«Ադրբեջանից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնմանը» Նիկոլ Փաշինյան

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ զարգացումներ կան Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ, որի մասին դեռ նախորդ տարեվերջին էին հայտարարվել։

«Կխնդրեի ներկայացնեիք նաև, թե ո՞ր փուլում է ճանապարհների ապաշրջափակման հետ կապված գործընթացը»,- հավելեց պատգամավորը։

«Այո՛, ես հայտարարել եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երասխ, Ջուլֆա, Օրդուբադ, Մեղրի, Հորադիզ երկաթուղու կառուցման, վերականգնման մասին։ Ես տվել եմ համապատասխան հանձնարարականներ և նաև աշխատանքային խումբ եմ ձևավորել, որն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով։ Նաև վերջերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպում է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Ավերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հետ, որովհետև մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի, ձևակերպման նախագծման և կառուցման, ֆինանսավորման աշխատանքները, բայց այդ ընթացքում կա նաև մի կարևոր գործողություն, որը մենք պետք է անենք, դա Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումն է, այսինքն՝ դա պետք է թղթին արձանագրվի և ստորագրվի»,- պատասխանեց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ պայմանավորվածություն է եղել նաև, որ երկաթուղին պետք է գործի  միջազգային կանոնների համապատասխան՝ 2 երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում, ապա մանրամասնեց, թե խոսքն ինչի մասին է․

«Սա նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն, և նաև մենք պետք է համաձայնեցնենք պարամետրերը, որպեսզի նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև այդ երկաթուղիները պետք է կպնեն իրար։ Ըստ էության միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու, և այս ամենը շատ կարևոր է, որ մենք հնարավորինս արագ դե յուրե արձանագրենք, ստորագրվի դա, եթե փաստաթուղթն այնպիսին կլինի, որ վավերացման անհրաժեշտություն կլինի, չնայած մեր գնահատականն այն է, որ երևի թե չի լինի, բայց նաև խորհրդարանում վավերացվի։ Ինչ վերաբերում է ճանապարհներին, ճանապարհների հետ կապված՝ մենք փոխանցել ենք, ձևակերպել ենք նաև Բրյուսելում, Սոչիում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձևակերպել ենք առաջարկներ, այդ առաջարկները փոխանցել ենք ադրբեջանական կողմին նաև Ռուսաստանի մեր գործընկերներին, միջազգային մեր գործընկերներին, և Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես մենք պատրաստ ենք իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը․․․

Ավտոճանապարհների և երկաթուղիների այս նախագիծը մենք անվանում ենք հայկական խաչմերուկ, որովհետև մենք այստեղ գործ ունենք հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք խաչմերուկի հետ, և այդ խաչմերուկի գործարկումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս