Բաժիններ՝

«Մի 4 տարի առաջ գյուղատնտեսությունը կարգին զարգանում էր, սրանք եկան՝ լրիվ տորմուզ տվեցին»․ գյուղատնտես

Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայքներում մարդիկ սկսել են հողագործության աշխատանքները։ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Լալազարյանը, որ նախորդ տարի ոռոգման ջուր չլինելու պատճառով ֆինանսական մեծ վնասներ էր կրել, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր բազմաթիվ հողօգտագործողներ հրաժարվել են հող մշակել, ոմանք էլ կրճատել են հողատարածքների թիվը, մի քանի հեկտար պակաս են մշակում։ Ինքն էլ շատերի նման ռիսկի է գնում, այլ տարբերակ չկա, պետք է հող մշակի, որպեսզի օրվա հացը վաստակի։

Սամվել Լալազարյանին հարցրեցինք, թե այս պահին ի՞նչ աշխատանք են կարողանում կատարել․

«Աշխատանքները կամաց-կամաց սկսում ենք, սոխերի ակոսներն ենք թարմացնում, կարտոֆիլ էլ ենք ցանում, արդեն ժամանակն է, հիմա պարարտանյութի հարցն է, ճիշտ է, մի քիչ առել ենք թանկ գնով, բայց սպասում ենք, ասել են՝ սուբսիդավորված կտան, բայց դրանք առայժմ խոսակցություններ են։ Մեկ պարկը՝ 50 կիլոգրամ, 16.500 դրամով ենք առել, բայց դա էժան գինն եմ ասում, 20.000-22.000 են ասում։ Անցած տարի՝ 7000, ամենաշատը 7500 դրամով էինք առնում, բայց այս տարի դարձրել են 20.000-22.000 դրամ, ու չկա էլ հիմա։ Քաղաքապետարանից ասում են՝ սուբսիդավորում կլինի, բայց ե՞րբ, իրենք էլ չգիտեն։ Եթե սուբսիդավորում լինի՝ 9500-10.000 դրամ ենք վճարելու»։

Երկար տարիներ գյուղատնտեսությամբ զբաղվող Սամվել Լալազարյանը բավարար քանակով ոռոգման ջուր չտրամադրելու պատճառով կրած վնասների մասին նաև թվերով խոսեց․

«Անցյալ տարի շատ-շատ տուժեցի, հաշվարկեցի, 6-7 հեկտար սոխից համարյա 10.000 դոլար՝ 5 միլիոն դրամի չափով կորուստ եմ ունեցել, եթե սեզոնին 2 ջուր ավելի ջրած լինեի, բավականին շատ բերք կստանայի, բերք չկար անցած տարի, մինչև 30 տոննայի սահմաններում էր, իսկ մենք, տարի է եղել, 65-70 տոննա բերք ենք ստացել 1 հեկտարից։ Եվրոպական հիբրիդները բավականին բերքատու են, միայն ջուր լինի՝ ջրենք։ Ցավալին գիտե՞ք որն է, որ ասում ենք՝ ջուր չկա, մուննաթով, ցինիկ ձևով են արձագանքում։ Ախր, հարգելի՛ Կառավարություն, մենք գումար ենք մուծում, դա ծառայություն է, դուք պայմանագիր եք կնքում մեզ հետ, բարի եղեք ջրով ապահովել, վերջում էլ շանտաժ են անում՝ տե՛ս, հանկարծ ջրի վարձը չմուծեցիր՝ հաջորդ տարի ավելի վատ կլինի, այդ վիճակն է․․․

Մարդիկ կան, որ շատ հողեր ունեն, բայց ռիսկ չեն անում մշակել, մեկ էլ տեսար՝ ընդհանրապես ջուր չտվեցին, աստիճանաբար պակասեցնում ենք, մինչև տեսնենք՝ ինչ է լինում, դե, հեկտարի վրա մոտ 2-2.5 միլիոն դրամ գումար ենք ծախսում մինչև բերքահավաքը, պատկերացրեք՝ ինչքան կտուժենք, որ ջուր չտան»։

Սամվել Լալազարյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում միշտ են խնդիրներ եղել, բայց այսօրվա վիճակն անհամեմատելի է, ասում է՝ ամեն ինչում մեղավոր են օրվա իշխանությունները, նրանք բոլոր ոլորտներում են ձախողել․

«Որ կարողանանք այս տարի սրանցից ազատվել՝ շատ լավ կլինի, այսպիսի բացահայտ անպատասխանատվություն ես չէի պատկերացնում սրանցից, ինչ-որ տեղ նաև միտում էլ կա, որ բերքը հաջող չլինի, գնան Թուրքիայից կամ Ադրբեջանից բերեն, ախր չի՛ կարելի։ Սա երևի տեղավորվում է Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանի մեջ, իր խաղաղությունը կպնի իր գլխին»։

Մեր զրուցակցին հարցրեցինք, թե արդյոք որևէ փոխհատուցում տրամադրվե՞լ է իրենց, նախորդ տարվա ոռոգման ջուր չլինելու պատճառով չորացած մշակաբույսերի համար, քանի որ գյուղացիները նախորդ տարի ամռանը նաև նման պահանջով էին ճանապարհ փակել․

«Ո՛չ մի բան, ընդհակառակը, ջրի վարձերը վերցրեցին, ասացին՝ դե, փորձեք մի տվեք, ձեր համար ենք ասում, իբր վատ կվերջանա։ Ոչ մեկը ոչ գալիս է, ոչ հետաքրքրվում, ոնց երկրի վիճակն է, նույնն էլ՝ մեր վիճակը, բացարձակ անտերություն է։ Ռիսկի դիմելով՝ գնում ենք, հող մշակում։ Գիտե՞ք ինչ կա, չե՛նք ուզում արտագաղթել, սա մեր երկիրն է, այստեղ մեր ծնողների գերեզմաններն են, ուղղակի խելքը գլխին ղեկավար է պետք, որը կմտածի իր ժողովրդի մասին, շոուներով չզբաղվի՝ ցուցադրական ինչ-որ բաներ, մինչև հիմա դիակներ ենք գտնում, սրանք ասում են՝ խաղաղություն-խաղաղություն, էդ ո՞ւմ եք զարմացնում, ո՞ւմ եք հաճոյանում, Թուրքիային ու Ադրբեջանի՞ն, դե, ձեր ընտանիքները վերցրեք ու գնացեք այնտեղ ապրեք, ի՞նչ եք իզուր տեղը մեր ժողովրդին վնաս տալիս․․․

Մի 4 տարի առաջ լավ էլ կարգին գյուղատնտեսությունը զարգանում էր, սրանք եկան, լրիվ տորմուզ տվեցին։ Մեզ չխանգարեն, ջուրը տան, աշխատենք, մթության մեջ խարխափելով՝ պատերը շոշափելով, գնում ենք, սրանցից լավ բան ժողովուրդը չի էլ սպասում, բացարձակ խայտառակ վիճակ է, անտերություն, պատասխանատվության 0 զգացում, մենք նման բաներ չէինք տեսել, ճիշտ է, նախորդ իշխանությունները եսիմ ինչ չէին, բայց սրանից հաստատ լավ էին, պարարտանյութերը բերում շուկայական գներից ցածր գներով տալիս էին, ինչքան ուզեիր, կամ սայլարկա կբերեին շուկայականից ցածր գնով, սրանց ժամանակ ոչ մի բան չկա, ոչ մի բան չի գործում, ո՞ւր են այդ կառույցները, պարգևավճարներ է, որ ստանում են, այդ ի՞նչ եք արել․․․»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս