Տնտեսությունը չի կարող ենթարկվել հեղափոխական փոփոխությունների, եթե հեղափոխական ներդրումներ չեն արվում. Վաչե Գաբրիելյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է:
• Կարծում եմ՝ Կառավարության նիստերն ընդհանրապես պետք է փակ լինեն, չպետք է հեռարձակվեն, հեռարձակումը միայն վնասում է, որովհետև բաց նիստերի պարագայում իրական բանավեճ, բովանդակային դիսկուրս չի լինում, իսկ դիսկուրսի բացակայության պարագայում տեղի է ունենում որոշումների կենտրոնացում:
• Սահմանադրությունը փոխելու համար, հայտնի չէ՝ գործող Սահմանադրության ի՞նչ ախտորոշում կա, ի՞նչ խնդիրներ են բացահայտել, ի՞նչն է աշխատում և ի՞նչը չի աշխատում: Փոփոխելու նպատակներնինձ հայտնի չեն:
• Գոյություն ունի սահմանադրական տնտեսագիտություն հասկացությունը, Հայաստանում ևս կատարվում են նման հետազոտություններ: Օրինակ, այն երկրում, որտեղ չկա մեծամասնական ընտրական համակարգ և ամբողջովին համամասնական ընտրակարգ է գործում, խնդիրներն ավելի շատ են, սահմանափակվում է նոր մարդկանց ներգրավումը:
• Մենք ունենք քաղաքական համակարգ, որտեղ կուսակցությունները կայացած չեն:
• Աշխարհում կա հետազոտություն, թե ինչո՞ւ մեր օրերում ստանդարտ կուսակցություններն ավելի քիչ պահանջված են դառնում, որովհետև կա ինֆորմացիայի մեծ հոսք, որը հնարավորություն է տալիս մարդկանց ինքնակազմակերպվելու և շատ ավելի փոքր միավորների բաժանվելու: Այսօր տրադիցիոն կուսակցությունները խնդիրներ են ունենում:
• Պատերազմից առաջ ՀՀ վարչապետը հրապարակեց երկրի զարգացման 2050 թվականի ծրագիրը, ես չգիտեմ որևէ երկիր, որն ունի մինչև 2050 թվականի ռազմավարություն, այդքան մեծ հորիզոնով երկրի զարգացումը որևէ մեկը իրատեսական չի համարել պլանավորել, նույնիսկ Խորհրդային Միությունում այդքան մեծ հորիզոնով չէին պլանավորում:
• Կառավարության ծրագիրը, նպատակներից բացի, չունի ռեսուրսների հստակ հաշվարկներ: Ունի սոցիալական ուղղվածություն, որն այդ տրամաբանությամբ մոտ է ՀՅԴ գաղափարախոսությանը, մասնավորապես, ունենալ այնքան աշխատավարձ և թոշակ, որը կհամապատասխանի նվազագույն սպառողական զամբյուղին, որևէ երկրում սա օրենքով չեն ամրագրում:
• 100հազար դրամ աշխատավարձն այսօր Հայաստանի համար ծանր բեռ կլինի: Կլինի կամ աշխատատեղերի կրճատում, կամ դրա փոխարեն՝ անցում ստվերին:
• Տնտեսությունը չի կարող ենթարկվել հեղափոխական փոփոխությունների, եթե հեղափոխական ներդրումներ չեն արվում:
• Հայաստանում տնտեսական աճը վերականգնողական տեսակետից տարածաշրջանի երկրների համեմատությամբ ցածր է: Գնաճը նույն համեմատությամբ ցածր է, ունենք իրավաբանական անձանց վարկավորման նվազում:
• 2022թվականի մայիսից հետո մենք չենք ունենա զարգացման նույն տեմպը, ինչ մինչ այդ ունեցել ենք:
• Կան որոշակի ճյուղեր, մասնավորապես՝ Երևանի շուրջ գործող, որոնք կարող են զարգանալ, սակայն էական ներդրումներ Սյունիքում կամ այլ մարզերում չեմ տեսնում:
• Կորոնավիրուսի համավարակի պատճառով Տնտեսության լոքդաունի ժամանակ պետք էր կրակը հանգցնել, և ոչ թե՝ հեռանկարային պլաններ մշակել:
• Չեմ կարծում, թե կլինի ներդրումների հորդում Հայաստանում: Կլինեն հետաքրքրվող, հատկապես տեղական բիզնեսից, բայց ոչ շատ: Դրսից էական ներդրումներ չեմ սպասում:
• Թուրքիայում գյուղմթերքի արտադրությունը սուբսիդավորվում է: Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում թուրքական ապրանքները լինելու են շատ ավելի մրցունակ:Էրդողանի որդեգրած քաղաքականության շնորհիվ Թուրքիայի արտահանման պոտենցիալն ավելի մեծ է:
• Բիզնեսի առումով ապօրինի գույքի առգրավումը ֆիսկալ առումով եկամտի լուրջ աղբյուր չեմ տեսնում:
• Եթե առգրավված գույքը դառնա ոչ մեկինը՝ եկամուտ չեն գեներացնելու, բյուջե հոսքեր չեն լինելու, չկան հոսքեր՝ չի լինի տնտեսության աճ: