Պոպուլիզմի հաղթարշավը․ պետության ենթարկեցում
Նորմալ երկրներն ունենում են իշխանություններ, որոնք ծառայում են պետությանն ու հասարակությանը։ Դեգրադացված երկրներում պատկերը հակառակն է՝ իշխանությունը պետությունն ու հասարակությունը ծառայեցնում է սեփական նպատակներին։
Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական խմբակի համար վերածվել է սեփական շահերի բավարարման աղբյուրի։ Նրանց համար այդպիսի աղբյուր է նաև հասարակությունը, քանի որ հենց հասարակության լուռ, իսկ երբեմն՝ ոգևորված անտարբերությամբ է տեղի ունենում պետության ծառայեցումը մարդկանց փոքր կամ ոչ այնքան փոքր խմբի շահերին։ Նիկոլ Փաշինյանը, լայն իմաստով, անցած չորս տարիներին զբաղված է եղել ու է՛ սեփական քաղաքական նպատակներին պետության ենթարկեցման հակապետական գործունեությամբ, որն առայժմ նրա մոտ հաջողվում է։ Ի թիվս այլ գործոնների, նաև հակակշռող էլիտաների անգործության, անկարողության, իսկ որոշ դեպքերում՝ նաև այդ պրոցեսում ստվերային ներգրավվածության պատճառով։
Պետության ենթարկեցման գործընթացը տեղի է ունեցել ու շարունակվում է պետական ու հանրային կառավարման համակարգերի դեգրադացման ու կոռոզիայի միջոցով։ Հենց այդ նպատակին են ծառայել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված բոլոր նշանային քայլերը՝ Ազգային ժողովի պաշարում, դատարանների շենքերի շրջափակում, Սահմանադրական դատարանի ուզուրպացիա, դիվանագիտական համակարգի արժեզրկում, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, վերջերս արդեն՝ նաև դատավորների քրեական հետապնդում, հետևողական արշավ խոսքի ազատության և զանգվածային լրատվամիջոցների դեմ։
Այս և բազմաթիվ այլ քայլերի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պետական և հանրային կառավարման բոլոր համակարգերի ենթարկեցում իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին։
Իհարկե, ժանրի կանոնների համաձայն, ինչպես հարիր է ցանկացած պոպուլիստական խմբակի ու ուզուրպատորի, բոլոր այս գործընթացները տեղի են ունեցել և շարունակվում են «ժողովրդի անունից», «պողպատյա մանդատով»։ Դա հնարավորություն է տալիս պետական համակարգի դեգրադացիան ու ըստ էության իշխանության տոտալ բռնազավթումը փաթեթավորել ժողովրդավարության շղարշով, որին՝ սեփական աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով, առայժմ ծափահարում է ժողովրդավարության պաշտպան Արևմուտքը։
Իրականում, սակայն, Հայաստանում այդ ձևական ժողովրդավարությունը ծառայում է միահեծան բովանդակությամբ իշխանության ամրապնդմանը, ըստ էության տեղի է ունենում «ժողովրդավարական ավտորիտարացում»՝ հանգեցնելով իշխանության գերկենտրոնացմանը, որը որևէ աղերս չունի իրական դեմոկրատիայի հետ։ Սա ըստ էության պոպուլիզմի դիպվածն է, տեխնոլոգիական լեզվով՝ արտադրական խոտանը։
Պոպուլիզմի միջոցով հնարավոր է հասնել իշխանության, բայց պոպուլիզմն իր էությամբ քանդարար և ոչ ստեղծարար զբաղմունք է ու պետության թշնամին։ Իշխանության գալով՝ պոպուլիստները քանդում են պետությունը, որովհետև նրանց նպատակը ոչ թե պետության, այլ իշխանության պահպանումն է։ Արդյունքում՝ ոչ թե իշխանությունն է ծառայում պետությանը, այլ պետությունը՝ իշխանությանը։ Հայաստանի դեպքում՝ դեռևս այն բեկորները, որոնք մնացել են պետությունից։
Ռոբերտ Տեր–Սարգսյան