«Եթե լինում են հարձակումներ, օրինակ, այն, ինչ տեղի ունեցավ «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի հետ, միշտ այդ հարցերը բարձրացնում եմ». Անդրեա Վիկտորին
«Եթե խոսքի ազատության ոլորտի կարգավորումները, սահմանափակումներն օգտագործվեն կոնկրետ խմբերի կամ կոնկրետ մարդկանց դեմ, ապա մենք դրա դեմ կխոսենք»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնին» տված հարցազրույցի շրջանակում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով Հայաստանում խոսքի ազատությանը:
Նա պատմեց, որ երբ վերադարձել է Հայաստան, միանգամից նկատել է սոցիալական մեդիայի մեծ աճ, տեսել է, որ բավականին շատ է ապատեղեկատվությունը, ատելության խոսքը: Ուստի, դեսպանի համոզմամբ, որոշ կարգավորումների անհրաժեշտություն կա այս ոլորտում:
Դեսպան Վիկտորինի խոսքով՝ պետք է տեսնել՝ ինչպես պայքարել այս երևույթների դեմ և ինչպես, օրինակ, վերջ դնել մարդկանց նկատմամբ անձնական հարձակումներին, շատ կարևոր է՝ ինչպես են անդրադառնալու այդ հարցերին, ինչպես են կարգավորելու այդ հարցերը:
«Բայց եթե այդ կարգավորումները, սահմանափակումներն օգտագործվեն կոնկրետ խմբերի կամ կոնկրետ մարդկանց դեմ, ապա մենք դրա դեմ կխոսենք: Ես շատ եմ պաշտպանում խոսքի, արտահայտման ազատությունը, մեծ ջատագովն եմ դրա, խոսքը պետք է լինի ազատ այնքան, քանի դեռ չի թիրախավորում կամ վնասում կոնկրետ մարդկանց: Այս ոլորտում մենք նաև աշխատում ենք լրատվամիջոցների հետ, տարբեր ծրագրեր ենք իրականացնում մեդիագրագիտության ոլորտում, երիտասարդների հետ ենք աշխատում, որպեսզի նրանք կարողանան տարբերակել, թե որոնք են կեղծ տեղեկությունները, կարողանան ճանաչել: Բայց իմացեք՝ հենց որ լինեն անտեղի սահմանափակումներ խոսքի ազատության կամ լրագրողների իրավունքների, կամ լրագրողական կազմակերպությունների դեմ հարձակումներ, ես առաջինն եմ լինելու, որ խոսելու եմ դրա դեմ»,- ասաց Անդրեա Վիկտորինը:
Նա նշեց, որ կարևոր է՝ ինչպես ենք մենք գնահատում, թե ինչ է տեղի ունենում և ինչ է տեղի ունեցել:
«Մենք ունենք համագործակցության տարբեր հարթակներ, ունենք նաև համագործակցության խորհուրդ, կոմիտե՝ նախարարների մակարդակով, նաև ամեն տարի մենք անցկացնում ենք, այսպես կոչված, մարդու իրավունքների երկխոսություն, ինչը ներառում է հետևյալը՝ նախապատրաստվելու համար մենք զրուցում ենք քաղհասարակության, տարբեր հասարակական խմբերի, կառավարության, ՄԻՊ-ի հետ և համապարփակ տեղեկություններ ենք հավաքում տարբեր ոլորտներից՝ ընտանեկան բռնություն, որն ինձ համար շատ կարևոր ոլորտ է, երեխաների իրավունքներ, հաշմանդամներ և այլն: Այսինքն՝ այդ բազմաթիվ ոլորտներում մենք ունենք երկխոսություն: Եվ եթե դատական գործեր կան, ապա դրանց պետք է հետևել, և վստահ եղեք, որ մենք անում ենք, ԵՄ պատվիրակությունը և անդամ պետությունների դեսպանատները… հենց հիմա ունենք դատական գործ, որին հետևում ենք»,- վստահեցրեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Անդրադառնալով խոսքի ազատությունը սահմանափակող նոր օրենքներին՝ ԵՄ դեսպան Վիկտորինն ասաց, որ տեղյակ է այդ զարգացումների մասին կամ այն տեսակետներին, թե դրանք սահմանափակում են խոսքի ազատությունը:
Նրա որակմամբ՝ շատ կարևոր է տեսնել այդ նոր օրենքների իրականացումը, եթե այդ օրենքները կամ սահմանափակումներն իրականացվում են այնպես, որ բոլորի իրավունքներն են պաշտպանվում, և բոլորը հավասար իրավունքներ ունեն, ապա խնդիր չկա, բայց եթե դրանք օգտագործվում են որպես գործիք՝ միայն քաղաքական գործիչներին պաշտպանելու համար, և ուրիշները նույն իրավունքները չունեն, ապա բոլորն իրենցից արձագանք կլսեն:
«Մենք սերտորեն համագործակցում ենք ՄԻՊ-ի գրասենյակի հետ, մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր ՄԻՊ-ի գրասենյակի հետ և մենք եկել ենք համաձայնության, որ մարդկանց վրա հարձակումները կամ բռնության կոչերն անթույլատրելի են, կարմիր գիծը հատող բաներ են, չպետք է պաշտպանված լինեն: Շատ հաճախ իրավական հիմքերը, օրենքները շատ լավն են, կարևոր է՝ ինչպես են դրանք իրականացվում, դրան մենք սերտորեն հետևում ենք:
Եթե լինում են հարձակումներ, օրինակ, այն, ինչ տեղի ունեցավ «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի հետ, ես միշտ այդ հարցերը բարձրացնում եմ, և նրանք նույն պաշտպանության կարիքն ունեն, ինչպես և բոլորը: Եթե պաշտպանված են ոմանք, բայց ոչ բոլորը, ապա այդ պաշտպանությունը թերի է, այսինքն՝ պաշտպանությունը կամ միջոցները պետք է կիրառվեն բոլորի նկատմամբ:
Պետք է ասեմ, որ կան որոշ ուժեր, որոնք փորձում են կարևոր հարցերը տանել այլ ուղղությամբ, այսինքն՝ աղավաղել, տանել իրենց անհրաժեշտ ուղղություններով: Նույն երևույթի հետ մենք բախվում ենք ԵՄ ներսում, երբ փորձում ենք դրա դեմ պայքարել: Օրինակներից մեկն ընտանեկան բռնությունն է, ընտանեկան բռնության դեմ պայքարի համար գործուն և շատ կարևոր գործիք կա, որը Ստամբուլյան կոնցվենցիան է: Որոշ ուժեր այս երկրում նաև փորձում են այդ հարցը տանել այլ ուղղությամբ, աղավաղել էությունը, ասել, որ մենք փորձում ենք խաթարել ավանդական հայ ընտանիքները, ինչը միանշանակ այդպես չէ: Ի՞նչ է անհրաժեշտ այս հարցերում, այս դեպքերում անհրաժեշտ են հետաքննող լրագրողներ, որոնք այս ամենը մանրամասն կուսումնասիրեն ու կներկայացնեն ճշմարտությունը, կասեն՝ որն է ճիշտ, և ըստ էության կոնվենցիան տվյալ դեպքում ինչ է իրենից ներկայացնում, և սա իրականում կանանց պաշտպանության համար է արվում»,- նման կարծիք հայտնեց Անդրեա Վիկտորինը: