Նիկոլ Փաշինյանի նվերը՝ ինքն իրեն

«Բաժանիր, որ տիրես» սկզբունքը հին է մարդկության չափ, թեև տարբեր հեղինակների կողմից վերագրվում է տարբեր սկզբնաղբյուրների, թեև, անկախ նրանից՝ ով է առաջին անգամ բարձրաձայնել կամ կիրառել այն, դրա էությունը չի փոխվում։ Բայց եթե Հռոմում կամ միջնադարյան Եվրոպայում այն վերաբերում էր հիմնականում իշխանության բաժանմանը՝ ամբողջական իշխանության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, ապա ժամանակակից աշխարհում կիրառելի է նաև լայն զանգվածների, հասարակության նկատմամբ։ Հենց այս սկզբունքով էլ առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց նրբությունն այն է, որ նա չի ցանկանում որևէ չափով հրաժարվել իշխանությունից, ամբողջությամբ կենտրոնացնում է իշխանությունն իր ձեռում, ինչի վկայությունն է իշխանությանը հակակշռող ու փոխզսպող համակարգերի տոտալ անգործությունը։

Մյուս կողմից՝ սակայն, Նիկոլ Փաշինյանը «բաժանիր, որ տիրես» սկզբունքը արդյունավետորեն կիրառում է հասարակության նկատմամբ՝ իշխանության գալու առաջին օրից։ Հասարակությանը սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների և այլ հատկանիշներով բաժանելու նպատակն իրականում միայն քարոզչական չէ։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է բառի ամենաուղիղ  իմաստով բաժանել հասարակությանը, քանի որ այդպիսով թուլանում է հանրության համախմբման, մոբիլիզացիայի հնարավորությունը, ինչն ուղիղ ռիսկ է ցանկացած, հատկապես՝ պոպուլիստական իշխանության համար։

Անցած չորս տարիներին Նիկոլ Փաշինյանն այդ սկզբունքով փորձել է կազմալուծել գրեթե բոլոր համայնքները՝ սկսած հայրենակցական կապերից՝ մինչև մասնագիտական միավորումներ։ Հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը դրա ամենատարածված դրսևորումն է, թեև ուշադիր սոցիոլոգները կարող են հայտնաբերել ըստ ծագման սեգրեգացիայի բազմաթիվ այլ օրինակներ ևս։

Նույն սկզբունքը կենտրոնացված իշխանությունը կիրառում է նաև մասնագիտական համայնքներում։ Իրականում առանձին վերցրած դատավորին դատում են ոչ միայն ու ոչ այնքան՝ նրա կայացրած կոնկրետ  վճռի պատճառով, այլ՝ որովհետև դրանով մասնատում են դատավորների համայնքը՝ մի մասը կանգնում է հետապնդվող գործընկերոջ կողքին, շատերը վախից կամ նյութական շահերից դրդված՝ լոյալություն են հայտնում իշխանությանը։ Այլ դրսևորումներով նույնը տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմիններում, մտավորական շրջանակներում, մամուլում, գործարար խավում։ Սկզբունքը նույնն է՝ յուրայինների և օտարների բաժանում՝ այնպես, որ նվազագույնի հասցվեն մասնագիտական համայնքների կամ այլ գործոններով մարդկանց միավորումների համախմբման հնարավորությունները, որովհետև լոկալ համախմբումները կարող են կրիտիկական պահի հանգեցնել գլոբալ մոբիլիզացիայի՝ իրական վտանգ դառնալով իշխանության համար։ Համայնքների մակարդակում ջլատված, կազմալուծված ու նվազագույն համախմբման ռեսուրս ունեցող հասարակությունն իսկական նվեր է ցանկացած իշխանության համար։

Ահա Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ամեն օր ավելի գայթակղիչ ու անկրկնելի է դարձնում սեփական նվերը։ Այդպիսի հասարակությունը ժամանակի հետ նպաստում է իշխանության դեսպոտացմանը, քանի որ առանց համախմբման՝ հասարակությունը չի կարող վերահսկել իշխանությանը, իսկ առանց վերահսկողության՝ իշխանությունը վերածվում է դեսպոտի, որն ամրապնդվում է պետության ու հասարակության հաշվին։ Այս գործընթացի առանձնահատկությունն այն է, որ դա կարող է իրականացվել անգամ առանց կոնկրետ վերջնանպատակի․ կարևորը ոչ այնքան նպատակն է, որքան գործընթացն ինքնին։

Իշխանությունն ուժեղանում է՝ մասնատելով հասարակությանը, յուրաքանչյուր մասնատումից հասարակությունն ավելի է ամրապնդում իշխանությանը։ Սա արատավոր շրջան է, որը կարող է բեկվել միայն ներքևից՝ հասարակության կողմից ինքնամոբիլիզացիայի ջանքի շնորհիվ, բայց դրա հնարավորությունները խիստ սահմանափակ են՝ նաև այն պատճառով, որ նման գործառույթ ունեցող ամենակենսունակ ինստիտուտը՝ քաղաքական համակարգը, նույնպես մասնատված ու հեղինակազրկված է գրեթե անդառնալիորեն։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս