Վահան Քերոբյանի հերթական անհաջող «կատակը»

Տարին նոր էր սկսվել, երբ էկոնոմիկայի նախարարը Հայաստանում 2021թ. համար զբոսաշրջության 319 տոկոս աճ էր կանխատեսում։

«Նախորդ տարի տուրիզմի ոլորտում շռնդալից անկում ենք ունեցել, բայց կարող եք տեսնել, որ եթե նախորդ տարի այս ամսին տուրիստ չունեինք, այս տարի ունենք։ Իրանից մեծ խմբեր կան։ Հիմա Նովրուզ է, և շատ իրանցիներ կան Հայաստանում: Ապրիլի համար շատ ամրագրումներ կան, իսկ մայիսից պլանավորում ենք մտնել ընդունելի և նորմալ տեմպի մեջ:

Այս տարվա համար տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվել է 319 տոկոս: Այսինքն՝ 2019-ի նկատմամբ մինուս 20-25 տոկոս է, բայց 2020-ի նկատմամբ + 319 տոկոս է կանխատեսումը»,- անցած տարվա սկզբին ասում էր Վահան Քերոբյանը:

Այն ժամանակ նախարարի այս հայտարարությունը ևս, կանխատեսվող երկնիշ տնտեսական աճից հետո, շատերի համար տարօրինակ թվաց։ Հատկապես որ, մի կողմից՝ պահպանվում էին համավարակի հետ կապված բարձր ռիսկերը, մյուս կողմից՝ Հայաստանը հայտնվել էր անվտանգային խորը ճգնաժամի մեջ։ Որտեղի՞ց նախարարին այդպիսի վստահություն, որ զբոսաշրջության աճը կլինի հենց 319 տոկոս։

Հետո պարզվեց, որ 319 տոկոս աճին Վահան Քերոբյանը ոչ թե մաթեմատիկական բարդ հաշվարկի արդյունքում էր հանգել, այլ պարզապես կանխատեսել էին, որ Հայաստան կայցելի 1,2 մլն տուրիստ։ 319 տոկոսն էլ ստացել էին՝ այդ թիվը համեմատելով նախորդ տարվա հետ։

Բայց ինչպես երկնիշ տնտեսական աճի պարագայում, այս դեպքում էլ Վահան Քերոբյանի կանխատեսումը չիրականացավ։ Այն հերթական անհաջող «կատակն» էր։

Հրապարակվել է անցած տարվա զբոսաշրջային հոսքերի պաշտոնական վիճակագրությունը, ու դա վկայում է, որ Հայաստան այցելած տուրիստների քանակն անհամեմատ ավելի քիչ է եղել, քան կանխատեսում էր էկոնոմիկայի նախարարը։

Տարվա ընթացքում Հայաստան է եկել 870 հազար զբոսաշրջիկ։ Նախորդ տարի եկել էր 360 հազար։

Ի դեպ, 2020թ. վերաբերյալ նախկինում հրապարակված ցուցանիշը վիճակագրական կոմիտեն խմբագրել է։ Ի սկզբանե հայտարարել էր, որ այդ տարի Հայաստան է այցելել 375 հազար զբոսաշրջիկ։ Հետո վերանայել է և 15 հազարով պակասեցրել։ Թե ինչի՞ հետևանք է եղել նման մեծ շեղումը, հիմնավորում չկա։

Ինչևէ, 2020թ. շռնդալից անկումից հետո, անցած տարի զբոսաշրջային հոսքերը զգալիորեն ավելացել են, բայց էապես քիչ են եղել, քան կանխատեսվում էր։ Կանխատեսման համեմատ՝ 330 հազարով պակաս զբոսաշրջիկ է եկել Հայաստան։

Հոսքերը, առավել ևս, մեծապես զիջել են այն տեմպերին, որն ունեինք մինչև ճգնաժամը։

Չնայած գրանցված աճին՝ այցելողների քանակը գրեթե 220 տոկոսով պակաս է եղել 2019թ. համեմատ։ Այդ տարի ունեցել էինք 1 մլն 894 հազար այցելու, անցած տարի ունեցանք 870 հազար. 1 մլն 24 հազարով քիչ։

Տարբերությունն ավելի մեծ կլիներ, եթե կառավարությունն իր դռները լայնորեն չբացեր անվճար պատվաստվել ցանկացող օտարերկրացիների առաջ։ Մինչ մեր քաղաքացիները դժկամությամբ էին համաձայնում պատվաստվել Քովիդի դեմ, դրսից բավական մեծ հոսքեր էին գալիս Հայաստան՝ բացառապես անվճար պատվաստվելու նպատակով։

Այցելուների քանակը շատ էր հատկապես հարևան Իրանից։ Դրա հետևանքով կար ժամանակ, որ շարժական պատվաստման կետերի մոտ, հենց մայրաքաղաքի կենտրոնում, մեծ հերթեր էին գոյանում։ Մարդիկ նույնիսկ գիշերները փողոցում էին անցկացնում՝ հերթը չկորցնելու համար։

Այդ շրջանում էր, որ էկոնոմիկայի նախարարը հերթական անհաջող «կատակն» արեց՝ հայտարարելով, որ ժամանակն է՝ մտածել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման մասին։

«Տուրիզմի 319 տոկոս աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների»,- իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով հատուկ պատվաստվելու համար Իրանից ժամանած զբոսաշրջիկների գոյացրած հերթերը՝ գրել էր Վահան Քերոբյանը։

Հետո, երբ հասկացան, որ իրականում նրանք այնքան էլ զբոսաշրջիկներ չեն և գալիս են Հայաստան՝ ոչ թե իրենց հանգիստն անցկացնելու, այլ՝ զուտ անվճար, մեր պետական բյուջեի հաշվին պատվաստվելու համար, սահմանափակումներ մտցրեցին։ Դրանով էլ «բժշկական տուրիզմ« ասվածն ավարտվեց։

Ամեն դեպքում, այն իր ազդեցությունը թողեց։ Անցած տարի Իրանից Հայաստան ժամանածների թիվը հասավ 91 հազարի, որը շատ քիչ է զիջում մինչհամավարակային տարվա ցուցանիշը։ 2019թ., երբ արձանագրվեց զբոսաշրջային հոսքերի ռեկորդային ցուցանիշ, Իրանից Հայաստան էր եկել 95 հազար զբոսաշրջիկ։ Բայց եթե այն ժամանակ նրանք կազմում էին ընդհանուր այցելուների ընդամենը 5 տոկոսը, անցած տարի կազմել են 10 տոկոսը։

Այսինքն՝ Իրանից այցելուների կշիռը զբոսաշրջային հոսքերի մեջ կրկնապատկվել է։ Ու դրանում էական է եղել անվճար պատվաստումների դերը։

Հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանի զբոսաշրջային հոսքերի մեջ գերակշռող են Ռուսաստանի այցելուները։ Այդ երևույթը, իհարկե, ավելի վաղ էր սկսվել, դեռ իշխանափոխությունից առաջ, երբ հանվեցին այն սահմանափակումները, որոնք խոչընդոտներ էին ստեղծում ռուսական զբոսաշրջիկների համար։ Արդեն 2017թ. դա տվեց իր արդյունքը։ Ռուսաստանից այցելությունները կտրուկ ավելացան, ինչը շարունակվեց նաև հետագայում։

Անցած տարի ևս Ռուսաստանից բավական մեծ քանակությամբ տուրիստներ են եկել Հայաստան։ Նրանց թիվն անցնում է 350 հազարից։ Նախորդ տարվա համեմատ՝ այցելություններն ավելացել են 213 հազարով, թեև չեն հասել այն ցուցանիշին, որն ունեինք մինչև համավարակը։ 2019թ. Ռուսաստանից Հայաստան էր եկել 430 հազար զբոսաշրջիկ։

Երկրորդ մեծ խումբը Հայաստանի քաղաքացիներն են, որոնք կազմել են զբոսաշրջային հոսքերի ավելի քան 19 տոկոսը։ Խոսքը 167 հազար մարդու մասին է։

Երրորդ-չորրորդ տեղերում Իրանն է ու Վրաստանը։

Իրանից, ինչպես նշեցինք, եկել է 91 հազար, Վրաստանից՝ 70 հազար զբոսաշրջիկ։

Չնայած ղարաբաղյան պատերազմին ու դրան հաջորդող խնդիրներին, բավական մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են եղել նաև Թուրքիայից։ Անցած տարի Հայաստան է եկել Թուրքիայի ավելի քան 3,7 հազար քաղաքացի։ Գրեթե 1,5 հազարով ավելի շատ, քան եկել էր նախորդ տարի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս