«Հարկավոր է փաստարկված հերքել մշակութային ցեղասպանության կեղծ դրույթները». Վարդան Դևրիկյան
Ալիևը օրերս մերկապարանոց ձևով ոչ միայն կրկնեց Արցախի մշակութային ժառանգության աղվանական լինելու մասին արդեն մաշված խոսքերը, այլև դրանցից բխեցրեց այն «դրույթը», որ այդ հուշարձանների հայերեն արձանագրությունները հետագայում են ավելացված, որոնք հարկավոր է ջնջել:
Գիտական կեղծարարությունների բազմաթիվ օրինակներ կան ոչ միայն Ադրբեջանում, այլև տարբեր երկրներում, բայց պետական մակարդակով մշակութային ցեղասպանություն իրագործելու մտադրության մասին նման ցինիկ հայտարարությունը աննախադեպ է: Բնականաբար, առավել արտառոց և աննախադեպ կլինի մեր լռությունը:
Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանի գիտական հանրության կողմից ներկայացվող հիմնավորմամբ և պետական արձագանքով: Հերքումից, սակայն, շատ ավելի կարևոր է հերքման մեթոդիկան, որպեսզի հայկական կողմը չընկնի հայկականի հայկականությունը ապացուցելու ծուղակի մեջ:
Ալիևյան այսօրվա անպատժելի ցինիզմին և «կառուցողական» ջարդարարությանը հակազդելու համար Արտգործնախարարության հովանու ներքո հարկավոր է շուտափույթ ստեղծել միջգիտակարգային մի աշխատանք՝ նվիրված հայ միջնադարյան կոթողների վիմական արձանագրություններին, ցույց տալով, որ Արցախի հուշարձանների համաբնույթ արձանագրությունները հայկական մշակութային ժառանգության մասն են կազմում:
Գիրքը, մեր կածիքով, պետք է ունենա հետևյալ կառուցվածքը: Նախարարության կողմից ձևակերպված առաջաբանում պետք է դատապարտվեն հայկական արձանագրությունները ջնջելու փորձերը, որպես մշակութային ֆաշիզմի և պետական վանդալիզմի արտահայտություն:
Բուն գրքում վիմական արձանագրությունները տարբեր տեսանկյուններից պետք է քննվեն գիտական ընդհանրացվածությամբ և հնարավորինս մատչելի շարադրանքով: Արցախի կոթողների արձանագրությունների վիմագրական քննությունը, կարծում ենք, պետք է իրականացվի ըստ հետևյալ բաժիննների.
1. Հնագրական. Նախ ներկայացվելու են վիմական արձանագրությունների գրաձևերը, հատկապես երկաթագիր և բոլորգիր: Դրանք համեմատվելու են ձեռագիր մատյանների գրաձևերի հետ: Յուրաքանչյուր արձանագրության տառաձևերը համեմատվելու են տվյալ ժամանակահատվածում գործածված գրատեսակի հետ և ցույց է տրվելու, որ արցախյան ամեն արձանագրություն գրված է տվյալ ժամանակի տառատեսակով:
2. Գրական-աղբյուրագիտական. Ցույց տալ, թե վիմական արձանագրությունները որքանով են կապված դրանց փորագրման ժամանակ ստեղծված պատմագրական երկերում հիշված իրադարձությունների հետ և ամենակարևորը. միջնադարյան պատմագրական երկերում որպես պատմական սկզբնաղբյուրներ նշվում են նաև վիմական արձանագրությունները: Այս առումով, հիշատակելի է հատկապես Սյունյաց տան 13-րդ դարավերջի և 14-րդ դարասկզբի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: Վերջինս Արցախից և Սյունիքից տասնյակ վիմական արձանագրություններ է բերում որպես պատմական սկզբնաղբյուրներ, որոնք փաստում են, թե եկեղեցիներում դրանք դրոշմված են եղել արդեն 13-րդ դարում:
3. Աստվածաբանական և եկեղեցագիտական քննություն. Վիմական արձանագրությունները սկսվում են կատարված աշխատանքի փառաբանությամբ, որոնք, ուղղված լինելով Սուրբ Երրորդությանը և Քրիստոսին, պարունակում են աստվածաբանական բանաձևեր: Վիմական արձանագրություններին զուգահեռ, ընթացող ձեռագրերի հիշատակարանները փաստում են, որ տարբեր ժամանակաշրջաններում վիմական արձանագրությունները և հիշատակարանների սկզբի փառաբանական հատվածները ունեն նույն բանաձևերը: Բանաձևային նման համընկնումները գտնում ենք նաև Արցախի արձանագրությունների դեպքում:
4. Լեզվաբանական քննություն. Ոչ միայն վիմական արձանագրությունների, այլև գրական տարբեր հորինվածքների և կեղծիքների դեպքում իսկույն երևում է, որ դրանք կատարվել են հետագայում: Արցախի հուշարձաններում հնարավոր չէ գտնել վաղ թվագրված և արհեստական գրաբարով գրված հորինված արձանագրություն:
Ավելին, լեզվական առումով կա հզոր մի զենք. ինչպես վիմագրերի, այնպես և ձեռագրերի դեպքում ընդհանուր օրինաչափություն է, որ գրության միջավայրի լեզվական իրողությունները՝ բարբառները, արտահայտվում են շարադրանքում: Արցախին նվիրված «Դիվան հայ վիմագրության» շարքի հինգերորդ հատորում ոսկեհատիկների նման ցոլանում են արցախյան բարբառի տարրերը, այնինչ ենթադրյալ աղվաներենի կամ արաբերենի որևէ նշույլ չենք կարող գտնել: Ասվածը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մշակութային այդ ժառանգությունը կերտել է Արցախի հայությունը՝ բարբառի տեղային իր շունչը հաղորդելով:
5. Արվեստաբանական. Թե´ ձեռագրերում և թե´ ճարտարապետական հուշարձաններում հետագայում կատարվող հավելումները կառուցվածքային առումով ոչ ճիշտ տեղերում են դրվում, քանի որ ճարտարապետական ընդհանուր հորինվածքում կառուցումից անմիջապես հետո փորագրվում են տվյալ հուշարձանի կառուցման հետ կապված արձանագրությունները: Եկեղեցու ընդհանուր կառուցվածքային հորինվածքի և խորհրդաբանության տեսանկյունից եթե նայում ենք, ապա տեսնում ենք, որ Արցախյան նշանավոր բոլոր կոթողների վիմական արձանագրությունները գտնվում են ճիշտ այն տեղում, որում համաբնույթ արձանագրությունները պետք է փորագրվեին այդ կոթողների կառուցումից անմիջապես հետո:
6. Պատմագիտական մոտեցում. Այն գլխավորն է, սակայն վերջում նշեցինք, որովհետև հարցի տարբեր տեսանկյուններից քննությունը գալիս և որպես ամբողջական համալիր վերլուծություն, հանգում է վիմական արձանագրությունների համապատասխանությանը կամ անհամապատասխանությանը, դրանց գրության ժամանակի պատմական միջավայրին:
Հնարավոր չէ ցույց տալ Արցախի հուշարձանների նվիրատվական կամ կառուցման մասին պատմական տեղեկություններ պարունակող մի արձանագրություն, որը ստեղծվել է հետագայում, սակայն վերագրվել է ավելի վաղ շրջանին:
Նման աշխատանքը պետք է կատարվի ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի տարբեր ամբիոնների ու հատկապես Աստվածաբանության ֆակուլտետի և Մաշտոցի անվան Մատենադարանի մասնակցությամբ:
Նման աշխատանքը անպատկերացնելի է նաև առանց Սուրբ Էջմիածնի գիտնական վարդապետների, առավել ևս, որ հոգևոր ու իրավական առումով Մայր Աթոռն է ժառանգորդը Արցախի եկեղեցական ժառանգության:
Կարելի է նաև ՀՀ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների հովանու ներքո այս հարցով միջազգային հեղինակավոր գիտաժողով կազմակերպել և վերը բերված հարցադրումների դրույթները ներկայացնել որպես գիտաժողովի հայտարարություն:
Խնդիրը մեկն է և շուտափույթ լուծման ձևերը կարող են տարբեր լինել, ունենալով մեկ նպատակ՝ բարբարոսի քերիչ թաթը հայկական մշակութային ժառանգությունից հնարավորինս հեռու պահել:
Վարդան Դևրիկյան
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականությանինտիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր