Օնիկ Գասպարյանի չհատած «կարմիր գծերը» և Փաշինյանի հատած «պարկեշտության սահմանները»

Անցած տարի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Օնիկ Գասպարյանի նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ՝ պնդելով, որ նա անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, ըստ նրա, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ հանրապետականների դրդմամբ, որոնք ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ: Այս պնդումը Փաշինյանը հայտնել էր նաև փետրվարի 25-ին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության օրը:

«Տարածած հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»,- դրան ի պատասխան՝ արձագանքել էին գեներալները:

Իսկ 2021-ի մարտիմեկյան հավաքին Փաշինյանը նաև վստահեցրել էր.

«Ուզում եմ ասել, որ այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք պետք է չտա: Զինված ուժերում, այո՛, վենդետաներ չեն լինելու, որովհետև կապ չունի՝ ով է ստորագրել այդ թուղթը, ով չի ստորագրել: Այդ թուղթը սեղանին դնելու և այդ ստորագրությունների պրոցեսն սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով: Որովհետև ես ուզում եմ ուղիղ ասել, այստեղ ուղիղ պիտի ասեմ, որ երբ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է: Դա է դավաճանությունը: Բայց էլի եմ ասում, ժողովուրդ ջան, եկեք ճիշտ հասկանանք՝ թուղթը, որը դրվել է սեղանին գեներալների ստորագրության համար, այդ թուղթը դրել է և առնվազն այդ առաջարկն այլ գեներալներին արել է Օնիկ Գասպարյանը: Ստորագրելուց հետո, այդ թուղթը հրապարակելու որոշումը նույնպես կայացրել է Օնիկ Գասպարյանը: Եվ ես էլի ասում եմ՝ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայությանը»:

Զինվորականները, այո, վերադարձան իրենց ծառայությանը՝ հավատալով կամ չհավատալով Փաշինյանին, իսկ Փաշինյանը չկատարեց իր խոստումը և աստիճանաբար, փուլային կամ փաթեթային տարբերակով ազատվեց իր հրաժարականի պահանջի տակ ստորագրած գեներալներից և բարձրաստիճան զինվորականներից: Եվ այսօր առնվազն կեսը հեռացվել են զինված ուժերից, որոշների նկատմամբ քրեական գործեր կան հարուցված, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը հրթիռների գործով կալանքի տակ է: Փաշինյանի հրաժարականը պահանջած մյուս բարձրաստիճան զինվորականները, որոնք դեռ ծառայում են զինված ուժերում, բնականաբար, չեն խուսափելու պաշտոնանկությունից, և հերթը մի օր նրանց էլ է հասնելու:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը կարող է արդարանալ, թե ոչ մի վենդետա էլ չկա, այս ամենը արվում է, օրինակ, բանակում բարեփոխումների շրջանակում, կամ նրանք իրենց լավ չեն դրսևորել արցախյան վերջին պատերազմում, չարաշահումներ են թույլ տվել և այլն, բայց փաստը մնում է փաստ՝ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ից վրեժ է լուծում և փորձում է քանդել վատ կամ լավ աշխատող այս համակարգը՝ օրենսդրական նախաձեռնություններից մինչև չգրված օրենքներ գործի դնելով:

Մեկ տարի անց առավել ուշագրավ է թվում նաև Փաշինյանի այս հանրահավաքում հնչած մեկ այլ միտք՝

«Այս պահի դրությամբ Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել: Եվ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի»:

Մարտիմեկյան այս հանրահավաքից օրեր անց՝ մարտի 10-ին, Օնիկ Գասպարյանը որոշում կայացրեց՝ «իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»:

«Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։ Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։ Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման»,- ասված էր գեներալի ուղերձում։

Թե ո՞րն էր Փաշինյանի համոզման հիմքը, որ Օնիկ Գասպարյանը չի հատի կարմիր գծեր, թերևս, մի օր գեներալն ինքը կասի: Իսկ մենք ընդամենը կարող ենք ենթադրություններ անել՝ վերագրելով այն գեներալ Գասպարյանի բնավորությանը, ապաքաղաքական լինելուն կամ արտաքին ագրեսիային, որի մասին խոսել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, և որի տրամաբանության համատեքստում 168.am-ը մի շարք փաստեր էր հիշեցրել: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նման հայտարարության անելուց հույսը դրել էր Օնիկ Գասպարյանի բնավորության կամ արտաքին աջակցության վրա, ըստ այդմ՝ այն կարող ենք համարել նաև սահմանները չհատելու նախազգուշացում, հատկապես, երբ արցախյան վերջին պատերազմում տարբեր առիթների դեպքում թե Նիկոլ Փաշինյանը, և թե նրա մերձակա շրջապատի զինվորականությունը պարտության ամբողջ բեռը փորձում են նրա վրա բարդել:

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա, թերևս, այս ընթացքում պարկեշտության սահմաններն է հատել Օնիկ Գասպարյանի հետ կապված: Համենայնդեպս, երբ անցած տարի նախընտրական շրջայցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստի ժամանակ պատերազմը 4-րդ օրը կանգնեցնելու առաջարկ չի արել, ավելին, Շուշիի և Հադրութի կորուստը փորձում էր նրա «գրպանը» գցել, ԳՇ նախկին պետը հորդորել էր՝ չանցնե՛լ պարկեշտության սահմանները:

«Հարգելի հայենակիցներ՝ ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների, ստիպված եմ արձագանքել.

պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, իմ զինակից ընկերների և ենթակաների թիկունքում չեմ թաքնվել և պատրաստ եմ պատասխան տալ իմ ողջ գործունեության համար։ Համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն, և յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։

Լսի՛ր նիկոլ, պարկեշտության սահմանները մի՛ անցնի։ Ես գիտեմ, որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես և պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես՝ հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։ Ի դեպ՝ բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։

Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում՝ հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց։ Ամեն դեպքում նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում….»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարել էր Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը զգուշացավ և կարմիր գծեր չհատեց՝ գուցե շատ լավ իմանալով, որ այս դեպքում տանուլ կտա: Գուցե:

Ի դեպ, ընդդիմությունը դեռ հստակ առաջարկներ չի ներկայացրել՝ որպես հակակշիռ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի, որի աշխատանքները Տեր-Պետրոսյանն առաջարկում էր ժամանակավոր դադարեցնել:

Տպավորություն է՝ պատերազմի թեման որևէ մեկի համար առաջնահերթություն չի: Իսկ արկածախնդրության սիրահար, բայցև անկանխատեսելի Փաշինյանը կարող է սահմաններ հատել, իսկ մենք պատրաստ չլինենք դրան…

Տեսանյութեր

Լրահոս