Սկսվել է մեկ այլ՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթաց, որտեղ քավորի կարգավիճակում, նախատեսվում էր, որ պետք է լինի Ռուսաստանը. քաղտեխնոլոգ

«2021թ. սեպտեմբերին, երբ Հայաստանում տեղի ունեցան առաջին ՏԻՄ ընտրությունները, դրանից հետո արված հարցումները ցույց տվեցին, որ կա «Քաղաքացիական պայմանագրի», «Նիկոլ Փաշինյան» բրենդի վարկանիշային անկում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում ՏԻՄ ընտրություններին, դրանք որոշակի տրամադրություններ են ցույց տալիս:

«ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ բոլոր այն տեղերում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» բրենդին ներկայանում է տեղական ռեալ այլընտրանք, որն իսկապես ընկալվում է տեղի բնակչության կողմից, այդտեղ ՔՊ-ն ունեցել է պրոբլեմներ. կա՛մ պարտվել է, կա՛մ չի կարողացել բավարար ձայներ ստանալ: Դա արձանագրում է, որ ՔՊ-ին այլևս «Քաղաքացիական պայմանագիր» կամ «Նիկոլ Փաշինյան» բրենդը չի ապահովում հաղթանակ շատ տեղերում:

Այնուամենայնիվ, թեպետ Փաշինյանի ու քաղաքական թիմի վարկանիշը զգալիորեն նվազել է, դա դեռ չի նշանակում, որ այդ ձայները գնալու են այսօրվա ընդդիմությանը: Այսինքն, այդ ձայների զգալի մասն անտեր վիճակում է գտնվում, և եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ապա ընդդիմությանը ձեռնտու կլիներ, որ ձևավորվեր նոր բևեռ՝ հիմնականում երևի ավելի ազատական:

Հարցումները ցույց տվեցին, որ իշխանության վարկանիշի անկմանը զուգահեռ՝ ընդդիմության ձայներն էլ են անկում ապրել, բայց դրանք վերականգնվող ձայներ են, որովհետև անկումը պայմանավորված է ոչ թե խորը հիասթափություններով, այլ ուղղակի գուցե ավելի մեծ սպասումներ կան, որ եթե ընդդիմությունը նոր գործողությունների գնա, ակտիվություն ցուցաբերի, ապա այլ այլընտրանքների բացակայության պայմաններում այստեղից էլ ձայները չեն գնալու Փաշինյանին»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի շուրջ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ կոնսենսուս կա, որը կապված է հիմա տարածաշրջանում վարվող քաղաքականության հետ:

«Այսինքն, այստեղ գտել են մի օպերատորի՝ ի դեմս Փաշինյանի, որն առանց շատ մեծ դիմադրության, ըստ էության, սպասարկում է այդ գեոքաղաքական տարբեր կենտրոնների շահերը, այդ իսկ պատճառով ձևավորվել է որոշակի կոնսենսուս: Բայց, իմ կարծիքով, որոշակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ, որովհետև տարբեր պրոցեսներ են ընթանում: Եթե դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ կա որոշակի կոնսենսուս, վստահ չեմ, որ կոնսենսուս կա, այսպես կոչված, ճանապարհի շուրջ: Սկսվել է մեկ այլ՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթաց, որտեղ քավորի կարգավիճակում, նախատեսվում էր, որ պետք է լինի Ռուսաստանը. պատահական չէր, որ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում: Բայց դրանից հետո եղան հայտարարություններ, որ այսուհետ առանց միջնորդների են հանդիպելու։ Կարծում եմ, որ սա սկսել է ռուսներին մտահոգել. սկսում են վախենալ, որ պրոցեսն իրենց վերահսկողության տակից ուզում են տանել»,- նշեց քաղտեխնոլոգը:

Տեսանյութը՝ առաջիկայում

Տեսանյութեր

Լրահոս