«Տնտեսական բլոկը ղեկավար չունի». Աշոտ Հարությունյան

«Տնտեսական բլոկը ղեկավար չունի. գյուղատնտեսությունն էլ հանրապետությունում կոնկրետ չկա արդեն: Կան ընդամենը մարդիկ, որոնք ունեն հողեր, այգետարածքներ, անասնագոմեր. զբաղվում են, տանջվում են, չարչարվում են»,- գյուղատնտեսության հերթական անկման և տնտեսական բլոկի կողմից առաջարկվող սուբսիդավորվող վարկերի մասին 168.am-ի դիտարկումներին ի պատասխան՝ այսպես արձագանքեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Կառավարության հերթական նիստից հետո անդրադառնալով պարարտանյութի, սերմացուի, դիզվառելիքի թանկացումներին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ ինտենսիվ բանակցում են մի շարք երկրների արտադրողների հետ՝ հասկանալու, թե ինչ ձևով ենք աջակցելու գյուղացիական տնտեսություններին այս բոլոր խնդիրները լուծելու հարցում։

3-15 միլիոն դրամանոց վարկերի սուբսիդավորման իմաստը հենց գյուղացիներին օգնելն է՝ հնարավորինս էժան իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները, սակայն հասկանում ենք, որ այս պահին միգուցե դա բավարար գործիք չէ՝ այսօր իջեցնելու գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գինը, բայց բերքի ժամանակ դա նաև ուղիղ ազդեցություն է ունենալու վաճառվող բերքի գնի վրա և, հետևաբար, գնաճի վրա»:

Օրեր անց էլ ՀՀ վիճակագրական կոմիտեն էր հրապարակել 2021թ․ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները,  որոնք արձանագրում էին՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն անցյալ տարվա համեմատությամբ նվազել է 1․1%-ով:

«Հանրապետությունում սերմացուի և պարարտանյութի պաշար գրեթե չկա, դրսում էլ գները բարձր են: Նախկինում, օրինակ, հիմնականում 6-7 հազարի կարգի էր մեկ պարկ պարարտանյութը, իսկ հիմա՝ ընդհանրապես չկա, որ գին ճշտվի»,- հավելեց գյուղատնտեսը:

Քանի որ վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև հայ-թուրքական հարաբերությունների՝ գյուղատնտեսության վրա հնարավոր ազդեցությունների մասին և նկատել, թե «ինչ-որ մի սեգմենտում այսօր գոյություն ունեցող արտադրանքը իր մրցունակությունը կկորցնի, բայց ինչ-որ սեգմենտներ են առաջանալու երկաթուղու և ճանապարհների բացման արդյունքում», Աշոտ Հարությունյանին խնդրեցինք անդրադառնալ նաև այս հեռանկարին:

Ի պատասխան՝ նա եղավ հակիրճ. «Հայ-թուրքական հարաբերությունների մասին առհասարակ լսել չեմ ուզում. դա վերջնականապես տնտեսության քայքայում է՝ բոլոր առումներով»:

Տեսանյութեր

Լրահոս