Շուկայում ժամկետանց ձու են իրացնում. տնտեսվարողներն ահազանգում են
Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առջև: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները:
«Ունեմ ֆաբրիկա, 3000-4000 թռչուն, մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ հավկիթ: Աշխատողներ եմ պահում, հարկ եմ վճարում: Իմ ապրանքը նորմալ իրացնում եմ՝ ժամկետի մեջ: Համապատասխան ստուգումներն արվում են, մեկ էլ ինֆորմացիա ենք ստանում, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, որի սեփականատերը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով գնած Նարեկ Նալբանդյանն է՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մտերիմներից մեկը, իր սառնարաններում ունի 15.000-20.000 ձու՝ ամեն արկղում՝ 360-ը: Սառնարաններում է պահվում, որն արգելված է: Ժամկետանց ձուն իրացնում է «Երևան Սիթի», «Զովք» սուպերմարկետներում, բայց ոչ մեկը չի ասում, որ դա արդեն 3-4 ամսվա ձու է, ու ավտոմատ մեզ համար խնդիր է ստեղծել: Ձուն 3-4 ամիս առաջ է արտադրվել, սակայն չեն կարողացել իրացնել: Նույն ձև աշխատում է նաև «Արաքս» թռչնաֆաբրիկան,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսվարողներից մեկը, ում խնդրանքով անունը չենք հրապարակում»:
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում ստիպված է եղել աշխատողների կրճատել:
«Այս պահի դրությամբ ձուն վաճառում եմ 27 դրամով, նախկինում վաճառել ենք 38-40 դրամով: 27 դրամը չլսված բան է: Գիտեք, ուղղակի այստեղ խոշոր ձեռնարկատերերն ուզում են մանր ձեռնարկատերերին վերացնել, մաքրել դաշտից, իսկ դա նորմալ չէ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Խնդրի հետ կապված զրուցել էինք նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ, ով հայտնել էր, որ այստեղ խնդիր չի տեսնում, ասում է՝ Հայաստանում երեք տարին մեկ այսպես է լինում:
«Այդ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ շուկան չի կանոնակարգվում, այսինքն՝ տեղում տոհմային տնտեսություն չունենք, որ իմանանք, թե տարվա կտրվածքով ինչքան է լինելու: Ամեն տարի ներկրում են մեկ օրական ճտեր ու ածան հավերի գլխաքանակն ապահովելու համար երբեմն շատ են ներկրում: Հիմա էլ, որ դրսում թռչնագրիպ է, ով ինչ կարողանում է՝ բերում է: Գումարած սրան՝ փոքր ձեռնարկությունների թիվն ավելանում է, ու դա շատ լավ է: Հիմա էլ հավկիթի գինն էժան է, բա ինչո՞ւ են դժգոհում»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Սերգեյ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ դժգոհության պատճառն այն է, որ չեն կարողանում մրցակցել:
«Իրենց մոտ ինքնարժեքը բարձր է, քան առևտրային կազմակերպություններում, հիմա էլ դժգոհում են: Բա որ շուկա էին մտնում՝ չգիտեի՞ն, որ այդպես է լինելու»,- հավելել էր Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ իրենց տնտեսվարողներից ահազանգ չեն ստացել:
«Շիրակ» և «Արաքս» թռչնաֆաբրիկաների հետ կապ հաստատել չստացվեց, ուստի պատրաստ ենք ներկայացնել նաև նրանց պատասխանը՝ խնդրի հետ կապված: