«Ադրբեջանում հայատյաց քաղաքականությունն արմատացած է, որին հսկայական պետական միջոցներ են հատկացնում». Էդիկ Մինասյան

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանի բնորոշմամբ՝ խայտառակություն է այն, երբ ադրբեջանցի պատգամավորները գալիս են Երևան, այցելում Կապույտ մզկիթ և հետո այն անվանում ադրբեջանական։

«Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը կեղծում է պատմությունը՝ իրականացնելով մշակութային ցեղասպանություն։ Այսօր հերթական անգամ Ադրբեջանն իրանական մզկիթն անվանում է ադրբեջանական։ Իրանը դրան հակադարձել է արդեն, այսօր անհրաժեշտություն է նաև մեր հասարակության կողմից միասնական հակահարված տալը։ Կեղծելն Ադրբեջանի համար սովորական երևույթ է, ինչը, իհարկե, ցավալի իրողություն է, հատկապես այն առումով, որ այսօր միայն սա չեն կեղծում։ Այսօր տեսեք՝ ինչպես են վարվում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ, նույնը Կանաչ վանքի դեպքում է, նրանք ոչնչացնում են մեր մշակութային արժեքները՝ դրանք համարելով աղվանական»,- 168.amի հետ զրույցում ասաց Էդիկ Մինասյանը՝ անդրադառնալով ադրբեջանի 2 պատգամավորների կեղծ հայտարարությանը, թե Կապույտ մզկիթն ադրբեջանական է։

Ըստ պատմաբանի, այս ամենի նպատակը հայերի հայրենիքի յուրացման սինդրոմն է, որը տարիներ շարունակ Ադրբեջանում գործում է և շարունակական բնույթ ունի։

Անդրադառնալով 1988 թվականին Ադրբեջանի կողմից Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացրած զանգվածային ջարդերին, Էդիկ Մինասյանն ասաց, որ անհրաժեշտ է, որպեսզի ընդունվի բանաձև՝ ՀՀ խորհրդարանի կողմից՝ Ադրբեջանի կողմից Սումգայիթում ու Բաքվում իրականացրած ցեղասպանության վերաբերյալ, որը մեկ ամբողջական շղթայի մեջ է կատարվել։

«Այս ամենը շարունակական բնույթ կրեցին նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ցավոք, պետական մակարդակով մենք դեռևս այս հարցերին՝ կոնկրետ ադրբեջանական կեղծարարությանը հակահարված հասցնելու առումով ընդհանուր մշակված հայեցակարգ չունենք։

Այսօր Ադրբեջանում հայատյաց քաղաքականությունն արմատացած քաղաքականություն է, որին հսկայական պետական միջոցներ են հատկացնում և մեծ աշխատանք են տանում»,- հավելեց Էդիկ Մինասյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 21-22-ը  «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրքիշիլին այցելել էին Կապույտ մզկիթ և սոցցանցում կատարել գրառում.

«Մենք եղանք «Կապույտ մզկիթում»։ Որքան մեզ հայտնի է, դա Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»,- գրել էր Թաիր Միրքիշիլին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս