Փոխարենն օր առաջ ձեռնամուխ լինեն կանխարգելիչ միջոցառումների, հիմքեր են ստեղծում՝ նոր խնդիրներն այս իրողությունների վրա բարդելու համար. Տնտեսագետ
«ՀՀ կենտրոնական բանկն ուշադիր հետևում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական շուկաների զարգացումներին, մշտապես հաղորդակցվում է ֆինանսական շուկայի մասնակիցների հետ և տիրապետում է բոլոր հնարավորություններին ու գործիքներին Հայաստանի Հանրապետությունում գների և ֆինանսական կայունության ապահովման համար»,- սա Կենտրոնական բանկի արձագանքն է՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին տնտեսական հնարավոր անցանկալի հետևանքների մասին 168.am-ի հարցադրումներին ի պատասխան: Կառավարության հերթական նիստից հետո էլ Էկոնոմիկայի նախարարն էր լրագրողներին վստահեցրել՝ հետևում են ռուս-ուկրաինական զարգացումների տնտեսական ֆոնին, ուսումնասիրում գործոնները:
Պարզից էլ պարզ է՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են ազդելու Հայաստանի տնտեսության վրա. ռուբլու արժեզրկումն առաջին հարվածն է: Ի դեպ, Արևմուտքն արդեն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է՝ Ռուսաստանի տնտեսությունը ծանր գին կվճարի և՛ հիմա, և՛ ապագայում, անգամ քննարկվում է Ռուսաստանին SWIFT համակարգից հեռացնելու հարցը:
Ի՞նչ ազդեցություն կունենան այս սանկցիաները ՀՀ տնտեսության վրա, և արդյո՞ք Հայաստանի տնտեսությունը պատրաստ է հերթական մարտահրավերին՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նախ արձանագրեց՝ ՀՀ և ՌԴ տնտեսության փոխազդեցությունը և ինտեգրման աստիճանը բավականին բարձր է:
«Մեր արտահանման քառորդ մասն ուղղվում է ՌԴ, ՌԴ-ից ներմուծումների մեջ գրեթե այդ չափով տեսակարար կշիռ ունենք, նաև դրան գումարենք այն, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների մեջ մեր երկրում բավականին մեծ ծավալ ունի ՌԴ-ն: Բացի այդ էլ՝ կարևոր է փաստել, որ ՌԴ-ի հետ մեր արտաքին առևտուրը, ընդհանրապես կապիտալի շարժն ավելի բարձր աճի տեմպ ունի, քան միջինում մեր հանրապետությունում արձանագրված է:
Այսինքն՝ ՌԴ-ն մեր հիմնական առևտրային գործընկերն է, նաև ներդրումների առումով կարևոր գործընկեր: Ի դեպ, մեր արտագնա աշխատանքի մեկնողների մոտ 70 տոկոսը հենց ՌԴ են ուղևորվում, և, բնականաբար, տրանսֆերտների մեծ մասը, որ մենք ստանում ենք, հենց ՌԴ-ից է»,- մանրամասնեց տնտեսագետը:
Ըստ նրա, սակայն, դեռևս անորոշ է ազդեցության մասին ինչ-ինչ գնահատականներ հնչեցնելը, քանի որ դեռևս անհայտ են սահմանափակումների ցանկը, ժամկետները:
«Դրանք օբյեկտիվորեն անորոշ են, որովհետև պրոցեսը դեռևս շարունակվում է, բայց նկատի ունենալով այն երևացող մասը՝ որոշ սահմանափակումների գործադրումը, հակվածությունը սահմանափակումների կիրառման, պետք է նշել, որ, այո, Ռուսաստանի և տարածաշրջանի համար լինելու են շատ լուրջ հետևանքներ՝ ոչ միայն ՌԴ ազգային արժույթի արժեզրկման հետևանքով, այլ նաև՝ մի շարք ներդրումային ծրագրեր, խոշոր ծրագրեր կարող է դադարեն, ինչն էլ կհանգեցնի տնտեսական բացասական հետևանքների»,- հավելեց Թադևոս Ավետիսյանը:
Հարցին՝ Հայաստանն արդյոք պատրա՞ստ է դիմակայելու հերթական մարտահրավերին, պատգամավորը պատասխանեց՝ հիշեցնելով, որ 2020 թվականի աղետներից հետո տնտեսությունը դեռևս չի վերականգնվել, ինչի հետևանքով ունենք բարձր գնաճ, պետական պարտքի առաջանցիկ ավելացում և ոչ բավարար տնտեսական ակտիվություն, որը 2021թ. կբերեր վերականգնման:
«Մենք այսպես մտանք 2022թ., և այժմ՝ նոր մարտահրավեր: Ու փոխարենն օր առաջ ձեռնամուխ լինեն կանխարգելիչ միջոցառումների, տնտեսական իմունիտետը բարձրացնելու և այս նոր մարտահրավերներին դիմակայելու լուծումներ բերեն, հիմքեր են ստեղծում, որ արդեն տեսանելի ձախողումներն ու նոր խնդիրները հիմա էլ բարդեն այս նոր աշխարհաքաղաքական իրողությունների վրա: Սա է այս իշխանությունների ոճը:
Կարծում եմ՝ այն հնարավոր բացասական հետևանքները, որ լինելու են, այս իշխանությունների օրոք լինելու են այնքան, որքան դրանք կարող են լինել»,- եզրափակեց տնտեսագետը:
Հիշեցնենք՝ դեռ տարեսկզբի ասուլիսում թեմայով մտահոգություններ էր հայտնել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ասելով. «Ամենաանցանկալի բանը, որը 2022 թվականին կարող է տեղի ունենալ, պատերազմական սցենարն է, որի հետևանքով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կկիրառվեն որոշակի սանկցիաներ: Բնականաբար, ազդեցության չափն ու մակարդակը մեր տնտեսության վրա կախված կլինի, թե ինչ տիպի սանկցիաներ են կիրառվելու Ռուսաստանի վրա:
Եթե սանկցիաները ներառեն նաև ֆինանսական հատվածը, բնականաբար, Ռուսաստանում ամենայն հավանականությամբ տեղի կունենա ազգային արժույթի արժեզրկում, ինչի հետևանքով մենք մեր մրցունակությունը որոշակիորեն կկորցնենք ՌԴ տնտեսության հանդեպ։ Դա դեռ ամենաթեթև բաներն եմ ասում:
Ֆինանսական հատվածից եկող ռիսկերը շատ ավելի մեծ են, որովհետև մեր հարաբերությունները սպասարկվում են նաև ռուսական բանկերի միջոցով. արդյոք այդ ռուսական բանկերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ դնելը նաև անդրադառնալո՞ւ է Հայաստանի վրա՝ հայելային սահմանափակումներ դնելով, թե՞ ոչ։ Սցենարներ են, որոնք այս պահին անորոշություն են պարունակում»: