Ճնշումները տվեցին իրենց արդյունքը. Դատավորների ընդհանուր ժողովը չկայացավ
Փետրվարի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 04-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Դատավորների արտահերթ ժողովը հրավիրվել էր հենց իրենց՝ դատական համակարգի ներկայացուցիչների պահանջով:
Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումից հետո մոտ 100 դատավորներ դիմել էին Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին՝ դատավորների արտահերթ ժողով հրավիրելու պահանջով՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ այսուհետ վտանգված է դատական համակարգի անկախությունը:
Շատ մեծ մտավախություն կար, որ Ժողովը չի կայանա քվորում չապահովելու պատճառով, քանի որ 168.am-ի տեղեկություններով՝ մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն անձամբ էր համակարգում Ժողովը վիժեցնելու գործընթացը:
Այդ նպատակով նա նույնիսկ Վճռաբեկ դատարան էր այցելել՝ հավանաբար Վճռաբեկ դատարանի նախագահ, իր վաղեմի ընկեր Լիլիթ Թադևոսյանի հետ քննարկելու դրան ուղղված գործողությունների հաջորդականությունը:
Գագիկ Ջհանգիրյանն, անշուշտ, շահագրգիռ էր, որ Ժողովը չկայանա, քանի որ մեր տեղեկություններով՝ Ժողովի ժամանակ նաև ԲԴԽ-ի հարցն էր լինելու ուշադրության կենտրոնում, և թեպետ չկա իրավական ընթացակարգ, որ Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ԲԴԽ-ին անվստահություն հայտնելու պարագայում այն կցրվեր, ակնհայտ է, որ դա հեղինակության տեսանկյունից մեծ հարված կլիներ ԲԴԽ-ին:
Ինչպես և ակնկալվում էր, Ժողովը չկայացավ: Ճնշումները տվեցին իրենց արդյունքը, քվորում չապահովվեց. ԲԴԽ-ն այս ռաունդում հաղթեց:
Իսկ բոլոր «վախեցած» ու Ժողովին չներկայացած դատավորները, թերևս, հիշեն՝ այդ մահակն առաջին հերթին իրենց գլխին է իջնելու: