ՍԴ-ն քաղաքական պատվեր է կատարել՝ իշխանության ձեռքը տալով բուհ-ում ցանկության դեպքում ճգնաժամ ստեղծելու գործիքը. Վահե Հովհաննիսյան
Փետրվարի 22-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում հրապարակեց Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա գրավոր ընթացակարգով քննված «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով:
Օրենքի՝ «Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը, նրանց ընտրության կարգը» վերտառությամբ 23-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է՝ եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ:
Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:
Ժամանակավոր խորհուրդն իրավասու է՝
1) իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` սույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ.
2) դիմելու դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար: Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար»:
Դիմողը պնդել է, որ Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասն այնքանով, որքանով հաշվի չի առնում հիմնադրամի կարգավիճակ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության առանձնահատկությունները և բուհերի ինքնակառավարման իրավունքը, հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, ինչպես նաև 78-րդ և 81-րդ հոդվածներին: Դիմողը փաստում է, որ օրենսդիրը, վիճարկվող դրույթում ամրագրելով երեք անդամից կազմված և Արդարադատության նախարարի կողմից նշանակվող ժամանակավոր խորհրդի ստեղծման իրավական հնարավորություն, ինչպես նաև ժամանակավոր խորհրդի գործառույթների լայն շրջանակ, հաշվի չի առել բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը, ներառյալ՝ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը, ինչը հանգեցրել է խնդրո առարկա իրավունքի անհամաչափ սահմանափակման: Դիմողի գնահատմամբ՝ վիճարկվող դրույթն անտեսում է կրթության սահմանադրական իրավունքի պարտադիր բաղադրիչ բուհերի ինքնակառավարման իրավունքը և չի ապահովում դրա երաշխավորման համար անհրաժեշտ և բավարար չափանիշներ կամ կանոններ:
Երևանի պետական համալսարանի օրինակով ՄԻՊ-ն իր դիմումի մեջ պնդել է, որ Կառավարության կողմից Օրենքի վիճարկվող դրույթների գործադրման արդյունքում՝
1) ժամանակավոր խորհուրդը ձևավորված է Արդարադատության նախարարի հրամանով,
2) գոյություն չունեն խորհրդի կազմի ձևավորման չափանիշներ, խորհրդի անդամներին ներկայացվող պահանջներ,
3) ամրագրված չեն խորհրդի կազմի համամասնության ու ներկայացվածության պահանջները, գործունեության սկզբունքները,
4) խորհուրդը կարող է իրականացնել այն լիազորությունները, որոնք օրենքով վերապահված են հոգաբարձուների խորհրդին,
5) Արդարադատության նախարարի կողմից միանձնյա ձևավորվող խորհուրդն օժտված է նույն գործիքակազմով, ինչ հոգաբարձուների խորհուրդը, այդ թվում՝ բուհերի կառավարման և հետագա գործունեությանն առնչվող ռազմավարական նշանակության հարցեր որոշելու տեսանկյունից:
Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Դիմողը խնդրել է. «…Որոշել «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 78-րդ և 81-րդ հոդվածներին»:
Փետրվարի 22-ին կայացրած որոշմամբ՝ ՍԴ-ն որոշել է՝ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին, 2-րդ պարբերությունները, 3-րդ պարբերության 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը:
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 2-րդ կետը և 4-րդ պարբերությունը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լուծարման համար դատարան դիմելու լիազորության մասով, ճանաչել Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին, 78-րդ հոդվածին հակասող և անվավեր։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով ՍԴ որոշմանը ու դրա համատեքստում ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին, ասաց՝ նշված 7-րդ հոդվածը արդարադատության նախարարին թույլ է տալիս այն պարագայում, երբ բուհ-ը չունի հոգաբարձուների խորհուրդ, ձևավորել ժամանակավոր, անցումային խորհուրդ՝ 3 հոգուց բաղկացած:
«ՍԴ-ն իր որոշմամբ Սահմանադրությանը հակասող է ճանաչել միայն լուծարման դիմելու մասը, իսկ 1-ին մասը, որի համաձայն՝ արդարադատության նախարարն իրավունք ունի նշանակել 3 հոգուց բաղկացած անցումային կամ ժամանակավոր Հոգաբարձուների խորհուրդ, ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող, ինչը, կարելի է ասել՝ առոչինչ է դարձնում, զրոյացնում է ՍԴ-ի՝ նախկինում կայացրած որոշումներով Սահմանադրության 38-րդ հոդվածի մեկնաբանությունները»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այդ մեկնաբանությունների համաձայն՝ ՍԴ-ն ընդհանուր առմամբ վերլուծել էր բուհ-ական ինքնակառավարման իրավունքն ու բուհ-ական ինքնավարության դրսևորումները և մասնավորապես բացահայտել էր, որ բուհ-ական ինքնավարությունն ու ինքնակառավարումը ենթադրում են նաև բուհ-ին արտաքին միջամտությունից պաշտպանելու հնարավորություն կամ արտաքին միջամտության արգելք:
«Իսկ այս որոշմամբ ՍԴ-ն փաստացի լեգիտիմացրեց արտաքին միջամտությունը: Ստացվում է, որ ցանկացած պարագայում, երբ հիմնադիրը, տվյալ դեպքում՝ կառավարությունը կարող է զուտ արտաքին միջամտության նպատակով բուհ-ում ստեղծել ճգնաժամ, ինչի օրինակը մենք ունեցել ենք, և չկա որևէ սահմանադրական մեկնաբանությունը, որը բուհ-ը կպաշտպանի արտաքին միջամտությունից»,- ասաց իրավագիտության դոկտոր-պրոֆեսորը:
Ըստ նրա՝ ՍԴ-ն սխալ է գնահատել բուհ-ական ինքնավարությունը և արտաքին միջամտության արգելքի դրսևորումներն այն առումով, որ ՍԴ-ն գնահատման է արժանացրել միայն բուհ-ը՝ որպես հիմնադրամ, մինչդեռ այս պարագայում պետք է նախապատվությունը տրվեր բուհ-ին՝ որպես պետության քաղաքական և տնտեսական իշխանություններից զատ միավորի: Իսկ ՍԴ-ն որդեգրել է, այսպես կոչված, ֆորմալ մեկնաբանության գործիքակազմ և ընդամենն ասում է մեկ բան՝ այն, ինչը կարգավորված չէ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքով, կարգավորվում է «Հիմնադրամների մասին» օրենքով:
«Բայց ՍԴ-ն գնահատման չի արժանացնում այն, թե «Հիմնադրամների մասին» օրենքի կիրառումը հանգեցնում է բուհ-ի ինքնակառավարման իրավունքի խախտմա՞ն, թե՞ ոչ, և բոլորովին այլ մեկնաբանություն է տալիս՝ ասելով՝ պետությունն իր սահմանադրական պարտականությանը համապատասխան՝ պետք է կրթության համակարգում հանրային պատասխանատուի դեր ստանձնի: Պարզ հարց է առաջանում՝ արդյո՞ք սա ենթադրում է, որ պետությունն իր հանրային պատասխանատուի դերը կատարելու համար պետք է իր անմիջական միջամտության իրավունքն ունենա՞, թե՞ ոչ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Նրա համոզմամբ՝ ՍԴ-ն քաղաքական իշխանության ձեռքը գործիք է տվել, որով ցանկացած պարագայում կարող է իր ցանկության դեպքում ստեղծել ճգնաժամ, ու չկա բուհ-ին այդ ճգնաժամից ու արտաքին միջամտությունից պաշտպանելու գործիքակազմ:
«ՍԴ-ն քաղաքական պատվեր է կատարել՝ ասելով՝ միջամտել կարող ես, բայց լուծարման տանել՝ ոչ: Այստեղ հակասություն կա: Եթե դու 3 հոգանոց խորհրդի ձևավորումը համարում ես իրավաչափ, մյուս մասն ինչո՞ւ չես համարում այդպիսին»,- տարակուսում է Վահե Հովհաննիսյանը:
Նա նաև նկատեց՝ ՍԴ-ի կայացրած այս որոշումը ժամանակավրեպ է, և փաստացի դե յուրե ամրագրվում է դե ֆակտո վիճակը:
«Այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴ-ն չկասեցրեց 23-րդ հոդվածի նորմի գործողությունը, արդարադատության նախարարը ձևավորեց այդ ժամանակավոր խորհուրդը, որը նշանակեց, իմ կարծիքով՝ անօրինական ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, այդ պահից սկսած՝ բուհ-ական ինքնավարությունն ու սահմանադրական նորմը խախտված էին: Դրանից հետո ՍԴ-ն արհեստականորեն ձգձգեց այնքան ժամանակ, որ պաշտպանության ենթակա սուբյեկտի իրավունքը կորցնի իր սկզբնական նշանակությունը, կոնկրետ ԵՊՀ-ի պարագայում նշանակվեց ժ/պ և վերարտադրվեց: Ուստի ՍԴ այս որոշումն ընդամենը դե ֆակտո վիճակի արձանագրում է»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
ԵՊՀ դասախոսը պնդում է՝ իրենք շարունակելու են պայքարել:
«Մենք մեր գործիքները չենք սպառել: Ի տարբերություն մեր մյուս գործընկերների, որոնք քողարկված ձևով համագործակցում են ու դա փորձում են թաքցնել ինչ-որ բարձրագոչ լոզունգների տակ, մենք մինչև վերջ գալու ենք: Միայն ՍԴ որոշմամբ չի սահմանափակվում այս պրոցեսը»,- եզրափակեց Վահե Հովհաննիսյանը: