Մեր պարտությունը սկսվեց 2018-ի իրադարձություններից… Ազգային օրակարգ է պետք ձևավորել. Էդգար Էլբակյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Էդգար Էլբակյանն է:
- Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված և արդեն երկու կողմից վավերացված «Շուշիի հռչակագիր» կոչվածի վտանգն այն է, որ Հայաստանում կապիտուլյացիոն վարչակարգն այն որպես վտանգ չի ընկալում:
- Երկրի պաշտպանունակությունը պայմանավորված է նաև դաշնակցով՝ Ադրբեջանն առանց Թուրքիայի չէր կարող հաղթել: Ադրբեջանը Թուրքիային որպես դաշնակից սկսել է կերտել 1994 թվականից, իսկ Հայաստանն իր դաշնակցի հետ հարաբերությունները վատացրեց, հիմա փորձում է Թուրքիայի հետ դաշնակից լինել:
- Ինչո՞ւ են Հայաստանի այս իշխանությունները թուրքամետ. Նախ՝ դրա արմատները գալիս են 91-98 թվականներին թողած ժառանգությունից, երկրորդ՝ Արևմուտքը դրական է վերաբերվում, և երրորդ՝ այսօրվա իշխող վերնախավում կան խմբեր, որոնք հայ-թուրքական քիրվայության անուղղակի շահառուներ են, այդպես է եղել պատմության ընթացքում: Հայ վաճառականներն ուզում էին թուրքերի հետ լավ հարաբերություններ՝ ի նպաստ իրենց գործի: Իսկ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական սիրախաղին նաև արտաքին քավորներ կան՝ ԱՄՆ, ԵՄ, նաև Մեծ Բրիտանիա:
- Արևմուտքից ալիքը գալիս է ոսկե սարերի խոստումներով, իսկ Ռուսաստանից խոստումներ չկան: Ռուսաստանն արևմտյան ճակատում բարդ խնդիրներ ունի:
- Կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանում այսպիսի իշխանությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հողը բոլորիս ոտքի տակից փախչելու է, այդ թվում՝ նաև Ռուսաստանի, եթե Հայաստանում հակաթուրք վերաբերմունքը փոխվի ի վնաս Ռուսաստանի:
- Այսօր արտաքուստ հայրենասիրական ակցիաներ չկան. 2013-ին լուր տարածվեց, թե Սյունիքում ինչ-որ հողատարածքներ որպես արոտավայր տալիս են Իրանին, մեծ աղմուկ բարձրացավ, հետո եղան ակցիաներ հող հանձնողների դեմ, «Էլեկտրիկ Երևան», թռչկաններ… այս բոլոր շարժումների նպատակը ՀՀ գործող իշխանություններին խփելն էր, իսկ քանի որ ոմանց կարծիքով՝ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության շարունակությունն է, ապա այդ ակցիաներն ուղղորդելով ու կազմակերպելով, նաև հարված էին փորձում հասցնել Ռուսաստանին:
- Ադրբեջանը պատերազմից հետո վերածվել է ակնհայտ առաջատար պետության, ավելացել է նրա քաղաքական կշիռը:
- Սա մեծ խաղ է, գործում է հավերժական պայքարի օրենքը, այնինչ 91-ից Հայաստանում դրվեց այն մտածողության հիմքը, թե՝ Ղարաբաղի հարցը լուծենք, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորենք, սահմանները բացենք, խաղաղ կապրենք…
- Աշխարհում նոր տեսակի գաղութատիրություն է սկսվում՝ Ուկրաինային Արևմուտքը համոզում է ագրարային գերտերություն դառնալ, բայց պայմանով՝ հողը հանձնել վարձակալության, և դրսից իրենց տեխնիկայով գան ու մշակեն, եկամուտն էլ դուրս գնա:
- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել մինչև 2024 թվականը պարտադիր զինծառայությունը վերացնելու մասին, նույնն է Հայաստանի պարագայում:
- Արևմուտքը թիրախավորում է բանակը, այդ թվում՝ նաև Հայաստանում. «Ազգ-բանակ» ծրագրի հատուկ հետազոտություն կատարելու համար դրամաշնորհ էին տրամադրել, որի նպատակը ոչ դրական առումով ծրագիրը ներկայացնելն էր:
- Եթե Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս չգա, ապա չի բացառվում, որ Արևմուտքը գնա անգամ Հայաստանի վերացմանը, նրանք նույնիսկ դրան են պատրաստ:
- Սփյուռքը ցեղասպանության արդյունքում ձևավորված մարմին է:
Այս իշխանությունների համար սփյուռքն արժեք չունի, պատահական չէր, որ փակվեց Սփյուռքի նախարարությունը: Իրենք սփյուռքում համագործակցում են տակտիկական դաշնակից խմբերի հետ, այն էլ՝ իրենց իշխանությունը պահելու համար:
- Թուրքիայի համար հայկական սփյուռքը քաղաքական թշնամի է, գլխացավանք:
- Մեր պարտությունը սկսվեց 2018-ի իրադարձություններից…
- 2018-ի իրադարձություններն ունեին աշխարհաքաղաքական կողմնորոշում և նշանակություն, իսկ քամին փչում էր Արևմուտքից:
- 91-98 թվականներին առիթ տվեցինք, որ Թուրքիան և Ադրբեջանը մտածեն, թե Հայաստանում կարող են իշխանության գալ պրոթուրքական ուժեր:
- 44-օրյա պատերազմում պարտվելու ազդեցությունը բոլորս ենք կրում:
- Պատերազմի հավանականությունը ծնվում է Հայաստանի թուլանալուն զուգընթաց. ինչքան թուլանա Հայաստանը, այնքան մեծ է պատերազմի հավանականությունը:
- Մենք պետք է դաշնակից կերտենք: Սա գոյաբանական պայքար է՝ կամ մենք, կամ իրենք:
- Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներով Արցախի թեման ակտիվ է պահում, չի թողնում, որ դուրս գա դաշտից: Իսկ գործող իշխանությունների խնդիրն է՝ արցախյան թեման փակել ու որբացնել:
- Ադրբեջանցիները հասկանում են, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ գանձ են գտել, եթե այդ գանձը չլիներ՝ չէին հաղթի:
- Ազգային օրակարգ է պետք ձևավորել:
- Անհրաժեշտ է ազգային օրակարգ ձևակերպել՝ բալանսավորել անհատական, կոլեկտիվ երկարաժամկետ անվտանգային, տնտեսական շահերը: