Ե՞րբ կհայտարարվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի նոր մրցույթը
2021թ. օգոստոսի 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ում պաշտոնավարման 6 ամիսը կլրանա մեկ շաբաթից:
Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն, ԿԳՄՍ նախարարությունը չի շտապում մրցույթ հայտարարել տնօրենի թափուր պաշտոնի համար, քանի որ տնօրենի ԺՊ-ի պարտականություններն իրականացնող Կարեն Դուրգարյանը չունի օրենքով պահանջվող առնվազն 5 տարվա կառավարման փորձ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից փորձեցինք պարզել՝ ի վերջո, ե՞րբ է մրցույթ հայտարարվելու։ Լրատվական բաժնից պատասխանեցին՝ առաջիկայում, ասել է թե՝ 1-2 ամսվա ընթացքում:
Մեր տեղեկություններով՝ մրցույթ չեն շտապում հայտարարել, քանի որ ՊՈԱԿ-ին վերաբերող հարցեր կան, որոնք պետք է հստակեցվեն:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 2021թ. դեկտեմբերի 10-ին ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ՊՈԱԿ-ների ղեկավար նշանակվելու համար սահմանված պահանջներում փոփոխություններ են կատարվել:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացել է 61 «կողմ», 26 «դեմ» ձայներ: Գործող օրենքով սահմանված է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն գործունակ, չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել էր, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կընձեռի հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց ևս մասնակցելու գործադիր մարմնի ընտրությանը, ինչով նաև կընդլայնվի այդ ընտրության հնարավորությունը՝ առավել մասնագիտացված անձանց միջև:
Այսպիսով նախագծով սահմանվում է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն բարձրագույն կրթություն ունեցող, գործունակ, չափահաս քաղաքացին, ով ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
«Նախատեսվում է ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակի ընդլայնում, ըստ էության, ժամկետային առումով՝ առավել խստացում»,- նշել էր փոխնախարարը:
Նշենք, որ այս 6 ամսվա ընթացքում արտիստները հասցրել են դժգոհել մի շարք խնդիրներից, որոնց մի մասին Կարեն Դուրգարյանն անդրադարձել էր 168.am-ի հետ զրույցում, որից մի քանի հատված ներկայացնում ենք ստորև:
– Տեղյակ եմ, որ Օպերային թատրոնում որոշ փոփոխություններ եք արել. կարևորել եք, որպեսզի աշխատողները լինեն դասական հագուստով, չկրեն սպորտային կոշիկներ, իսկ լրատվամիջոցներում գրվեց այն մասին, որ, օրինակ, արտիստները պետք է ստորագրեն մատյանում՝ աշխատանքի ներկայանալու դիմաց, եթե չեն ստորագրում, պետք է բացատրագիր գրեն, թե ինչու չեն ներկայացել և չեն ստորագրել։ Այլ ի՞նչ փոփոխություններ եք արել այս ընթացքում:
– Դրանք փոփոխություններ չեն: Ես որևէ նոր փոփոխություն չեմ մտցրել, և դա իմ գործը չէ: Ուղղակի ամեն ինչ պետք է դիսցիպլինայի (կարգապահություն) մեջ լինի: Մարդը եկել է աշխատանքի, պետք է ստորագրի, ներկա ստանա, չէ՞:
– Մի քիչ սովետական մոտեցում չէ՞:
– Ներողություն, Դուք աշխատավարձ ստանո՞ւմ եք: Կարող եք աշխատանքի չգնալ և աշխատավարձ ստանա՞լ: Բա ինչպե՞ս հասկանանք՝ Դուք եկե՞լ եք աշխատանքի, թե՞ չէ: Մեկը ներկա դնո՞ւմ է, թե՞ ասում են՝ բարև ձեզ, եկեք մի բաժակ սուրճ խմենք, դուք եկել եք աշխատանքի: Սա պետական հիմնարկ է, և պետական հիմնարկն ունի իր օրենքները՝ դա լինի Սովետական Միություն, թե Գերմանիայի Դաշնություն: Կներեք, Գերմանիայում ամենախիստ ստորագրություններն են ստանում: Մեզ մոտ էլ, անշուշտ, չիպավորված է, բայց նկատելով որոշ խախտումներ, ասում ենք՝ չէ, պետք է ստորագրեն, որ տեսնենք՝ այս մարդը եկել է: Որովհետև կներեք, սա պետական հիմնարկ է, բարեգործական միություն չէ, որ ով երբ ուզի՝ գա սուրճ խմի, վայելի, հետո ասի՝ ինձ աշխատավարձ տվեք: Ներողություն՝ դիսցիպլինա: Իսկ ինչ վերաբերում է սպորտային հագուստին, ապա կներեք, նվագախմբի արտիստն իրավունք չունի սպորտային հագուստով գա թատրոն՝ աշխատանքի: Սպորտային հագուստով կարող է գնալ սպորտային դահլիճ:
– Կարծեմ հրավիրատոմսերի հետ կապված էլ որոշ փոփոխություններ են արվել: Մեր ազգի մեծ մասը սովոր է հրավիրատոմսով ինչ-որ մի տեղ գնալ: Թե՛ մեներգիչները, թե՛ թատրոնի այլ աշխատակիցներ այսուհետ, ներկայացումների ժամանակ իրավունք չունեն դահլիճում նստել և ունկնդրել տվյալ օրվա ներկայացումը։ Ցանկության դեպքում պետք է տոմս գնեն:
– Կարո՞ղ եմ Ձեզ մի հարց տալ.Դուք աշխատավարձ եք ստանում. կուզե՞ք, որ աշխատավարձը հրավիրատոմսի տեսքով լինի: Թատրոնի տոմսից հավաքված գումարը նաև մուտք է գործում՝ որպես աշխատավարձ: Այսինքն, մարդը, երբ աշխատավարձ է ստանում, պետությունը տալիս է մի մասը, մյուս մասը պետք է թատրոնը աշխատի: Հիմա, եթե մենք չենք աշխատում, հրավիրատոմսով ենք անում, հետևաբար՝ ես առաջարկում եմ մարդկանց աշխատավարձի մի մասը հրավիրատոմսի տեսքով տանք: Ստացվում է՝ տնօրենն իրենց աշխատավարձ չտվեց. բայց պատճառը՝ ինչո՞ւ չտվեց: Եկեք հրավիրատոմս տանք աշխատավարձի փոխարեն: Ուզում եմ շեշտել, որ հրավիրատոմսով մարդուն բերել թատրոն՝ դա նշանակում է ցույց տալ, որ թատրոնը, դասական արվեստը, ընդհանրապես արվեստը էժանագին մի բան է: Չեմ համեմատում թատրոնը ռեստորանի հետ, բայց իբրև սերվիս՝ գնանք ռեստորան և ասենք՝ գիտեք ինչ, մենք ձեզ գումար չենք տալու, հրավիրատոմս ենք տալու: Դուք մեզ տվեք կերակուր, մենք տանք Օպերային թատրոնի հրավիրատոմս: Եկեք այսպես ասած՝ «բարտեր» (ապրանքանյութական արժեքների փոխանակում` մեկը մյուսով, առանց դրամական միջոցների միջամտության) անենք: Կլինի՞, չի լինի, չէ՞: Իսկ ո՞վ է ասում, որ Օպերային թատրոնի տոմսը պետք է հրավիրատոմսի տեսքով լինի: Ինչո՞ւ: Բա այս խեղճ արտիստները որ աշխատում են, իրենց ո՞նց աշխատավարձ տանք: Եթե հարգում ենք արտիստին, ուրեմն պետք է տոմս գնել: Ես այդպես եմ կարծում: