Հայկ Մարությանն ինքն էր ամիսներ առաջ դիմել ԱԱԾ, ինչո՞ւ է աղմուկը հիմա բարձրացել

irakanum.am կայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները մտել են «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկ։ Կայքի տեղեկություններով՝ հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին և տեղակալ Կարեն Թորոսյանին ձերբակալել են։

Դեռևս 2021թ. նոյեմբերի 1-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 14.09.2021թ. տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։

«Ուսումնասիրության նյութերը 29.10.2021թ. փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու և համապատասխան ընթացք տալու համար»,- գրել էր նա:

Ասվածից հետևում է, որ Մարությանը դեռևս իր պաշտոնավարման օրոք էր ԵԱՍՄ-ում հայտնաբերված չարաշահումների հարցով դիմել Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ):

Բայց քանի որ ԱԱԾ-ն Քաղաքապետարանում տեղի ունեցող հեղաշրջման հանդիսատեսն էր նախորդող ամիսներին, բնականաբար, Մարությանի հաղորդմանը որևէ ընթացք չէր տվել:

Դրանից հետո արդեն ամանորյա տոներն էին, և երևի թե հույս ունեին, որ քաղաքի աղբահանության վիճակը կվատանա, և հիմնարկ մտնելու առիթը կլինի, ու Հայկ Մարությանի հաղորդման մասին որևէ մեկը չի հիշի: Այդ մասով էլ կարծես թե առանձնապես ակտիվություն չեղավ, ու այստեղ օգնության հասավ Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ քաղաքն աղբի մեջ կորած է՝ հող նախապատրաստելով հետագա իրադարձությունների համար:

Հիմա, բնականաբար, իշխանություններն ու նրան հարող ուժերը կասեն, որ Հայկ Մարությանի կադրը կոռուպցիոներ է, ինչն իրականությունից հեռու չի լինի, եթե ապացուցվի մարդու մեղսակցությունն իրեն վերագրվող արարքներին, սակայն այս պահին գոնե թե պետք է փաստել, որ նախկին քաղաքապետն ինքն է շահագրգիռ եղել, որ չարաշահումները բացահայտվեն:

Չենք բացառում նաև, որ հիմնարկի ղեկավարության հետ Հայկ Մարությանի ունեցած հնարավոր խնդիրները կարող էին լինել հաղորդում ներկայացնելու պատճառ, սակայն եթե ԱԱԾ-ն հիմա ԵԱՍՄ-ում է, ուրեմն հիմքեր, որպես այդպիսին, այնուամենայնիվ, տեսել է:

Տեսանյութեր

Լրահոս