«Ալիև, գնա գլուխդ պատերին տուր. Ադրբեջանի շուկայում վաճառվել է հայկական կարտոֆիլ». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ եթե Հայաստանում ճիշտ քաղաքականություն վարվի, ապա Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում Հայաստանի գյուղատնտեսությունը չի կորցնի իր մրցունակությունը:

«Էկոնոմիկայի նախարարությունը ոչ էֆեկտիվ է, որովհետև էկոնոմիկան կոորդինացնող նախարարություն է, իսկ գյուղատնտեսության նախարարությունը արտադրող նախարարություն է. դրանք իրար հետ անհամատեղելի են: Դրանք իրար միայն թուրքը կարող էր միացնել: Հրատապ հարկավոր է գյուղատնտեսության նախարարությունը անջատել, որովհետև գյուղատնտեսությունը մինչև 45 տոկոս ՀՆԱ է ունեցել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀ ազգային գյուղատնտեսության վրա, և, որ գյուղատնտեսությունը կկորցնի իր մրցունակությունը: Փոխարենը՝ Փաշինյանը խորհուրդ է տվել մտածել այն տրանզիտի մասին, որը պետք է անցնի Հայաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով, և, թե դա ի՞նչ տնտեսական էֆեկտներ է բերելու, ինչքա՞ն աշխատատեղեր է բացելու:

Հրաչ Բերբերյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը եկել է այդ տրանզիտը բացելու համար. «Մենք շատ կուլտուրաներով այսօր առաջատար ենք: Մեր ունեցած հաշվարկներով՝ շուրջ 40.000 տոննա կարտոֆիլ է արտահանվել ՀՀ-ից, հիմնականում՝ ՌԴ, բայց մենք տեղեկություն ունենք, որ Վրաստանի միջոցով Ադրբեջան էլ է գնացել՝ մոտ 1500 տոննա: Ադրբեջանի շուկայում վաճառվել է հայկական կարտոֆիլը: Ալիև, գնա գլուխդ պատերին տուր, էլի ենք վաճառելու: Այսօր հայկական կարտոֆիլը ռեգիոնում լավագույնն է: Թուրքական կարտոֆիլը անորակ է, համային հատկանիշներ չունեն, Թուրքիան այդ աղբով օկուպացրել է Վրաստանը, և քանի որ էժան կարտոֆիլ է, կբերեն մեր շուկան կլցնեն 50 դրամով: Բայց մեր ազգաբնակչությունը չի գնի, ուղղակի կեղծում են պիտակներն այստեղ»:

Դիտարկմանը՝ Դուք ասացիք, որ Ադրբեջան էլ է գնացել հայկական կարտոֆիլը, իշխանություններն էլ կասեն՝ տեսեք, ինչ լավ է, սահմանները կբացվեն, փոխադարձ առևտուր կլինի, հայկական կարտոֆիլի պահանջարկ կա Ադրբեջանում, և այլն, նա արձագանքեց.

«Կառավարությունը միայն դրա՞ն է ընդունակ: Այո, պետք է խթանել, որովհետև մենք դոմինանտ տեղ ենք զբաղեցնում: Մեզ մոտ լեռնային գոտում կարտոֆիլի հիվանդություն գոյություն չունի, եկեք խթանենք այդ ուղղությունը: Կարտոֆիլը թանկ էր, որովհետև հիմնականում ՌԴ արտահանվեց, այս տարի էլ է այդպես լինելու: Հոլանդիան միայն Հայաստանին է սերմացու տալիս, դա էլ անձնական հարաբերությունների արդյունքում է: Հենց կառավարությունը փորձի այդ գործին խառնվել, կամ թուրքերը փող տան, դա էլ կփչացնեն»:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Թուրքիայից էժան գյուղմթերք կներկրվի, և Հայաստանում այդ ուղղությունը կդառնա ոչ շահութաբեր, նա հետևյալը նշեց. «Էրդողանը ծոծրակը կտեսնի, այդպիսի Հայաստան չի տեսնի: Էրդողանները գալիս-գնում են, հայ ժողովուրդը մնում է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս