Ինչո՞ւ Փաշինյանը չի մեկնում Թուրքիա․ Թուրքիայի փոխնախագահի առեղծվածային հայտարարությունը

Հայ-թուրքական երկխոսության ֆոնին Նիկոլ Փաշինյանի Թուրքիա մեկնելու թեման լայն քննարկումների ու քննադատությունների պատճառ է դարձել մամուլում և համացանցում։ Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին Վիեննայում։

Իսկ նախօրեին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, մարտին այցելի Թուրքիա՝ Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար:
«Չնայած վերջերս «Ղարաբաղի ազատագրումն» ու գործընթացը, որին մենք մինչև վերջ աջակցում ենք, ընկալվում են՝ որպես պատերազմ, իրականում դա բանալի է դեպի խաղաղություն:

Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, արվել են փոխադարձ դրական ուղերձներ: Մենք ուզում ենք, որպեսզի այդ գործընթացն արագանա»,- ասել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ Փաշինյանը կայցելի Անթալիա՝ մասնակցելու դիվանագիտական համաժողովին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ երկխոսության հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել Անկարայից՝ մասնակցելու մարտի 11-13-ն անցկացվող Անթալիայի դիվանագիտական համաժողովին:

Միրզոյանի խոսքով, նրա մասնակցության հարցով վերջնական որոշում դեռ չի ընդունվել: Սակայն դատելով իշխանական վերնախավի հայտարարություններից, հայկական կողմն այսպիսի հնարավորությունը բաց չի թողնի։ Օքթայի հայտարարությանը հաջորդեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի կարճ մեկնաբանությունը, որ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներով տարածվել էր Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի խոսքը՝ ներկայացնելով, թե Արարատ Միրզոյանի, Ռուբեն Ռուբինյանի հետ Անթալիա է հրավիրվել նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն, ինչպես պարզվեց կարճ ժամանակ անց, Չավուշօղլուն իր խոսքն այլ կերպ էր ձևակերպել․

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ու հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք: Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ հնարավոր է՝ մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այսինքն՝ հրավիրյալ անձինք կարող են մասնակցել: Մենք դրանից գոհ կլինենք, որովհետև Ադրբեջանն էլ է գալիս, այստեղից թող Ադրբեջանն իր մտքերը հայտնի, Հայաստանը՝ իր: Միաժամանակ այն կլինի նաև վստահության ամրապնդմանն ուղղված քայլ»,- հայտարարել էր Չավուշօղլուն։

Սակայն մի շարք վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի փոխնախագահ Օքթայի այս մեկնաբանությունն ամենևին էլ պատահական չէր, ավելին, ըստ նրանց, սովորաբար այցերի մասին չհստակեցված տեղեկություններ կամ ընդհանրապես սխալ տեղեկություններ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարածվում են այլ խնդիրներ լուծելու համար։

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իր համար կանխատեսելի է, որ Փաշինյանի այցը Թուրքիա շատ չի ուշանալու։ Սակայն, նրա խոսքով, պարզ է նաև, որ Հայաստանից դեպի Թուրքիա առաջին բարձրաստիճան այցը չի լինելու երկրի ղեկավարի կողմից այն դեպքում, երբ կա երկխոսություն, դրանում ներգրավված պաշտոնյաներ ու դիվանագետներ։

Տարասովի կարծիքով, կբացվի այցերի «պատուհանը» ավելի ցածր պաշտոնյաների կողմից, և այս դեպքում ԱԳ նախարարն ու հատուկ ներկայացուցիչը լավ տարբերակ կարող են դիտարկվել այս շրջանակում։

Վերլուծաբանի դիտարկումների համաձայն՝ ամենաբարձր մակարդակով այցը, հատկապես, երբ խոսքը նաև Էրդողանի նման գործչի մասին է, ներկայումս նպատակահարմար չէ, քանի որ երկկողմ բարձրաստիճան հանդիպումը պետք է ունենա մշակված օրակարգ, և ակնկալվեն արդյունքներ, իսկ հատուկ ներկայացուցիչները պատրաստվում են իրենց երկրորդ հանդիպմանը, գործընթացը դեռ նոր է սկսվել, չնայած իրադարձությունները զարգանում են արագ։

«Նման այցի մասին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան ամենևին պատահական չի խոսում, սրանով բացվում է նման այց դիտարկելու թեման, և դա արվում է առաջին հերթին՝ հասարակությունների համար, քանի որ քաղաքական գործիչների, հայ և թուրք պաշտոնյաների համար շատ ավելի ընկալելի է գործընթացը, որում նրանք ներգրավված են, հասկանալի է, որ նման այցեր սկսելու են տեղի ունենալ, իսկ հայաստանյան հասարակությանը ժամանակ է պետք որոշ իրողությունների հարմարվելու համար։ Ուստի այդ թեմայից խոսում են այսօրվանից, որպեսզի վաղն այն դիմադրության չարժանանա և ընդունելի լինի հասարակությունների համար։

Իսկ կոնտեքստը, որում թեման բարձրացվում է, շատ հարմար է, քանի որ հրավերներ են եղել ՀՀ ներկայացուցիչներին, և կարելի է խոսել նաև Փաշինյանի մասին, շոշափել հանրային տրամադրությունները, ինչպես նաև՝ գուցե հայկական պաշտոնական մտադրությունները։ Սա թուրքական դիվանագիտությանը բնորոշ քայլ է։ Բացի վերոնշյալ հանգամանքները, Թուրքիան փորձում է նաև հավելյալ արագացնել ողջ գործընթացը՝ դիտարկելով նման այցի հնարավորություն շատ ավելի վաղ, քան թույլ է տալիս գործընթացը»,- ասաց Տարասովը։

Նրա համոզմամբ, հենց այս փուլում Փաշինյանի այց Թուրքիա չի նախատեսվում, սակայն մի շարք երկկողմ հանդիպումներից հետո վստահաբար նման այց տեղի կունենա։

«Եթե հիշենք, ամիսներ առաջ էր, երբ Թուրքիայի նախագահը նշեց, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահին առաջարկել է հանդիպել։ Այս դրվագը, կարծում եմ, հայ-թուրքական գործընթացում բավականին հետաքրքիր հատված էր, քանի որ դեռ չէր սկսվել երկխոսությունը, իսկ հայկական կողմն արդեն պատրաստ էր հանդիպման և հենց Վրաստանի միջնորդությամբ»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս