Ում կընտրի Շուշիում պարող Նիկոլ Փաշինյանը
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։
Արցախի խորհրդարանի կողմից նման օրինագծի ընդունումն արժանացել է ամենածայրահեղ գնահատականների՝ սկսած զգայական ոգևորությունից՝ մինչև ընդհուպ ցինիզմի հասնող քննադատություն, որ նման փաստաթղթով կարող է վտանգվել ներկայիս փխրուն խաղաղությունը և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու Հայաստանի իշխանությունների ծրագիրը։
Իրականությունը, ինչպես միշտ, այս ծայրահեղությունների մեջտեղում է․ այս օրինագծի իրականացումը գոնե այսօր իրատեսական չէ՝ հաշվի առնելով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ ու առավել ևս՝ Արցախի թույլ, մեծ հաշվով, անդաշնակից վիճակը։ Այդ իմաստով, այո, օրինագիծն առավելապես զգայական է և զուրկ է իրատեսականությունից։ Մյուս կողմից՝ Արցախի խորհրդարանի այս քայլն անուղղակի պատասխան է պատերազմից հետո Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների տոտալ անգործության և Արցախի իրավունքներից հրաժարվելու քաղաքականության։
Պատերազմի ավարտին հաջորդած մեկուկես տարիների ընթացքում Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, չի օգտագործել քաղաքական գործիքակազմում առկա որևէ միջոց՝ միջազգային ատյաններում Արցախի հետ կատարվածը ներկայացնելու, դատապարտման հասնելու նպատակով։
Ավելին՝ հանուն «խաղաղության դարաշրջանի»՝ Հայաստանի գործող իշխանությունը գերադասում է հիմնականում լռել Արցախի ու նրա իրավունքների մասին, անգամ «Արցախի ինքնորոշում», առավել ևս՝ «Արցախի անկախություն» ձևակերպումներն անհետացել են «Արցախը Հայաստան է, և վերջ» վանկարկող իշխանության բառապաշարից։ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված և այս պահին գործնական որևէ հետևանք ունենալու կարողությունից զուրկ օրինագիծը հենց դրա պատասխանն է, որը կարող է անգամ նմանվել անզորության ճիչի։
Մյուս կողմից՝ հետագայում, Հայաստանում այլ՝ Արցախի իրավունքներին հետամուտ իշխանության ձևավորման պայմաններում, այդ օրինագիծը գրագետ աշխատանքի դեպքում կարող է որոշակի արդյունքներ ապահովել։
Այս առումով հետաքրքիր է նաև հաջորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստում նախատեսված մեկ այլ օրինագծի քննարկում։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է դրա օրակարգում ընդգրկել Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ։ Հայտարարության նախագծում Շուշին որակվում է «օկուպացված», իսկ այնտեղ ընդունված հռչակագիրը՝ ուղղված Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ:
Հայտարարության նախագիծն արձանագրում է Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայ քաղաքականությունն ու նկրտումները և դատապարտում է դրանք ամբողջացնող «Շուշիի» հռչակագիրը։ Ակնհայտ է, որ սա լուրջ մարտահրավեր է Նիկոլ Փաշինյանի համար, ով առիթը բաց չի թողնում Ադրբեջանին ու Թուրքիային «դրական ազդակներ հղելու» նպատակով։ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ունի երկու հնարավոր ընտրություն՝ կամ տապալել հայտարարության ընդունումը՝ այդպիսով իր աջակցությունը հայտնելով «Շուշիի հռչակագրին», կամ ընդունել ներկայացված նախագիծը՝ վտանգելով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ իր մերձեցման քայլերը։
Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու ընտրել ներքին քաղաքական հակառակորդների ու Հայաստանի շահերի և «կառուցողական գործընկերների» վերածված արտաքին թշնամիների ու նրանց շահերի միջև։
Ակնհայտ թվացող այս ընտրությունը չափազանց դժվար է Նիկոլ Փաշինյանի համար՝ հաշվի առնելով քաղաքական հակառակորդների ու Հայաստանի շահերի նկատմամբ նրա ատելությունը և «խաղաղության դարաշրջանի» շուրջ մտասևեռումը։
Հարություն Ավետիսյան