«Ուսապարկը ուղեղ ունի՞, որ ուզում են խոսել, բան հասկացնել․ Ուսապարկի գրպանների մեջ պարգևավճար գցի, պադավատ տուր․․․». Մարգարիտ Եսայան

«Ինչ որ անում են՝ լավ են անում, հասնում է և՛ բոլոր նախկին իշխանություններին, և՛ ինձ: Շա՛տ լավ են անում: Այսօր պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում իշխանության է եկել անարխիայի կուսակցությունը. Անարխիստական խումբը Հայաստանում 2018թ. զավթել է իշխանությունը, և իրականացնում է անարխիստական գործողություններ, որոնք բացարձակ կապ չունեն ժողովրդավարության, եվրոպական արժեհամակարգի, անգամ մարդկային արժեհամակարգի հետ»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Նրանք ինչ անում են՝ մեզնից յուրաքանչյուրին հասնում է, և՛ նախկին իշխանություններին, և՛ ՀՀԿ-ին, և՛ յուրաքանչյուր ՀՀ շարքային քաղաքացու հասնում է: Մենք արժանի ենք այս վիճակին: Քանի դեռ մենք 2018թ. հետո հետևություններ չենք արել, 2020թ. չարաբաստիկ պատերազմից հետո հետևություններ չենք արել, գործողություններ չենք իրականացրել, սրանք դատավորներ են նստեցնելու, նախկին ՀՀԿ-ականները, որոնք այսօր այլ կերակրատաշտից են սնվում, ինչ ասես՝ հայտարարելու են: Ամեն ինչ ճիշտ է, քանի դեռ հակազդեցություն չկա»,- ընդգծեց նա:

Մարգարիտ Եսայանի խոսքով՝ իշխանությունները վատնում են պետական բյուջեն. «Բոլոր նախկին իշխանությունները կերազեին՝ իրենց ամբողջ պաշտոնավարման ընթացքում այնքան հարստանային, որքան սրանք՝ 3-4 տարվա ընթացքում: Լավ են անում: Նորից եմ կրկնում՝ բոլորիս հասնում է, ճիշտ են անում: Ընդդիմությունը չի կազմակերպում պայքար, քաղաքացիները չեն պարտադրում ընդդիմությանը, որ կազմակերպի, քաղաքական ուժերը համավոր հարսի նման նստած՝ ընդամենը արձանագրում են, կարծես՝ գործավարուհի լինեն: Մենք արձանագրո՞ղ ենք, մենք քարտուղարուհի՞ ենք՝ որպես ընդդիմություն: Մենք այսօր ունենք հսկայական ընդդիմադիր խմբակցություններ պառլամենտի ներսում՝ «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, և խորհրդարանից դուրս ունենք մի քանի տասնյակ ընդդիմադիր ուժեր, և բոլորը՝ առանց բացառության, համակերպված են այս իրավիճակի հետ, որն ինձ սարսափելի զայրացնում է»:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ամոթն է:

«Դուք ձեզ դրեք Թուրքիայի և Ադրբեջանի տեղը. Երբ որ դիմացի պետության ղեկավարը դռները բացել է, ամեն ինչ բացել է, նվաստացել է, և՛ որպես երկրի ղեկավար, և՛ որպես տղամարդ, և՛ առհասարակ, որպես մարդ՝ ինքը ոչնչացված է, նրան ամեն օր ոչնչացնում են և՛ Ալիևը, և՛ Էրդողանը, հասկանո՞ւմ եք, ինքը չկա, բա ի՞նչ պետք է անեն, պետք է Երևան էլ հասնեն: Արդեն Երևանում կան թուրքախոս մարդիկ»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ կառուցողական են, դրա համար Ալիևին չեն պատասխանում, նա արձագանքեց. «Վայ, լավ էլի, Նիկոլը՝ կառուցողակա՞ն, նա քանդող է, այդ շինի՞չն է կառուցողականը: Ի՞նչ կառուցողականի մասին է խոսքը. Նա վստահաբար պայմանավորվածություններ ունի, դրա համար վախենում է հակազդել Ալիևին կամ Էրդողանին: Ինչո՞ւ է ընդդիմությանը հակադարձում, որովհետև հասկանում է, որ այս ընդդիմությունը ծպտուն չի հանում: Լավ են անում, քանի դեռ մենք չենք հակադարձել, քանի դեռ մենք ասում էինք՝ դե լավ, Նիկոլն է, թող խոսա, բա ընդդիմադիր է, չխոսա՞… խոսաց՝ հելավ նստավ գլխներիս: Երեխային որ չես դաստիարակում, որ անշնորհք խոսքեր է ասում, հայհոյում է, վատ խոսքեր է ասում, քամակին կամ գլխին չես ճլթացնում, այդ երեխան դառնում է խաբեբա, գող ու ավազակ: Հիմա մենք՝ որպես նախկին իշխանություն, ընդդիմություն Նիկոլ Փաշինյանին չենք դաստիարակել, ինչ խոսացել է՝ բանի տեղ չենք դրել, այդքան մեծահոգի ենք եղել, դեմոկրատիան էդ ժամանակ էր, հիմա տեսա՞ք՝ ինչ եղավ»:

Ինչ վերաբերում է ներկայիս խորհրդարանական ընդդիմությանը ձայնից զրկելու կամ նույնիսկ ԱԺ նիստերի դահլիճից հեռացնելու դեպքերին, նա ընդգծեց. «Լավ են անում, ի՞նչ ելույթ ունենալ, ո՞ւմ են ինչ ուզում հասկացնել, ուսապարկերի՞ն, ուսապարկը ուղեղ ունի՞, որ ուզում են խոսել, բան հասկացնել: Ուսապարկի գրպանների մեջ պարգևավճար գցի, պադավատ տուր, այնքան փող տուր, որ այդ ուսապարկերը գնան՝ ձորաղբյուրներում ամառանոցներ առնեն, մեզ էլ ասում էին՝ լափում եք, ի՞նչ էինք լափում, լափողները հիմա են, որ պետական բյուջեի հերն անիծում են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս