Պետության կառավարումը վերածել են պրիմիտիվ առևտրի. էս մարդիկ կարող են ամեն ինչ տալ, նույնիսկ հրապարակում գտնվող շենքը. Տիգրան Թորոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է:

Բանախոսը նշել է.

  • Պետության կառավարումն առևտուր չէ, ցավոք, այսօր ամեն ինչ վերածվել է պրիմիտիվ առևտրի:
  • Խաղաղությունը պետք է թելադրել, ոչ թե մուրալ: Մուրացողին հարվածում են, մուրացողից խլում են:
  • Քաղաքական ուժերը պետք է կարողանան համախմբել այն մարդկանց, որոնց համար թանկ է Հայաստանը:
  • ՀՀ իշխանության գործունեությունը նմանվում է նեղ նպատակներ իրականացնող խմբի գործունեության:
  • Հայաստանը վաղուց դադարել է գործոն լինել, ազդեցություն ունենալ, անգամ, եթե հարցերը վերաբերում են իրեն:
  • Հայաստանին պետք են դասական իմաստով կուսակցություններ՝ հստակ մոտեցումներով, սկզբունքներով: Այդպիսի չափանիշներով քաղաքական ուժ Հայաստանում չկա:
  • Նախորդ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 25 քաղաքական միավորների մեծ մասը ոչ ծրագիր ունեին, ոչ սկզբունքներ: Դրանք խափանարար նշանակություն ունեին, ձայները փոշիացնելու և օրվա իշխանություններին ծառայելու նպատակ ունեին: Հասարակությունը պետք է տեսնի, գնահատական տա ու տարբերի այդ քաղաքական ուժերին:
  • ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ կարողանում են միավորվել, երբ իրենց հետ խոսում են իրենց համար հասկանալի լեզվով և իրենց խնդիրների մասին:
  • Կուսակցության հիմնական անելիքը հենց քաղաքական կյանքի կազմակերպումն է:
  • Ակնհայտ է, հարցումներն էլ վկայում են, որ հասարակությունը չի ընդունում այս իշխանություններին, բայց այդ մարդկանց պետք է առաջնորդել, իսկ դա կուսակցությունների խնդիրն է: Քաղաքական համակարգի առանցքը կուսակցություններն են, դրանք  էլ պետք է առաջ տանեն հասարակությանը:
  • Ընդդիմությունը լուրջ անելիք ունի, մի օր լինելու է իշխանափոխություն, ակնհայտ է, ուստի կարևոր է, թե հետագա ընթացքն ինչպիսին է լինելու:
  • Ընդդիմությունը պետք է լուրջ աշխատանք տանի ոչ միայն Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, այլ նաև նրանց կենտրոնական կառույցների հետ:
  • Հայաստանը կորցնում է 2020թ. պատերազմից հետո առաջացած այն բացառիկ հնարավորությունը, որով պետք էր հասնել միջազգային ատյաններում Թուրքիային և Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար դատապարտելուն:
  • Ադրբեջանական, թուրքական քարոզչական շրջանակների կողմից Հայաստանի և Արցախի դեմ մեղադրանքներ են ներկայացնում, աղավաղում են փաստերը, և դրանց հիման վրա վերաբերմունք է ձևավորվում միջազգային հանրության մոտ:
  • Սահմանադրական փոփոխություններ ասվածի տակ ի՞նչ նպատակ կա թաքնված: Այսօր մի իշխանություն է, որն այս Սահմանադրությունը համեմատում էր կոնկրետ պաշտոնյայի համար կարված կոստյումի հետ:
  • Սահմանադրության՝ կոստյումի հետ համեմատությունը փաստում է, որ ամեն ինչին այս իշխանությունները նայում են անձնական տիրույթից:
  • Այս իշխանությունների գործունեության արդյունքում Սահմանադրությունը դառնում է անձնական օգտագործման թուղթ, որի հանդեպ հարգանք չկա:
  • Սահմանադրություն փոխելով՝ երկրում դրական միտումներ առաջացնելուն ոչ մի ողջամիտ մարդ չի հավատա:
  • Կա՞ պահանջ Սահմանադրության նախաբանը փոխելու: Ի՞նչ նպատակ են հետապնդում, ի՞նչը և ինչո՞ւ են ուզում փոխել: 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ Վենետիկի հանձնաժողովում Թուրքիայի ներկայացուցիչն առաջարկել էր դիմել հայկական կողմին՝ առաջարկելով Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրի՝ Ցեղասպանությանը վերաբերող հատվածը:
  • Պատերազմի դադարեցումով երկրում աղետը չդադարեց, պատերազմից հետո ադրբեջանական զորքերի ավելի մեծ տեղաշարժեր են տեղի ունեցել. աղետը շարունակվում է:
  • Կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը չի կարող խաղաղություն բերել, այդ խաղաղությունը խաբեություն է, կեղծիք:
  • Կեղծիքով ու ստով ո՛չ խաղաղություն կհաստատես, ո՛չ էլ մարդկանց խնդիրները կարող ես լուծել, պարզապես կկարողանաս երկարաձգել իշխանությունդ՝ ժողովրդի ու երկրի հաշվին:
  • Համատարած ստի ու կեղծիքի պարագայում կա մեկ լուծում՝ այս իշխանությունները պետք է հեռանան, որքան շուտ, այնքան քիչ կլինեն աղետները:
  • Էս մարդիկ կարող են ամեն ինչ տալ, նույնիսկ հրապարակում գտնվող շենքը, միայն թե իրենք հանգիստ ապրեն, նրանց համար ոչ մի սահմանափակում գոյություն չունի…
  • Ժողովրդին կազմակերպող է պետք, ժողովուրդն ինքն իրեն չի կարող կազմակերպվել:
  • Ով աչք ունի՝ նա կտեսնի, ով ականջ ունի՝ նա կլսի, ով ուժ ունի՝ նա էլ կկիրառի:

Տեսանյութեր

Լրահոս