Ես գիտեմ՝ խնդիրներ կան, որոնք տիկին Վիկտորինը պատկերացնում է, գիտի. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի լիազորություններն այսօր ավարտվում են, լրագրողների հետ կայացած ամփոփիչ ասուլիսում, ի թիվս ոլորտին առնչվող այլ հարցերի, անդրադարձավ նաև դատաիրավական ոլորտի խնդիրներին:

168.am-ն այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանին խնդրեց գնահատել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի մի քանի վիճահարույց հայտարարությունները։ Օրինակ, որ «արդարադատության ոլորտի բարեփոխումներում տեղի է ունեցել բավականին մեծ առաջընթաց», և, որ «վեթինգը, որը սկզբից արվեց Սահմանադրական դատարանում, պրոցես է, որը ժամանակ է պահանջում, բայց արվում է»:

Արման Թաթոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԵՄ դեսպանի հայտարարության մեջ կա դիտավորություն՝ փաստացի վեթինգի մասին օրենքի բացակայության պարագայում խոսել վեթինգի մասին:

Պատասխանելով հարցին՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նախ արձանագրեց, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտապես ունեցել է և ունի բարձր վստահության վրա հիմնված հարաբերություններ, ապա արձանագրեց.

«Մենք բազմիցս շատ հարցեր ենք քննարկում տիկին Վիկտորինի հետ. նաև ընդամենը վերջերս եղավ հանդիպում: Ներկայացնում ենք մեր խնդիրները, մտահոգությունները, կիսվում ենք տարբեր հարցերով, և այլն:

Ես գիտեմ, որ խնդիներ կան, որոնք տիկին Վիկտորինը պատկերացնում է, գիտի: Այդ հարցազրույցը, քանի որ չեմ տեսել, չեմ կարող գնահատել, բայց ես բարձր եմ գնահատում հատկապես այս վերջերս տիկին Վիկտորինի աջակցությամբ իրականացվող ծրագիրը Հայաստանում, որը վերաբերում է ինստիտուցիոնալ համակարգերին: Ես կարող եմ միայն ՄԻՊ տեսանկյունից պատասխանել»:

Արձագանքելով մեր դիտարկմանը, թե այդուհանդերձ ինչպե՞ս է գնահատում արդարադատության ոլորտում առաջընթացի մասին  նմանատիպ հայտարարությունները՝ նաև իր կողմից մատնանշած խնդիրների համատեքստում, և հիշեցմանը, որ ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին, օրինակ, դատարանների շրջափակման խնդրահարույց դրվագից հետո նշել էր դատաիրավական ոլորտում դրական տեղաշարժերի մասին, ՀՀ ՄԻՊ-ը պատասխանեց.

«Չկա այնպիսի հարց, որ ես չուզենամ պատասխանել, բայց դա այնպիսի հարց է, որ ճիշտ է իրենց ուղղել:

Ինչ որ կա, ինքս մեր միջազգային գործընկերներին ներկայացնում եմ. հիմա, որպես ՄԻՊ, մենք շատ միջազգային գործընկների հետ, բոլորի հետ, ովքեր ներգրավվածություն ունեն այս ոլորտում, ունենք բարձր որակի հարաբերություններ, և ես շատ գնահատում եմ իրենց ներկայությունը Հայաստանում և իրենց աշխատանքը Հայաստանում»:

Տեսանյութեր

Լրահոս