ՀԱՊԿ-ն Հայաստանի՞, թե՞ նաև ԱՊՀ անդամ Ադրբեջանի սահմանների պաշտպանն է. Առաջին նախագահի մի հարցազրույցի հետքերով

Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է եղել և մնում է, ուստի ՀՀ սահմաններում լարվածության սրացման ժամանակ մշտապես հարց է բարձրացվել՝ ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ Հայաստանը չի դիմում կազմակերպությանը՝ ստանալու համապատասխան աջակցություն:

Նախորդ իշխանություննները նման հարցադրում-պահանջին արձագանքել են, թե ՀՀ զինված ուժերն ի վիճակի են սահմաններին կամ շփման գծում ադրբեջանական սադրանքներին, հարձակողական գործողություններին համարժեք պատասխան տալու: Ասել է թե՝ նման «մանր» դեպքերում ամոթ է եղել ՀԱՊԿ-ին դիմելը:

Մյուս կողմից՝ գուցե ներքին կարգով ՀԱՊԿ-ից հասկացրել են՝ իրենց չդիմել, քանի որ ներսում կարող է չլինել կոնսենսուս, և արդյունքում՝ վնասվի կազմակերպության հեղինակությունը: Գուցե:

Այլ հարց է, որ նախկին իշխանությունները պահանջել են ՀԱՊԿ-ին հասցեական հայտարարություն անել, այդ թվում՝ ՀԱՊԿ ղեկավարությունն այցելի ՀՀ սահմաններ, և հենց այնտեղից ասվի այն, ինչ պիտի ասվի, ինչը չի անտեսվել, և ՀԱՊԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ սահմանագիծ՝ Նախիջևանի հատված:

Ավելին, 2018-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությամբ ՀԱՊԿ-ն հասցեական անդրադարձել էր տավուշյան թևում լարվածության սրացմանը: Հայտարարությունը հրապարակվել էր ՀԱՊԿ պաշտոնական կայքում, որում, մասնավորապես, ասվում էր.

«Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի առթիվ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։

Համոզված ենք, որ ռազմական հռետորաբանությունը տանում է նոր լարվածության և վնասում Մինսկի խմբի աշխատանքներին։

Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր դեսպանի տրամադրած տեղեկությունը, որը ներկայացվել է սույն թվականի սեպտեմբերի 21-ին Մշտական խորհրդի նիստին, ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի աճը թույլ չտալու նպատակով կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը»:

Հայաստանը նախկին իշխանությունների օրոք մշտապես դժգոհություն է հայտնել առ այն, որ ՀԱՊԿ անդամ ՌԴ-ն զինում է ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանին, ինչին ի պատասխան՝ լսել ենք, որ փորձ է արվում ՌԴ ներքին գներով ՀՀ-ին զենք մատակարարել և պահել ուժային բալանսը:

Արցախյան վերջին պատերազմից հետո, սակայն, իրավիճակ փոխվեց նաև ՀՀ սահմաններում:

Մասնավորապես, 2021-ի մայիսին 12-ին Ադրբեջանի զինծառայողները ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, հայկական բանակը, ուժային մյուս կառույցները կանխարգելիչ և այլ բնույթի գործողություններ չիրականացրեցին, իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դիմեց ՀԱՊԿ-ին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

ՀԱՊԿ-ից, սակայն, անընդհատ պատասխանում էին, որ ՀՀ-ի դիմումը չեն ստացել, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ում գլխավոր խաղացող ՌԴ-ն պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին:

Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ից նաև Նիկոլ Փաշինյանին են հասկացրել չդիմել օգնության համար՝ սկսած դեռ հուլիսյան դեպքերից՝ կազմակերպության հեղինակությանը չվնասելու համար, Փաշինյանն էլ այս ներքին կարգով խնդրանքը որոշել է կատարել մասնակի՝ դիմել ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով:

Եվ մինչև կկատարվի ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատումը, այս դեպքում՝ ՌԴ հովանավորությամբ, Ադրբեջանն այն կատարել և կատարում է չգրված օրենքներով՝ ռազմական ճանապարհով, և արդեն բավականին հասցրել է բարելավել իր դիրքերը ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում, իր վերահսկողության տակ առնելով առնվազն 45 քառակուսի կմ տարածք: Իրականում այս թիվն ավելին է:

2011-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե որ մեխանիզմն է կարևոր Հայաստանի համար՝ ՀԱ՞ՊԿ, թե՞ ԱՊՀ, նշել է՝ «ՀԱՊԿ-ն ինձ համար որևէ նշանակություն չունի»:

Դիտարկմանը՝ անվտանգության երաշխիք չէ՞, Տեր-Պետրոսյանն արձագանքել է.

«Ոչ, անվտանգության երաշխիքն ԱՊՀ-ն է: Իսկ ՀԱՊԿ-ը դետալ է, որը կարող է լինել, կարող է և չլինել, դրանից ոչինչ չի փոխվի: Որտե՞ղ է իրականում օգտագործվելու ՀԱՊԿ-ն, նման դեպք մինչև այժմ չի եղել և հետագայում էլ չի լինի»:

Այնուհետ նշված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահը շարունակել է, որ ՀԱՊԿ-ն ղարաբաղյան հակամարտության հետ որևէ առնչություն չունի, և ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա:

«ՀԱՊԿ-ն դա պայմանագիր է ԱՊՀ արտաքին սահմանների պաշտպանության մասին: Դա հստակ է: Եվ այն, որ Ադրբեջանը չի մտնում ՀԱՊԿ-ի մեջ, ոչինչ չի նշանակում: Ադրբեջանն ԱՊՀ անդամ է: Իր կանոնադրությամբ ՀԱՊԿ-ն ոչ մի առնչություն չունի ղարաբաղյան կոնֆլիկտի հետ: Սա շատ տարածված թյուրիմացություն է: Եթե հանկարծ Ղարաբաղում պատերազմ լինի, Ռուսաստանը պարտավոր չէ պաշտպանել հայկական կողմին: Շատերը կարծում են, թե պարտավոր է, դա շատ վտանգավոր մոլորություն է: Չկա նման պարտավորություն»,- շեշտել է Տեր-Պետրոսյանը՝ կարևոր համարելով ՀՀ-ում ռուսական բազայի ներկայությունը և ժամանակին դրա գործունեության ժամկետի երկարաձգումը՝ որպես զսպող գործոն Թուրքիայի միջամտություններին:

Իհարկե, երբ Տեր-Պետրոսյանը տալիս էր այս հարցազրույցը, այն ժամանակ չկար պատերազմի պարտության փաստ և դրա հետևանքով ՀՀ սահմաններում ներկա իրավիճակը, ադրբեջանական զինուժը չէր ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք:

Իսկ գուցե ՀԱՊԿ-ում գլխավոր խաղացող ՌԴ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն աջակցելը, ՀԱՊԿ-ի կողմից ԱՊՀ սահմանների պաշտպանությո՞ւն է դիտարկվում:

1993թ.-ի հունվարի 22-ին հաստատված ԱՊՀ կանոնադրության մեջ այլ նպատակների շարքում ամրագրված է նաև հետևյալը՝

– համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,

– համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում:

Ըստ այդմ՝ ստացվում է, որ ՀԱՊԿ-ն որոշելով խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ փորձեց անխախտ պահել ԱՊՀ սահմաննե՞րը, քանի որ, բացի ներքին ընդվզումից, շատ էր խոսվում ՀԱՊԿ վերահսկողության գոտում գտնվող սահմանի նկատմամբ թուրքական հավակնությունների և ահաբեկչական գործողությունների մասին, ուստիև Թուրքիան դժգոհ էր այս որոշումից: Այսինքն՝ Տեր-Պետրոսյանի ասածի մեջ ճշմարտության հատիկ, անշուշտ, կա:

Տեսանյութեր

Լրահոս