Ի՞նչ վեթինգի մասին է խոսում ՀՀ-ում ԵՄ դեսպանը, եթե Հայաստանում չի ընդունվել վեթինգի մասին օրենք

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Մեդիա կենտրոնին տված հարցազրույցում ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում խոսելով արդարադատության ոլորտում բարեփոխումների մասին՝ արձանագրել է․ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներում տեղի է ունեցել բավականին մեծ առաջընթաց»:

Հարցազրուցավարի դիտարկմանը, թե ասվածի հետ չեն համաձայնի իրավապաշտպանները, քանի որ մշտապես բարձրաձայնում են հարցը, թե վեթինգի մասին հայտարարվեց, սակայն չիրականացվեց, տեղի են ունենում խաղաղ հավաքներ, որոնք զուգորդվում են ոստիկանության կողմից ֆիզիկական բռնություններով, և այլն, ԵՄ դեսպանն արձագանքեց.

«Պետք է ասեմ, որ սրանք տարբեր բաներ են.  իսկ, օրինակ, այդ վեթինգը, որը սկզբից արվեց Սահմանադրական դատարանում, պրոցես է, որը ժամանակ է պահանջում, բայց արվում է: Մնացյալ հարցերը, որ դուք նշեցիք, վերաբերում են մարդու իրավունքներին. դրանք մեր մարդու իրավունքների ոլորտում համագործակցության շրջանակում կարելի է դիտարկել»:

Թե ի՞նչ վեթինգի մասին է խոսում Անդրեա Վիկտորինը՝ անհասկանալի է. հավանաբար տիկին դեսպանն ակնարկում է 2020 թվականի հունիսին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծով Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունների դադարեցման դրվագը, որը, ի դեպ, դեռևս վիճարկվում է ՄԻԵԴ-ում:

168.am-ի հետ զրույցում իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի ձևակերպմանը, նկատեց. «Նախ՝ վեթինգի մասին օրենք մենք չունենք, ուստի վեթինգի մասին մենք չենք էլ կարող խոսել: Ոչ ոք իրավունք չունի նշելու, որ ինչ-որ վեթինգ է իրականացվել, երբ օրենք չկա»:

Արա Ղազարյանն այդ հայտարարությունը որակեց ուղղակի դիվանագետի արտահայտած կարծիք, ապա անդրադառնալով մեր դիտարկմանը, թե գուցե դեսպանը նկատի է ունեցել ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցումը, շեշտեց՝ դա առնչություն չունի վեթինգի հետ, այլ նոր ընդունված օրենքին հետադարձ ուժ տալու ցանկություն էր:

«Այդ խնդիրը դեռ ավարտված չէ, որովհետև Եվրոպական դատարանն այս տարի արդեն վճիռ կկայացնի դրա վերաբերյալ: Խնդրո առարկա հարցն էլ այն է, թե արդյո՞ք նոր ընդունված օրենքը կարելի էր հետադարձ ուժով կիրառել արդեն գործող դատավորների վրա, թե՞ ոչ»,- հավելեց նա:

«Վեթինգի մասին օրենք մենք չունենք. դրա համար պետք է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվի, որպեսզի վեթինգը կիրառվի արդեն աշխատող դատավորների, ոչ թե նոր պաշտոնավարման մտնող դատավորների նկատմամբ»,- եզրափակեց իրավաբանը:

Տեսանյութեր

Լրահոս