Բաժիններ՝

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ֊ն կառուցապատման հիմնախնդիրներին նվիրված ժողով է կազմակերպել

Այսօր «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով ամենամյա ժողովը:
Ժողովին մասնակցում էին Ասոցիացիայի խորհրդի անդամները, անդամ կառուցապատող ընկերությունների ղեկավարներն ու պետական կառույցների ներկայացուցիչները:

Ողջույնի խոսքով հանդես եկան «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ֆինանսների
նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committee-ի նախագահ Արմեն Ղուլարյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Հայաստանի ճարտարապետների պալատ ՀԿ նախագահ Մկրտիչ Մինասյանը, «Հայաստանի Շինարարների Միություն» ՀԿ նախագահ Գագիկ Գալստյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը:

Բանախոսների կողմից կարևորվեց կառուցապատման ոլորտի վերականգնումն ու զարգացումը, որը շատ կարևոր լոկոմոտիվ է տնտեսության զարգացման, շարունակական ներդրումների ապահովման գործընթացի համար, որն անգամ երկրի համար ամենածանր պահերին չդադարեց և աշխատանքները շարունակական էին: Նշանավորվեց Ասոցիացիայի դերակատարությունը ոլորտում առկա խնդիրների վերհանման և հնարավոր լուծումների մշակման գործընթացում: Որպես նախորդ տարում մեկնարկած համագործակցության հետագա քայլ առաջարկվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ստեղծել քաղաքաշինության ոլորտում ներդրումային ծրագրեր գեներացնող կենտրոն:

Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի կողմից ներկայացվեցին ասոցիացիայի անցնող տարվա հիմնական ձեռքբերումները, մասնավորապես այն, որ 2021 թվականի ընթացքում ասոցիացիայի նախաձեռնությամբ` Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ձևավորվել է Կառուցապատման ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խումբ. խմբում ընդգրկված են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ պետական կառավարման մարմինների և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, ովքեր անմիջապես առնչվում են քաղաքաշինության ոլորտին առհասարակ և կառուցապատման ոլորտին՝ մասնավորապես: Անցնող տարում Ասոցիացիայի անմիջական մասնակցությամբ եղել են նաև օրենսդրական ոլորտում փոփոխություններ, մասնավորապես, Կադաստրային արժեքի և հարկման բազայի, Հողամասի ընդլայնման, Հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում նախագծման թույլտվության ժամկետների, ՇՄԱԳ օրենքի նախագծի հետ կապված: Անցնող տարում Ասոցիացիա մեկ էլ այլ նշանակալի ձեռքբերում էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Ասոցիացիայի, Շինարարների միության, Ճարտարապետների պալատի միջև կնքված համագործակցության հուշագիրը, որը հնարավորություն է ընձեռում վերհանել կառուցապատման ոլոտում առկա այն խնդիրները, որոնք անհրաժեշտություն ունեն նաև կրթական, գիտական մակարդակում լուծումներ ստանալու: 2021 թվականին նաև կազմակերպվել և հաջողությամբ իրականացվել է առաջին «Build Armenia 2021» կառուցապատման էքսպոն:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին նաև առաջիկա անելիքները, օրենսդիր ու գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ընթացիկ և հեռանկարային համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերն ու նախագծերը, ոլորտի մարտահրավերներն ու դրանց համատեղ ջանքերով լուծման ուղիները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս