«Որ գնայի այդ թեյախմությանը, անպայման կասեի՝ «Տղերք, այսպես հարցեր չեն լուծում»»․ Սամվել Խալաթյան

 168.am-ի զրուցակիցն է դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը

– Պարոն Խալաթյան, փետրվարի 10-ին ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը Բաղրամյան 26-ում ընդունել է մի խումբ մտավորականների, Դուք հրավեր ստացե՞լ եք, եթե՝ ոչ, ապա ստանալու դեպքում կգնայի՞ք հանդիպման։

– Հրավեր չեմ ստացել: Ընդհանրապես, մայրաքաղային միջոցառումներում, ոչ միայն «իշխանական» հանդիպումներին, այլև՝ զուտ մշակութային, նույնիսկ՝ ստեղծագործական հարցերի քննարկումներում, մարզերում ապրող գործիչներն անտեսվում են: Ցավալի է:

Ցավալի է հատկապես տվյալ ոլորտի համար, քանզի հանրապետության մշակույթի, արվեստի այս կամ այն ոլորտի հիմնախնդիրները միայն մայրաքաղաքային չեն: Մարզերն ու շրջանները միշտ կենսատու են եղել այդ ոլորտների համար: Բան չունեմ ասելու, մեծ ձուկը մեծ ջրում է ապրում, բայց ամեն մի ծով սնվում է գետակներից, գետերը ջրազրկելով՝ ծովն ուշ թե շուտ ճահճի կվերածվի:

Գալով տվյալ հանդիպմանը, անկեղծ լինեմ, կգնայի, բայց նախօրոք պարզելով օրակարգը: Վերջին շրջանում մշակույթի և արվեստի բնագավառներում կենսական ահռելի հիմնախնդիրներ են առաջացել, օտարամուտ մարտահրավերներ կան, որոնց դեմն անհապաղ առնել է պետք, իսկ դրանք լուծելը վեր է արվեստագետների ուժերից, իշխանության սատարումն ու միջամտությունն է պետք: Եթե չհանդիպենք, ո՞նց ենք քննարկելու:

Իսկ եթե զուտ թեյախմության համար է հրավերը, լուսանկարվելու կամ չգիտեմ՝ ինչի, հաստատ չէի գնա: Ինձ համար շատ ավելի հաճելի է թեյել իմ ընկեր, գործազուրկ Էդիկ Խլղաթյանի հետ, Գուգարաց Թեմի Առաջնորդ Սրբազան Հովնան Հակոբյանի հետ, քան՝ նախագահի պաշտոնակատարի կամ վարչապետի…

– Եթե ներկա լինեիք այդ հանդիպմանը, ի՞նչ հարց կուղղեիք Ալեն Սիմոնյանին։

– Գրական, թատերական, կերպարվեստի ոլորտներում (այդ ստեղծագործական միությունների անդամ եմ) այնքա՜ն շատ հիմնահարցեր կան կուտակված, որ հանդիպումից առաջ ստիպված կլինեի ընտրություն կատարել՝ ամենագլխավորներն ու ցավոտներն ընտրելու համար: Բայց կա նաև մի բան, որ անպայման կասեի՝ մշակութային օրակարգից դուրս: Դա լուսահոգի Կարեն Դեմիրճյանի վերջին խոսքերն են՝ «Տղերք, այսպես հարցեր չեն լուծում»:

– Ձեր կարծիքով՝ երբ երկիրն այս վիճակում է, երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի ու ԱԺ նախագահի հետ հանդիպած մտավորականն ի՞նչ հարցեր պետք է բարձրացներ։

– Առաջին հերթին՝ պահանջ, որ երկրի միայն արվեստն ու գրականությունը չպետք է լինեն ազգային, այլև՝ իշխանությունները: Երկրորդը՝ պայման, որ բարձրացված հարցերը ներմուծվեն իշխանավորի աշխատանքային օրակարգ՝ կոնկրետ ժամկետների, միջոցների և կատարման պատասխանատուների նշմամբ:

Փետրվարի 10-ի հանդիպման ընթացքում, կարծում եմ, ոլորտներում տիրող վիճակի և բարելավման մասին խոսք եղած կլինի, բայց երևի այնքան սաղր ու հպանցիկ և կամ անօգուտ, որ երկուստեք խուսափում են բարձրաձայնել:

– Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը թարգմանվելու է ալբաներեն, դրա համար պետական բյուջեից տրամադրվել է 3,5 հազար դոլարից ավելի գումար։ Արդյո՞ք այդ գրքի թարգմանությունը, այն էլ՝ պետբյուջեի հաշվին, մեր երկրի առաջնահերթություններից է։

– Ինչքան էլ թարգմանեն, բազմատպաքանակ հրատարակեն, միևնույն է՝ Լ. Բրեժնևի «Մալայա զեմլյայի» ռեկորդն անհասանելի կմնա: Իսկ որտե՞ղ է հիմա հեղինակին գրականության Լենինյան մրցանակի դափնիներ բերած այդ գիրքը… Չգիտեի, որ Փաշինյանի գիրքը պետության հաշվին է թարգմանվելու, բայց դա անսպասելի նորություն չէր: Մեզանում ավելի արտառոց փաստեր կան:

– Պարոն Խալաթյան, Դուք կարդացե՞լ եք Նիկոլ Փաշինյանի գիրքը, կարո՞ղ եք որևէ կարծիք հայտնել։

– Գրող լինելս, այս դեպքում, պարտադրում է գրքի մասին ասելու… Սկսեցի կարդալ, բայց շուտով հասկացա, որ դրա հրատարակությամբ հեղինակը քաղաքական իմիջի հարցեր է լուծում, հրատարակիչը՝ ֆինանսի… Կարծում եմ՝ Հակոբ Մեղապարտն ինձ կների, որ այդ գիրքը կեսի-կեսի չափով եմ կարդացել:

– Որպես դրամատուրգ՝ Ձեր ստեղծագործություններից որևէ մեկը պետական բյուջեի հաշվին հրատարակվե՞լ է։

– Ես բազմաժանր գրող եմ, 48 գիրք ունեմ հրատարակած, և դրանցից միայն մեկը (2015 թվին) մասնակի ֆինանսավորվեց Մշակույթի նախարարության կողմից, այն էլ՝ հրի, ջրի միջով անցա… Այս իշխանությունը գրքերի հրատարակումը ֆինանսավորելու հարցում ձեռքերը լվացել է: Ինձ ընկերներս են օգնում: Այնպես որ, այս առումով ես լիիրավորեն կարող եմ ասել՝ իմ հոգատար պետությունը իմ ընկերն է:

Տեսանյութեր

Լրահոս