«Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից. նա պատրաստ է տալ Արցախը». Մետաքսե Հակոբյան

«Ադրբեջանի սադրանքների առումով իրավիճակն Արցախում նույնն է, որևէ բան չի փոխվել: Չեմ կարծում, որ որևէ զսպող բան կա այսօր, որ Ադրբեջանը նման սադրանքների չգնա: Ժամանակ առ ժամանակ էլի կրակոցներ են, իրենք իրենց քոչվոր ցեղին հարիր տեսակը չեն փոխել և նույնկերպ իրենց պահում են: Մենք ոչ թե հարմարվում ենք, այլ փորձում ենք ամեն անգամ ելքեր գտնել, որ իրավիճակը քիչ թե շատ շտկվի: Արցախում ոչ թե խաղաղություն է հաստատված, այլ ժամանակավոր լռություն, որը ժամանակ առ ժամանակ խախտվում է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Արցախում ներքաղաքական խմորումներին, նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու առցանց ասուլիսներն անհետևանք մնալ չէին կարող. «Արցախում կատարվում է այն, ինչին մենք ձգտում էինք մեկ տարուց ավելի, այսինքն՝ եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո մեր առաջին պահանջն էր Արցախի Հանրապետության իշխանությունների հեռացումը՝ ի դեմս նախագահի, նաև սահմանադրական փոփոխությունները, որոնք, ակնհայտ է, որ պետք է արվեին: Մեր Սահմանադրությունը պատերազմող երկրի համար չէր, որովհետև ըստ մեր Սահմանադրության՝ երկրի ճակատագրի հետ կապված ցանկացած հարց որոշում է մեկ մարդ, և այդ մեկ մարդու տրամադրությունից, կարողություններից, ցանկությունից է կախված երկրի ճակատագիրը, ինչը մենք տեսանք պատերազմի ընթացքում: Ամբողջ այս ժամանակահատվածում իշխանությունն անտարբեր էր, որևէ ռեակցիա չկար այն բոլոր պահանջներին, որոնք մենք դնում էինք: Դեկտեմբերի 24-ի վարչապետի՝ Արցախին վերաբերող հայտարարություններից հետո այլ բան չէր մնում Արցախի իշխանություններին, քան որևէ կերպ արձագանքելը»:

Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ Փաշինյանի ասուլիսից հետո Արայիկ Հարությունյանի տարածած հայտարարությունը ձևական էր, նա արձագանքեց. «Ես չեմ կարող վստահ ասել, բայց չեմ էլ փաստի, որ դա անկեղծ էր: Նախ դրան պետք է  հետևեին գործողություններ, որովհետև ցանկացած խոսքի տակ երկրի ղեկավարը պետք է գործողություն իրականացնի, իսկ այդ խոսքերի տակ բավականաչափ անելիքներ կան: Դրանից հետո նա հանդիպեց վարչապետին, և տեղեկացանք, որ սոցիալական ինչ-որ խնդիրներ են լուծում: Չեմ կարող ասել, թե այդ հանդիպումից հետո որևէ բան փոխվել է այն աշխատանքում, որը պետք է արվեր»:

Նրա խոսքով՝ Արցախի ադրբեջանական լինելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները փաստում են, որ նա ձեռքերը լվացել է Արցախից. «Նա այս հայտարարություններով փաստացի ցույց է տալիս, որ բացարձակ որևէ գործ չունի Արցախի հետ, և տանում է ի նպաստ Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի քարոզչություն, այսինքն՝ ինքը պատրաստ է տալ Արցախը, կամ իր բանակցություններում կարող է առևտրի առարկա լինել Արցախը նրա համար: Երբ լսում ես Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, իրենք նույն միտքն են արտահայտում: Դեկտեմբերի 24-ի իր ասածներով ինքը փաստացի համաձայնեց Ադրբեջանի նախագահի այն ասածների հետ և հայտարարեց, որ երբևէ Լեռնային Ղարաբաղը չի եղել և չի կարող լինել հայկական: Մարդ, որը նաև փորձեց խախտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս