Ինչ էին ասում, ինչ ստացանք. ամփոփվել են անցած տարվա տնտեսական ցուցանիշները
Պաշտոնական վիճակագրությունն ամփոփել է անցած տարվա տնտեսական ցուցանիշները։ Հրապարակված օպերատիվ տվյալները վկայում են, որ մեր տնտեսությունը շատ հեռու է երկնիշ աճից, ինչը խոստանում էին տարվա սկզբին։
Անգամ տարվա վերջին 2 ամիսների համատարած «վերելքից» հետո տարեկան տնտեսական աճը չի փայլում իր բարձր ակտիվությամբ։ Պաշտոնական տվյալներն արձանագրել են, որ տնտեսությունն անցած տարի նույնիսկ չի կարողացել հաղթահարել նախորդ տարվա կորուստները։ Տնտեսությունը շարունակել է հետ մնալ նախաճգնաժամային 2019թ.։
Տնտեսական ակտիվության աճը 2021թ. կազմել է 5,8 տոկոս։ Սա դեռ անգամ տնտեսական աճ չէ, ու չի բացառվում, որ տնտեսական աճն ավելի ցածր լինի։
Բայց անգամ 5,8 տոկոսի պարագայում մենք բավականաչափ հետ ենք մնում 2020թ. կորուստները հաղթահարելուց։
Հիշեցնենք, որ 2020թ. տնտեսական ակտիվության անկումը 7,5 տոկոս էր։
Այսպիսի անկումից հետո անցած տարի տնտեսությունը չկարողացավ ամբողջությամբ վերականգնվել։ Տնտեսության բազմաթիվ ճյուղեր ավելի քիչ են աճել, քան նվազել էին ճգնաժամի ժամանակ։
Արդյունաբերության ոլորտում 2021թ. գրանցվել է 3,3 տոկոս աճ։ 3,3 տոկոսը դժվար է բարձր աճ համարել, բայց գոհ պետք է լինել, որ դա էլ ունենք։ Կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի արդյունաբերության աճը հնարավորինս համեստ լինի։ Տարվա կեսերին որոշեցին արտահանման տուրք կիրառել մետաղների նկատմամբ ու արգելակեցին տնտեսության այդ ճյուղի ակտիվությունը։ Եթե մինչ այդ հանքարդյունաբերությունը բավական բարձր աճ էր գրանցում՝ դրսում մետաղների բարձր գների արդյունքում, տարեվերջին սկսեց անկումային լինել։
Տարեվերջին, մի կերպ, անկումից դուրս եկավ մշակող արդյունաբերությունը, որը նախորդ տարի ևս անկումային էր եղել. տարվա կտրվածքով՝ 3,9 տոկոսի չափով։
Մշակող արդյունաբերությունը դուրս եկավ անկումից, բայց մի շարք կարևոր ճյուղեր շարունակեցին մնալ անկումային։
Այդպիսին էր մասնավորապես ծխախոտի արտադրությունը, որտեղ երկնիշ անկումը պահպանվեց ամբողջ տարվա ընթացքում։ Հույս չկա, որ այն կվերականգնվի նաև այս տարի։ Սպառողական պահանջարկի կրճատումն ու իրականացվող հարկային քաղաքականությունն իրենց ազդեցությունն են թողնում տնտեսության այդ առանցքային ճյուղի զարգացումների վրա։
Տարվա առաջին կեսին գրանցված աճից հետո այդպես էլ չկարողացավ ուշքի գալ գյուղատնտեսությունը։ Հերթական անգամ գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել։ Արտադրության ծավալները նվազել են 1,1 տոկոսով, այն էլ՝ նախորդ տարվա գրեթե 4 տոկոսանոց անկումից հետո։
Գյուղատնտեսությունը շարունակում է հետ գնալ, չնայած իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե մեծ ծավալի ֆինանսական օժանդակություն են ցուցաբերում ոլորտին ու տարբեր ծրագրեր են իրականացնում։ Արդյունքն ահա սա է։ Գյուղատնտեսության մեջ անկումը պահպանվում է արդեն չորս տարի։ Իշխանափոխությունից հետո խոստանում էին հեղափոխական տեմպերով զարգացնել գյուղատնտեսությունը և լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ։
«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարությունից չորս տարի հետո գյուղատնտեսության ոլորտում միայն անկում ենք արձանագրել։
Այս տարի իրավիճակը շատ ավելի ծանր է։ Եղած խնդիրներին ավելացել են նորերը, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծել տեղական գյուղմթերքների արտադրության համար։
Այդքան որ խոսում էին Հայաստանի՝ մեծ շինհրապարակի վերածվելու մասին, շինարարության ոլորտում ևս չենք հասցրել վերականգնել 2020թ. կորուստները։ Այն ժամանակ ունեցանք 9,5 տոկոս անկում, անցած տարի աճը եղել է 7,4 տոկոս՝ 2,1 տոկոսային կետով ավելի ցածր, քան անկումն էր։
Ներքին առևտրի շրջանառությունն անցած տարի աճել է ընդհանուր առմամբ 7,5 տոկոսով։ Իսկ ահա դեկտեմբերին աճը կազմել է հազիվ 3,6 տոկոս։ Նախորդ տարվա անկումը անցնում էր 17 տոկոսից։ Ու այդքանից հետո ներքին առևտուրը դեկտեմբերին աճել է ընդամենը 3,6 տոկոսով։ Հիմա հաշվեք, թե ինչքան պիտի աճեր, որպեսզի հասներ 2019թ. մակարդակին։
Տարվա կտրվածքով ևս առևտրի ծավալները մեծապես հետ են մնացել նախաճգնաժամային մակարդակից։ 7,5 տոկոս աճը, որն ունեցել ենք անցած տարի, արձանագրվել է նախորդ տարվա 14 տոկոս նվազումից հետո։
Աճի տեմպը գրեթե կրկնակի ցածր է եղել անկումից, ինչը բնական է. առևտուրը չէր կարող ավելանալ այդպիսի բարձր գնաճի ու մարդկանց եկամուտների անհամաչափ աճի պայմաններում։
Նույն իրավիճակն է նաև ծառայությունների դեպքում։ Տարեկան կտրվածքով, ծառայությունների աճը 7,8 տոկոս է։ Բայց կրկին նախորդ տարվա անհամեմատ ավելի մեծ անկումից հետո։ 2020թ. ծառայությունների ծավալը կրճատվել էր գրեթե 15 տոկոսով, անցած տարի վերականգնումը կազմել է 7,8 տոկոս։ Կրկին հեռու ենք նախաճգնաժամին հասնելուց։
Ի տարբերություն ներքինի, երկնիշ աճ ունենք արտաքին առևտրի ոլորտում։ Երկնիշ է աճը՝ ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման ոլորտում։ Բայց դա ոչ այնքան տնտեսական զարգացումների ու սպառողական պահանջարկի աճի, որքան գների բարձրացման արդյունք է։ Թանկացել են՝ ինչպես ներմուծվող, այնպես էլ՝ արտահանվող ապրանքները՝ ազդելով ներմուծման ու արտահանման ցուցանիշների վրա։
Ներմուծման աճն անցած տարի՝ գրեթե 17, արտահանմանը՝ 19,1 տոկոս է եղել։
Արտահանման աճին մեծապես նպաստել է հատկապես մետաղների միջազգային գների բարձրացումը։ Այդ ապրանքատեսակը, ինչպես հայտնի է, մեծ կշիռ ունի մեր արտաքին առևտրի կառուցվածքում։
Ամբողջ տարվա ընթացքում միջին աշխատավարձի աճի տեմպը զիջելով գնաճին, տարվա վերջում հաշվեկշիռը փոխվել է դրականի։ Միջին աշխատավարձի աճը, պաշտոնական տվյալներով, կազմել է 7,6 տոկոս, տարեկան գնաճը՝ 7,2 տոկոս։
Սրանով իշխանությունները, ըստ էության, ցանկացել են ցույց տալ, թե մարդկանց եկամուտներն ավելի արագ են աճել, քան գներն են բարձրացել։ Բայց մոռանում են, որ միջին գնաճը ոչինչ է առաջին անհրաժեշտության ապրանքների այն թանկացումների նկատմամբ, որոնց հասարակությունն առնչվեց անցած տարվա ընթացքում։ Ոչ մի նշանակություն չունի, որ միջին աշխատավարձը գուցե և ավելի շատ է աճել, քան միջին տարեկան գնաճը։ Սա հարյուր-հազարավոր քաղաքացիների չի վերաբերում, որովհետև նրանք գործազուրկ են, կենսաթոշակառու կամ նպաստառու։ Ու միջին աշխատավարձի աճը նրանց պարագայում ոչ մի խնդիր չի լուծում։
Սրանք են այն տնտեսական զարգացումները, որոնք պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է անցած տարվա համար։ Դրանք չեն փայլում լավատեսությամբ և հետ են մնում մինչճգնաժամային իրավիճակից։ Մինչ բազմաթիվ երկրներ անցած տարի կարողացան ամբողջությամբ հաղթահարել ճգնաժամի հետևանքները և դուրս գալ իրական զարգացումների, մեր տնտեսությունը դեռևս ստիպված պիտի լինի կրել ճգնաժամի բեռը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ