2 միլիարդ դրամի հատկացում պահուստային ֆոնդից՝ առանց հաշվարկ-հիմնավորումների

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով տարբեր պատվիրատուների կողմից իրականացված ծախսերը վճարելու նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 2 միլիարդ 150 միլիոն դրամ է հատկացվել Առողջապահության նախարարությանը:

Ովքե՞ր են այդ տարբեր պատվիրատուները, նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն գումարի շրջանակներում ծախսելու պատվեր է ստացել, և որքա՞ն պետք է վճարվի նրանց ծառայությունների դիմաց, կամ այդ ծառայություններից քանի՞ հոգի է օգտվել, այս բոլոր հարցերի պատասխանները Կառավարության ընդունած որոշման մեջ չկան։

Նշենք, որ 2 միլիարդ դրամի հատկացման առնչությամբ մտահոգություններ էր հայտնել Ֆինանսների նախարարությունը, մասնավորապես առարկել էին, որ 2021թ. դեկտեմբեր և 2022թ. հունվար ամիսների ընթացքում COVID-ով հիվանդացության մակարդակի կտրուկ նվազման պարագայում հիմնավորման և հստակեցման կարիք ունի գումարի մեծությունը (2 միլիարդ 150 միլիոն դրամ), հատկապես, որ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին Առողջապահության նախարարությանն արդեն իսկ հատկացվել է 2 միլիարդ 550 միլիոն դրամ։

Ըստ Ֆինանսների նախարարության առարկության՝ ներկայացված հաշվարկում նույնպես բացակայում են ըստ առանձին ծախսատեսակների հաշվարկ-հիմնավորումները և գնագոյացման սկզբունքները (աշխատողների թվաքանակը և դրույքաչափերը, կոմունալ ծախսերի բացվածքը, դեղերի քանակը և արժեքը, և այլն), ինչպես նաև պացիենտների քանակը։

Չնայած այս առարկություններին ու բացակայող թվային ցուցանիշներին և անհրաժեշտ հիմնավորումներին՝ Կառավարության պահուստային ֆոնդից գումարը փոխանցվել է Առողջապահության նախարարության բանկային վճարային քարտին։

Տեսանյութեր

Լրահոս