Օբյեկտիվորեն հնարավոր չէ նման մարդկային հոսքը վերահսկելն ու ՀՀ քաղաքացիներին հաշվառելը. Պարզաբանում են ԱԳՆ-ից

2022թ․ փետրվարի 26-ին ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա չի պահանջվի, ապա հավելել. «Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների:

Ինչպես հայտնել էինք նախորդիվ՝ Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով»:

168.amը փետրվարի 28-ին գրավոր հարցմամբ դիմել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ խնդրելով պարզաբանել՝

1. Ուկրաինայից տարհանման ի՞նչ այլ հնարավորություններ են դիտարկվում: 

2. Ինչպե՞ս է կազմակերպվում քաղաքացիների փոխադրումը երկրի ներսում՝ մինչև երկրից տարհանումը:

3. Մինչև այս պահը քանի՞ հայ է ԱԳՆ միջոցով տարհանվել։

Մեր հարցման մեջ նշել էինք նաև, որ ՀՀ քաղաքացիներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում վստահեցրել էր, որ հակառակ ԱԳՆ տարածած հայտարարության՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանատնից ստանում են անորոշ և ոչ հուսադրող պատասխաններ. դեսպանատունը, օրինակ, չէր կարողացել ուղղորդել,   թե քաղաքացին ինչպե՞ս Կիրովոգրադից հասնի Լեհաստանի սահման. շուրջ 750 կմ:

Մարտի 2-ին արտգործնախարարությունից ստացած պատասխան նամակում առաջին հարցի վերաբերյալ մասնավորապես հայտնել էին, որ Ուկրաինայից ՀՀ քաղաքացիների տարհանումը կարող է իրականացվել՝ միայն հաշվի առնելով նրանց տեղաշարժի անվտանգային նկատառումները և փոփոխվող իրադրությունը, հետևաբար՝ Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորությունների մասին առավել հստակ տեղեկությունների առկայության դեպքում՝ կլինի համապատասխան պաշտոնական տեղեկատվություն։

ԱԳՆ-ից հստակ չէին պատասխանել հարցին, թե ինչպես է կազմակերպվում Ուկրաինայում գտնվող մեր քաղաքացիների փոխադրումը երկրի ներսում՝ մինչև տարհանումը, փոխարենն անդրադարձել էին առհասարակ Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցներին տրամադրվող աջակցությանը՝ մանրամասնելով.  «Հայաստանի դեսպանության աշխատանքի հիմքում ուղիղ կապի պահպանումն է Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցների հետ։ Ռազմական գործողությունների մեկնարկից հետո 1200-ից ավելի զանգ է ստացվել դեսպանության հրապարակած հեռախոսահամարներով։

ՀՀ քաղաքացիները, մասնավորապես, տեղեկացվում են ճանապարհների, Ուկրաինային հարակից երկրների հետ սահմանին տիրող իրավիճակի մասին։ Այս ընթացքում ՀՀ դեսպանությունը կացարանով ապահովելու աջակցություն է տրամադրել անելանելի վիճակում հայտնված մի շարք ՀՀ քաղաքացիների։ Օգնություն է տրամադրվել նաև իրենց փաստաթղթերը կորցրած ՀՀ քաղաքացիների։

Բացի այդ, ինչպես նշված է ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրությունում, ԱԳՆ ջանքերով Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան, Մոլդովան, ինչպես նաև՝ Հունգարիան, Ուկրաինայից դուրս եկող ՀՀ քաղաքացիներին թույլատրել են հատել իրենց ցամաքային սահմանային անցակետերը՝ առանց անհրաժեշտ Շենգեն վիզայի»:

Հարցին էլ, թե մինչև այս պահը քանի՞ հայ է ԱԳՆ-ի միջոցով տարհանվել, արտաքին գերատեսչությունից նկատել էին՝ հաշվի առնելով այն, որ նշված երկրների անցակետերը յուրաքանչյուրի դեպքում մի քանիսն են, և տարհանման նպատակով դրանք հատում են ոչ միայն ՀՀ, այլև այլ երկրների քաղաքացիներ ևս, օբյեկտիվորեն հնարավոր չէ նման մարդկային հոսքը վերահսկելն ու ՀՀ քաղաքացիներին հաշվառելը:

Տեսանյութեր

Լրահոս