OCCRP-ի հիմնադիրը կոչ է արել հակառուսական պատժամիջոցները տարածել նաև ԵԱՏՄ երկրների նկատմամբ

Կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան լուսաբանող ծրագրի (Organized crime and Corruption Reporting Program) հիմնադիր Դրյու Սալիվանը թվիթերյան գրառմամբ առաջարկել է արևմտյան պատժամիջոցները տարածել նաև ԵԱՏՄ անդամ-երկրների վրա:

«Դուք պետք է նմանապես պատժամիջոցներ կիրառեք Մաքսային միության ԲՈԼՈՐ անդամների վրա՝ ներառյալ #Ղազախստանը, #Ղրղըզստանը և #Հայաստանը։ Ռուսները կարող են ներմուծել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այդ երկրների միջոցով՝ առանց սահմանների կամ արգելքների,- ասել է Դրյու Սալիվանը, ապա մեկնաբանությամբ պարզաբանել,- Եվրասիական տնտեսական միությունը ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Հայաստանը։

Դա, ըստ էության, ազատ առևտրի գոտի է: Ապրանքները գալիս են Չինաստանից և կարող են Ռուսաստան հասնել առանց թղթաբանության։ Սա պատժամիջոցներում թերացում է: Նրանք պետք է դուրս գան դրանից կամ առերեսվեն նույն պատժամիջոցներին, ինչ Ռուսաստանը»:

Հիշեցնենք, որ 44 օրյա պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերին, OCCRP-ի հիմնադիրը կրկին թվիթերյան գրառմամբ արձանագրել էր. «Միանգամայն պարզ է, որ ավտոկրատական ​​#Ադրբեջանը կազմակերպել է հարձակումը դեմոկրատական ​​#Հայաստանի վրա»:

Նա նաև շեշտել էր, որ Ալիևն ու Էրդողանը բախվում են վատ տնտեսության և դժգոհ բնակչության խնդրի հետ, և կարիք ունեն ազգայնական կոչերի ու պատերազմի՝ մարդկանց անընդմեջ վերահսկելու համար, ինչը, սակայն, երկար հնարավոր չէ:

Տեսանյութեր

Լրահոս