրջանի վրա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ և արդյո՞ք կարող է ազդել Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված երկխոսության գործընթացի վրա։

–Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունն այս պահին անուղղակի, սակայն որոշ ժամանակ հետո՝ ուղիղ ազդեցություն կարող է թողնել Հարավային Կովկասում: Ուկրաինայի հարցում բախվում են ՌԴ-ի, Չինաստանի, հավաքական առումով՝ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շահերը, և չի բացառվում, որ այդ դիմակայությունը տեղափոխվի այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկաս:

Տեսանյութեր

Լրահոս